Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՐ ԳԵՐԱԿԱ ՆՊԱՏԱԿՆ Է ԱՊԱՀՈՎԵԼ ԳԱԶ ՍՊԱՌՈՂ ԲՆԱԿՉԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

Նոյեմբեր 11,2008 00:00

\"\"2007թ. հուլիսից կազմավորվել եւ Հայաստանում իր գործունեությունն է ծավալում «Էյ-Ի-Ջի Սերվիս» ընկերությունը, որն իրականացնում է գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկում: Ընկերությունն իր ծառայությունն ունի նաեւ Երեւանում, որի պետն է Արման Աշոտի Նալբանդյանը:

– Պարոն Նալբանդյան, ո՞րն է «Էյ-Ի- Ջի Սերվիսի» առաքելությունը:

– Ընկերության գերակա նպատակն է ապահովել գազ սպառող բնակիչների անվտանգությունը: Չնայած այդ ճանապարհին առաջացած բազմաթիվ խնդիրներին, «Էյ-Ի-Ջի Սերվիս» ընկերությունն իր գործունեության 16 ամիսների ընթացքում ստեղծված բարդություններն ու խնդիրները հասցրել է նվազագույնի: Ընկերությունը իր գործունեությունն իրականացնում է բարձր որակավորում ունեցող մասնագետներով, ժամանակ առ ժամանակ կազմակերպում է մասնագիտական վերապատրաստման դասընթացներ, որտեղ ծանոթանում են նաեւ ժամանակակից գազասարքերի հետ: Անվտանգության հիմնական պայմաններից է ծխատար եւ օդատար համակարգերի սարքին վիճակում պահելը (քարշի ապահովումը), որի համար ընկերությունը ձեռք է բերել ծխաօդատար ուղիների դիագնոստիկայի համար նախատեսված սարքեր եւ մաքրման համար նախատեսված նորագույն տեխնիկա:

Տարիների ընթացքում կատարված փորձը, ինչպես նաեւ դժբախտ պատահարների քանակական աճը, որը պայմանավորված էր ներտնային գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկման ոչ բավարար մակարդակով, թելադրեց ստեղծել մի առանձին կառույց, որի գլխավոր նպատակը գազ սպառող բնակչի անվտանգության ապահովումն է:

– Ի՞նչ կադրերով է համալրված Երեւանի ծառայությունը…

– Երեւանի ծառայությունն իր պարտականությունները կատարում է 235 հոգուց բաղկացած անձնակազմով: Ընկերությունը Երեւանում ունի 4 տեղամաս՝ Կենտրոն-Էրեբունի, Արաբկիր- Աջափնյակ, Զեյթուն-Նոր Նորք եւ Մալաթիա-Շենգավիթ, որոնք իրենց աշխատանքները կատարում են վարպետների, ծխնելույզագործների եւ հիմնականում փականագործների միջոցով: Վերջիններս անցել են մասնագիտական որակավորման դասընթացներ եւ ստացել վկայականներ:

Նոր գազիֆիկացման ժամանակ, գազաթողարկումից առաջ «Էյ-Ի-Ջի Սերվիս» ընկերության կողմից տրամադրվում է պատրաստիության ակտ (գազահամակարգը պատրաստ է թողարկման):

Փականագործը տարին 2 անգամ (մեկը ջեռուցման սեզոնի ընթացքում) այցելում է բնակչին, կատարում ներտնային գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկում, սկսած գազահաշվիչի ելքային մասից, ներառյալ գազասարքերը: Փականագործը նախ կատարում է գազահամակարգի արտաքին զննում (ստուգում է շին-հավաքակցման աշխատանքների համապատասխանությունը նախագծին), ստուգում գազօգտագործող սարքավորումների միացման ճշտությունը, կարգաբերում գազասարքերը, զննում եւ անհրաժեշտության դեպքում մաքրում ծխաօդատար ուղիները, ներտնային գազահամակարգի անվտանգ օգտագործման վերաբերյալ հրահանգավորում ընտանիքի չափահաս անդամներին: Սպասարկման դիմաց բաժանորդը մատակարարին վճարում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից որոշված սակագներով. տարեկան մեկ գազօգտագործող սարքավորման դեպքում 2400 դրամ, երկու գազօգտագործող սարքավորման դեպքում՝ 5700 դրամ, երեք եւ ավելի գազօգտագործող սարքավորման դեպքում՝ 6900 դրամ, ներառյալ ավելացված արժեքի հարկը:

– Պարոն Նալբանդյան, ասացիք, որ պլանային սպասարկումը կատարվում է տարին 2 անգամ: Իսկ ի՞նչ պետք է անի բնակիչը, երբ իր բնակարանում գազի արտահոսք է հայտնաբերվել կամ անսարքություններ են նկատվել:

– Բացի պլանային սպասարկումից, գործում է նաեւ ըստ բնակչի կանչի սպասարկում, որը կատարվում է անվճար, բաժանորդի կողմից ձեռք է բերվում միայն գազասարքի խափանված դետալը՝ պահեստամասը: Կանչերի համար Երեւանում գործում են հետեւյալ հեռախոսահամարները՝ 55-85-46, 23-93-27 եւ 29-75-31, իսկ բնակչի կողմից բնակարանում գազի արտահոսք հայտնաբերելու դեպքում խորհուրդ է տրվում անմիջապես փակել իջուցիկ խողովակների փականները, օդափոխել սենյակը, չմիացնել եւ չանջատել էլեկտրական սարքավորումները եւ հարեւան սենյակից՝ որտեղ չկա գազի հոտ, զանգել գազի վթարային ծառայություն՝ 1-04 հեռախոսահամարով, որը գործում է շուրջօրյա:

– Լինո՞ւմ են դեպքեր, երբ բնակիչը հրաժարվում է սպասարկումից:

– Այո, լինում է: Բնակիչը հրաժարվում է սպասարկումից՝ խոչընդոտելով փականագործի մուտքն իր բնակարան: Այս դեպքում տվյալ բնակարանը ռիսկային գոտի է համարվում, որովհետեւ գազասպառողի մեղքով վտանգի տակ է դրվում նաեւ հարեւանների անվտանգությունը՝ հատկապես բազմաբնակարան շենքերում: Նման դեպքերում Երեւանի ԳԳՄ-ի կողմից դադարեցվում է տվյալ բնակարանի գազամատակարարումը:

– Անցնենք ծառայության սպասարկման գներին: Արդյո՞ք բնակչությունն ի վիճակի է վճարելու սպասարկման համար սահմանված գները:

– Գները սահմանվել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից, կարծում եմ՝ մատչելի են, քանի որ բնակիչը վճարում է իր իսկ անվտանգության համար, մանավանդ որ, սպասարկման ծառայություններն էլ բավականին ծավալուն են:

– Իսկ բնակչության քանի՞ տոկոսն է պարտաճանաչ վճարող:

– Այդ հարցում մենք ինֆորմացված չենք: Մեր խնդիրը սպասարկման կազմակերպումն է:

– Շատ բնակարաններում գազասարքավորումները հին են, շարքից դուրս եկած: Ինչպե՞ս վարվել այս դեպքում:

– Այո, այդպես է: Ամենից առաջ բնակիչն ինքը պիտի մտահոգ լինի իր անվտանգությամբ: Շատ բաժանորդներ լուրջ չեն վերաբերվում իրենց գազասարքավորումներին: Նրանք երբեմն մեծ գումարներ են ծախսում կենցաղային զանազան իրեր ձեռք բերելու համար, սակայն երբ հարցը վերաբերում է գազօջախին, չգիտես ինչու, զլանում են ծախսեր անել: Դա անընդունելի է: Չէ՞ որ կապույտ հրաշքը նաեւ պոտենցիալ վտանգ է ներկայացնում, ուստի պետք է գոնե նվազագույնն անել անվտանգություն ապահովելու համար: Մենք մեր ծառայությունը բարեխղճորեն կատարում ենք, բայց պատասխանատվության հիմնական բաժինը, երկկողմ լինելուց զատ, բաժանորդինն է:

Քիչ չեն այն դեպքերը, երբ բնակիչը ինքնակամ գազասարքավորումներ կամ այլ ինքնաշեն սարքեր է տեղադրում կամ նախագծից դուրս շեղումներ է թույլ տալիս՝ օգտագործելով այնպիսի նյութեր, որոնք անթույլատրելի են ներտնային գազահամակարգում՝ խախտելով անվտանգության կանոնները: Նման դեպքերի հայտնաբերման պահին մեր աշխատակիցը խցափակում եւ կնքում է կետը, դադարեցնում տվյալ գազասարքի գազամատակարարումը եւ խախտումը հիմնավորում է թերությունների ակտով: Բաժանորդը դիմում է Երեւանի ԳԳՄ-ի համապատասխան ծառայությանը, եւ խախտումների վերացման դեպքում վերականգնվում է գազամատակարարումը:

– Իսկ ինչպե՞ս վերաբերվել այն գազասպառողներին, ովքեր բացակայում են բնակավայրից:

– Սա լուրջ խնդիր է: Բաժանորդը պարտավոր է երկարատեւ բացակայելու դեպքում դիմի գազի տարածքային ծառայությանը՝ ժամանակավորապես դադարեցնելու բնակարանի գազամատա-կարարումը: Եթե բնակարանի համար որեւէ պատասխանատու չի գտնվում, դիմում ենք Երեւանի ԳԳՄ-ին գազամատակարարումը դադարեցնելու համար: Այլ ելք չկա, հակառակ դեպքում հարվածի տակ ենք դնում ամբողջ շենքի բնակիչների անվտանգությունը:

– Պարոն Նալբանդյան, ուրիշ ի՞նչ եք կարեւորում:

– Ամենակարեւորը, ինչը նաեւ մեր պարտականությունն է, ապահովել գազ սպառող բնակչի անվտանգությունը: Քանի որ ջեռուցման սեզոն է, դժբախտ դեպքերից խուսափելու համար կուզեի մի քանի խորհուրդ տալ բնակիչներին.

* Մի օգտագործեք գազասարքերը այլ նպատակներով:

* Մի թողեք երկար ժամանակ աշխատող գազասարքերն առանց հսկողության եւ ժամանակ առ ժամանակ օդափոխեք սենյակը:

* ԱՐԳԵԼՎՈՒՄ Է, որպես ծխահեռացման ուղի օգտագործել փայլաթիթեղյա խողովակները, որի օգտագործումը հանգեցնում է թունավորման դեպքերի:

Հարգելի բաժանորդ, առջեւում ձմեռ է, լինենք զգոն եւ միասին ապահովենք մեր անվտանգությունը……

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել