Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՐԱԲԵՐ

Նոյեմբեր 11,2008 00:00

Կջեռուցվի նոյեմբերի 15-ից

Երեւանի 46 դպրոցներ չունեն լոկալ ջեռուցման համակարգ։ Այս դպրոցներին քաղաքապետարանը տրամադրել է 104 հատ էլեկտրական տաքացուցիչ։ Քաղաքապետարանը 10 միլիոն դրամ էլ հատկացրել է, որպեսզի թարմացվեն նույն հաստատությունների ներդպրոցական մալուխային համակարգերը։ Երեկ այս մասին քաղաքապետարանի բրիֆինգում հայտնել է փոխքաղաքապետ Կամո Արեյանը։ Նա նշել է, որ այս դպրոցների համար ջեռուցման համակարգեր կկառուցվեն առաջիկա 2 տարիների ընթացքում։ Իսկ մնացած 156 դպրոցները, ըստ Կ. Արեյանի, այս տարի սկսելու են ջեռուցվել նոյեմբերի 15-ից։ Խոսելով նախադպրոցական հաստատությունների ջեռուցման մասին՝ պարոն Արեյանն ասաց, որ լոկալ ջեռուցման համակարգ չունի նաեւ 136 մանկապարտեզ, որոնց էլ հատկացվել է 514 հատ էլեկտրական տաքացուցիչ։

Սեփ. լր.

Աթաթուրքը՝ հարբեցող եւ կնամոլ

Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կյանքը պատկերող փաստագրական ֆիլմը, որը Թուրքիայում սկսել են ցուցադրել հոկտեմբերի վերջին, հակասական գնահատականների է արժանացել, որովհետեւ այստեղ ժամանակակից թուրքական պետության հիմնադիրը ներկայացված է որպես կանանց եւ ալկոհոլի նկատմամբ մեծ հակում ունեցող անձնավորություն: Ըստ azatutyun.am-ի, «Թուրքերի հայրը» վերնագրված ֆիլմը թողարկվել է թուրքական հանրապետության հիմնադրման 85-երորդ տարեդարձի առթիվ: Ֆիլմը ցույց է տալիս կործանվող Օսմանյան կայսրության ավերակներից աշխարհիկ հանրապետություն կառուցող Քեմալ Աթաթուրքին՝ որպես ռազմական հանճարի, անսպառ եռանդով բարեփոխումներ կատարող բռնակալի, որն ամեն ինչ արեց մուսուլմանական հետամնաց տերությունը աշխարհիկ եւ ժամանակակից երկիր դարձնելու համար:

Միեւնույն ժամանակ, ֆիլմը պատկերել է Թուրքիայում ամեն կերպ հերոսացվող Աթաթուրքին որպես իրական մարդու, ով ծխում էր օրական երեք տուփ ծխախոտ եւ այնքան էր խմում, որ 58 տարեկանում մահացավ լյարդի հիվանդությունից:

Ծեծկռտուք՝ հայ եւ հույն հոգեւորականների միջեւ

Երուսաղեմում Քրիստոսի գերեզմանի տաճարում հերթական անգամ ծեծկռտուք է եղել հայ եւ հույն հոգեւորականների միջեւ: Կողմերին բաժանել են դեպքի վայր ժամանած ոստիկանները, ովքեր ամեն կողմից մեկական հոգեւորական են ձերբակալել:

Ինչպես հաղորդել է «Նոյյան տապանը»՝ հղում անելով BBC-ին, հայ եւ հույն հոգեւորականների միջեւ ծեծկռտուքն սկսվել է հայ հոգեւորականների կողմից Խաչի գյուտի տոնին առնչվող ամենամյա արարողության նախապատրաստության պատճառով: Ականատեսները ցնցված են եղել վանականների վարքագծից, որոնք միմյանց վրա են նետել ձեռքն ընկած եկեղեցական զարդերն ու այլ առարկաներ: Կողմերը կատարվածի համար մեղադրում են մեկը մյուսին: Հայերը պնդում են, թե հույն հոգեւորականներն իրավունք չունեն հայկական արարողության ժամանակ գերեզմանի մոտ կանգնեցնել իրենց վանականին, իսկ հույները պնդում են, թե հայ հոգեւորականները խախտում են սրբավայրի ներսում գտնվելու իրենց իրավունքը: Մայր աթոռ Սուրբ Էջմիածինն առայժմ չի մեկնաբանում կատարվածը: Քրիստոսի գերեզմանի տաճարը կառուցված է այն վայրում, որտեղ Քրիստոսը խաչվել ու թաղվել է, ապա հարություն առել: Քրիստոսի գերեզմանի տաճարը բաժանված է 6 քրիստոնեական եկեղեցիների միջեւ. հայ առաքելական, հույն ուղղափառ, կաթոլիկ, կոպտական, սիրիական եւ եթովպական, որոնցից յուրաքանչյուրն ունի իր տարածքը եւ աղոթքի իր ժամերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել