Լրահոս
Օրվա լրահոսը

Դաստիարակներն ու երեխաները թթու են դնում

Նոյեմբեր 11,2008 00:00

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մանկավարժներին այսպիսի հնարքներ են սովորեցնոմ:

Երեխան ու դաստիարակը միասին թթու են դնում, լավաշ թխում, հեքիաթներ հորինում. սրանք հեղինակային մանկավարժության հնարքներ են, որոնց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում երկշաբաթյա վերապատրաստումների ընթացքում ծանոթացան Երեւանի եւ մարզերի 80 դաստիարակներ: Օրերս նրանք վկայագրեր ստացան եւ ներկայացրին իրենց կատարած աշխատանքները: Օրինակ՝ Աշտարակի «Ա. Մուրադյան» մանկապարտեզի դասվար Հասմիկ Խեչանյանը պատմեց. «Մենք ընտրել էինք օրվա գույներ. եթե օրը ուրախ էր՝ մեր գույնը կարմիրն էր, եթե տխուր՝ ընտրում էինք մռայլ գույներ: Հատկապես հաճելի էր «Մի գիծ՝ ես, մի գիծ՝ դու» հնարքը, որի ժամանակ հաճելի երաժշտության տակ երեխաների հետ ստեղծագործում էինք»:

Քանաքեռ-Զեյթուն համայնքը ներկայացնող դաստիարակ Վարսիկ Պողոսյանին հատկապես դուր էր եկել մանկավարժական ուղղություններից մեկին բնորոշ այն մոտեցումը, երբ ամեն ինչ անցնում է մտքի սահմանից այն կողմ. «Օրինակ՝ մեզ պատկերացնում էինք շերեփի, ավելի կամ ցանկացած այլ իրի դերում ու սկսում հեքիաթներ հորինել, որոնց հերոսները առարկաներ էին»:

Կրթահամալիրում տեղի ունեցավ նաեւ «Ծուղրուղու»՝ զարգացնող նյութերի ժողովածուի շնորհանդեսը, որտեղ տեղ են գտել նշված բոլոր հնարքները: «Առավոտը» նախակրթարանների հանրապետական ծրագրի ղեկավար Աիդա Պետրոսյանից հետաքրքրվեց, թե ավանդական մոտեցումներին սովորած դասվարների վերապատրաստման ժամանակ հատկապես ի՞նչ հմտությունների զարգացման վրա են շեշտը դրել: «Աշխատել ենք նրա վրա, որ դաստիարակը կարողանա դուրս գալ կենտրոնից՝ այնտեղ մղելով երեխային: Մեզ համար նաեւ կարեւոր է ոչ թե երեխայի ուսուցումը, այլ զարգացումը գործունեության միջոցով: Առաջին հայացքից դրանց մեջ տարբերություն չկա, բայց սկզբունքային առումով դրանք հեռու են իրարից: Հետո՝ միայն խաղը չէ, որի միջոցով երեխան սովորում է, նա գիտելիք է ձեռք բերում լիարժեք գործունեության միջոցով»,- նշեց Ա. Պետրոսյանը: «Առավոտը» ծանոթացավ նաեւ «ներկա-բացակա» անելու նոր մեթոդին: Ըստ դրա, երեխան ինքն է համապատասխան թերթիկի վրա «փակցնում» իր «ներկան»՝ ինչ-որ առարկայի միջոցով, կախված նրանից, թե ինչ է այդ օրը սովորեցնում դաստիարակը: Օրինակ՝ եթե դասի թեման երկրաչափական առարկաների հետ ծանոթացումն է, ապա «ներկա»-ն կարող է լինել մի եռանկյունի կամ քառակուսի:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանին հարցրինք՝ որո՞նք են իրենց հեղինակային այլընտրանքային մանկավարժության առանձնահատկությունները: «Պիտի երեխայի համար ստեղծվի համապատասխան զարգացնող միջավայր, որ նրան դաստիարակը ոչ թե ասի՝ նստիր, ես քեզ սովորեցնում եմ, այլ երեխան սովորի՝ ինչ-որ գործողություն անելով: Օրինակ՝ դաստիարակի հետ թթու դնի, լավաշ թխի, ցորեն ցանի եւ այլն: Կարեւոր է նաեւ, որ այդ միջավայրը լինի հիգիենիկ: Հիգիենան էլ է կրթական ծրագիր: Այսինքն՝ երեխան իր թափածն է հավաքում, իրեն եւ շրջակա միջավայրն է խնամում: Ի վերջո, երեխայի գործունեությունը պիտի լինի անվտանգ: Միայն այս բաղադրիչների գոյության պարագայում կունենանք ինքնուրույնության բարձր մակարդակ ունեցող երեխա, իսկ դա ազատության առաջին աստիճանն է»,- պատասխանեց պարոն Բլեյանը: Մեր մյուս հարցին՝ արդյո՞ք նախակրթարաններին հատկացվող այսօրվա ֆինանսավորումը՝ զարգացնող այդ միջավայրի ստեղծման համար բավարար է, Ա. Բլեյանը այսպես պատասխանեց. «Երբ գլխարկը սկսում է 2-րդ կյանքով ապրել, աթոռը դառնում է ինքնաթիռ կամ գնացք, գումարները բավականացնում են… Կամ թափոններն օգտագործելը ավելի էժան է, քան այն թանկ խաղալիքները, որոնք դեկորատիվ են եւ զարգացնող քիչ բան ունեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել