Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Նոյեմբեր 11,2008 00:00

«Մատաղիսի գործը» շարունակվում է

Երեկ Հյուսիսային քրեական դատարանը շարունակեց «Մատաղիսի գործի» քննությունը։ Դատարանը լսեց սպանված զինծառայող Ռոման Եղիազարյանի հորեղբորը՝ Արթուր Եղիազարյանին, ով հայտարարեց, որ հրամանատար Իվան Գրիգորյանն իր եղբոր որդու սպանության մեջ որեւէ մեղք չունի, եւ որ մարդասպանները զինծառայողներ Արայիկ Զալյանը, Ռազմիկ Սարգսյանն ու Մուսա Սերոբյանն են: Վերջինիս ցուցմունքն այնպես զայրացրեց դահլիճում նստածներին, այդ թվում նաեւ մյուս սպանված զինծառայողի՝ Հովսեփ Մկրտումյանի հորը, որ վերջիններս սկսեցին անեծքներ տեղալ իրենց խոսքերով՝ «ծախված վկայի» հասցեին: «Ես ինը ամիս շարունակ դատարաններում եմ եղել, 30 վկաների եմ լսել ու տեսել եմ այն կասետը, թե ինչպես են խոստովանում, որ մեր երեխային սպանել ու ջուրն են գցել, ես վստահ եմ, որ այս երեքն են սպանել, նրանց տասնհինգ տարի տվեցին, իսկ վերաքննիչը շատ արդար վճիռ կայացրեց՝ ցմահ դարձրեց, հարգելի դատարան, մենք էլ սրանով ենք սփոփվում»,- ասաց Արթուր Եղիազարյանը, որին ի պատասխան՝ դատարանի դահլիճից հնչեց «Գլուխդ քարն ես տվել»: Դատը սկսվելուն պես դուրս հրավիրվեց «Զինվորի պաշտպանության կոմիտե» կազմակերպության նախագահ Գոհար Արմենակյանը, ով դատավոր Հարություն Մովսիսյանին դիտողություն արեց, թե ինչո՞ւ է դատարանը այդքան մեծ արտոնություն տվել տուժողի իրավահաջորդին: «Դատարանը կարգի հրավիրելու փոխարեն, թույլ է տալիս դիտողություն անել զինվորների ծնողներին, որոնց մեջ խոսում են արդար, անաչառ դատավարության սկզբունքները։ Ես էս մարդու անունը տալ չեմ ուզում, էդ մարդը գետնի վրա ման գալու իրավունք չունի անգամ, ծախու արարած է, ո՞նց կարելի է էդ երեխայի արյան վրա ստեր խոսել»,- ասաց Գոհար Արմենակյանը։ Վկայի «սուտը» երբեմն բռնացնում էր նաեւ մյուս տուժողի իրավահաջորդը՝ Մովսես Մկրտումյանը, ով կոպտում էր Արթուր Եղիազարյանին: Իսկ թե ինչո՞վ էր վկան վստահ, որ հրամանատար Իվան Գրիգորյանը որեւէ կապ չունի իր եղբոր որդու սպանության հետ, վերջինս ասաց. «Ես Իվանին նախազգուշացրել էի, որ եթե ինքը կապ ունենա, ապա ես անձամբ իր էրեխին կսպանեմ ու ջուրը կնետեմ, բայց Իվանը դատախազությունում երդվեց, որ ինքը կապ չունի»:

Դատավորը հետաքրքրվեց, թե ինչպիսի՞ն է եղել իր եղբոր տղան եւ մի՞թե հնարավոր էր ուտելիքի համար կռվի մտնել զինծառայողների հետ: Հիշեցնենք, որ ըստ քրգործի, այս սպանությունը եղել է այն պատճառով, որ Ռազմիկ Սարգսյանը տնից ծանրոց է ստացել, ու ուտելիքը Ռոման Եղիազարյանին ու Հովսեփ Մկրտումյանին չեն հյուրասիրել: Տուժողի իրավահաջորդը թեեւ գտավ, որ սպանությունն այդ հողի վրա հնարավոր է, սակայն իր եղբոր որդուն բնութագրելիս նշեց, որ նա շատ ամաչկոտ էր, դաստիարակված ու դժվար թե որեւիցե մեկից ուտելիք խնդրեր: Արթուր Եղիազարյանը պնդում էր, որ իր եղբոր որդին զորամասում որեւէ պրոբլեմ չի ունեցել, որին ի պատասխան՝ հիշեցրեցին Մատաղիսի ուսուցիչներից մեկի՝ Կարինեի գրած ցուցմունքն այն մասին, որ Ռոման Եղիազարյանը լուրջ պրոբլեմների մեջ է եղել:

Աշխատանքային ժամը ավարտվելու պատճառով դատաքննությունը հետաձգվեց մինչեւ նոյեմբերի 14-ը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել