Լրահոս
Օրվա լրահոսը

Տաքսու վարորդների վրա փորձարկեցին

Նոյեմբեր 11,2008 00:00

Ըստ տրանսպորտի եւ կապի նախարարության աշխատակազմի ղեկավարի, նախարարությունը մի որոշում ընդունում է, տեսնում է՝ դա չի լինում, փոխում՝ 2-րդ որոշումն է ընդունում:

«Անհատ ձեռնարկատերերի կողմից մարդատար տաքսի 1 ավտոմոբիլով ուղեւորափոխադրումների կազմակերպման իրականացման լիցենզիա ստանալու համար սահմանվելու է 25 հազար դրամ պետական տուրք: Այն անձինք, ովքեր պետք է լիցենզավորվեն, անհրաժեշտ է, որ վերջիններս գրանցված լինեն պետական ռեգիստրում եւ ունենան հարկ վճարողի հաշվառման համար»,- «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի այս հատվածը ընդամենը 2 օր առաջ է փակցվել տրանսպորտի եւ կապի նախարարության շենքի մուտքին: Բանն այն է, որ երբ օրեր առաջ տրանսպորտային տեսչության եւ ճանապարհային ոստիկանության աշխատակիցները համատեղ կազմակերպած միջոցառման ընթացքում 20 հազար դրամով տուգանեցին եւ ակտավորեցին տաքսու տասնյակ վարորդների, վերջիններս «Տէցի կռուգում» եւ ապա նաեւ Հանրապետության հրապարակում բողոքի ցույց էին կազմակերպել եւ դժգոհում էին, որ թեեւ օրենքը դեռ քննարկվում է ԱԺ-ում, սակայն «օրենքի պահապաններն» արդեն տուգանում են իրենց: Այսօր եւս տաքսիների հարյուրավոր վարորդներ հավաքվել էին «Տէցի կռուգում» եւ պատրաստվում էին մեքենաների շքերթով գնալ Հանրապետության հրապարակ՝ ցույցի եւ ապա նամակ հանձնել հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանին: Սակայն վարորդներից մեկի՝ Գեւորգ Դոստուրյանի հավաստմամբ, իրենց զանգել է նախարարության լիցենզավորման բաժնի պետ Վահան Օհանջանյանը եւ հարցի քննարկման համար հրավիրել իր մոտ:

Նախարարության աշխատակազմի ղեկավար Վալտեր Մարությանի մոտ կազմակերպված քննարկմանը ներկա էր նաեւ ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանը, որի հավաստմամբ՝ օրենքի ընդունման ժամանակ շատ կարեւոր խնդիրներ պարզապես աչքաթող են արվել: Նրա խոսքերով. «Եթե նկատել ենք, որ օրենքը արդար չէ, իսկ դա իմ գնահատականը չէ, այլ այն ժամանակվա գործող վարչապետի, ապա անհրաժեշտաբար դրանից հետո պետք է լիներ մի օրենսդրական ակտ: Կամ անմիջապես, շատ արագ պետք է ընդունվեր օրենքի փոփոխություն կամ պետք է լիներ ենթաօրենսդրական ինչ-որ կարգադրություն, որոշում: Ամենածանր բանն այն է, որ ես այստեղ տեսնում եմ ոչ թե առանձին մարդկանց իրավունքների ոտնահարում կամ այսօրվա գործող նախագահի խոսքի արժեվորման խնդիր, այլ ես այստեղ տեսնում եմ իրավական պետության կայացման խնդիր»: «Առավոտի» այն հարցին՝ եթե օրենքն ընդունված չէր, ինչո՞ւ էին օրեր առաջ ոստիկաններն ու նախարարության աշխատակիցները ակտավորում չլիցենզավորված տաքսիներին, Վ. Մարությանը պատասխանեց. «Ձեզ հետ ես մասնակիորեն եմ համամիտ: Այն ժամանակ կար օրենք, որ անհատ ձեռնարկատերը պետք է վճարեր 200 հազար դրամ եւ անցներ հարկային դաշտ: Դա մեր ընթացիկ աշխատանքն է եղել տարվա ընթացքում: Բայց մեր կողմից կատարված ստուգումները մի անգամ եւս ապացուցեցին, որ կարելի է համբերել, սպասել, այսինքն՝ ստուգումների հենց առաջին օրվանից հետո դա մեզ պարզ դարձավ եւ մենք անմիջապես կարգադրեցինք սպասել 2-րդ օրենքի ընդունմանը, որով 200 հազար դրամի փոխարեն սահմանված է 25 հազար դրամ»:

Իսկ քննարկման ավարտին պարոն Մարությանն անկեղծորեն նշեց, որ նման ձախողված որոշումների հետ կարելի է առնչվել ցանկացած քայլափոխի. «Այստեղ միայն չինովնիկի հարց չէ, այլ աշխատանքի հարց է: Նախարարությունը առաջին քայլերն անում է, տեսնում է՝ դա չի լինում, փոխում է եւ 2-րդ որոշումն է անում: Գիտե՞ք տրանսպորտային տարբեր բնագավառների հետ կապված՝ մենք ինչքան այդպիսի որոշումներ ունենք»: Նշենք, որ օրենքի փորձարկման արդյունքում տուժել են նաեւ այն վարորդները, որոնք բարեխիղճ կերպով մուծել են 200 հազար դրամն ու անհատ ձեռնարկատեր են դարձել, քանի որ, Վ. Մարությանի տեղեկացմամբ, «Նրանք այդ գումարը մուծել են առաջին օրենքի ընդունման ժամանակ: Մտել են օրինական դաշտ եւ աշխատել են: Մենք չենք կարող հիմա հետադարձ ուժով հետ գնալ եւ նախկին մուծումների հետ կապված՝ քննարկում կատարել»: Վ. Մարությանը վարորդներին խոստացավ աջակցել նրանց ու անհրաժեշտության դեպքում խնդրի վերաբերյալ նոր քննարկումներ կազմակերպել: Իսկ առայժմ որոշվեց, որ տաքսիները կարող են ուղեւոր փոխադրել առանց դեղին համարանիշների, մինչ նոր օրենքի ուժի մեջ մտնելը:

Վ. Մարությանն «Առավոտի» հետ զրույցում ասաց նաեւ, որ օրենքի փոփոխություններն արդեն ընդունվել են Ազգային ժողովում, իսկ երբ նախագահն այն հաստատի՝ տաքսու վարորդների խնդիրը լուծելու ուղղությամբ իրենք արդեն կոնկրետ քայլեր կձեռնարկեն: Սակայն պարզվեց, որ ոչ միայն ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանը չգիտեր, որ այդ օրենքը օրերս քննարկվել է ԱԺ-ում, այլ նաեւ այդ մասին ոչ մի տող չկար ԱԺ-ի պաշտոնական կայք-էջում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել