Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ

Նոյեմբեր 11,2008 00:00

Մարկեսն անձնատուր եղավ Արթուր Աբրահամին

Այդպես նա խուսափեց իր, ընտանիքի եւ կարիերայի ապագան վտանգելուց:

\"\"Նոյեմբերի 8-ին IBF-ի վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը ութերորդ անգամ պաշտպանեց չեմպիոնական գոտին՝ ժամանակից շուտ հաղթանակ տանելով պարտադիր հավակնորդ, աշխարհի նախկին չեմպիոն, ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող ծագումով մեքսիկացի Ռաուլ Մարկեսի նկատմամբ: Մարտը, որ կայացավ Գերմանիայի Բամբերգ քաղաքի «Յակո Արենա» մարզասրահում, ընդհատվեց 6-րդ ռաունդից հետո, երբ Մարկեսը հրաժարվեց հետագա պայքարը շարունակելուց:

Մեքսիկացու թիմի այդ վճիռը որոշ լրատվամիջոցներում պատճառաբանվում է, իբր, մարզիկի ստացած հոնքի վնասվածքով, որից հոսող արյունը չէր դադարում եւ խանգարում էր նրա տեսողությանը: Այդպիսի բան իսկապես կար, բայց հրաժարվելու իրական պատճառը մարտից հետո ասել է ինքը՝ Ռաուլ Մարկեսը: «Ես աշխատում էի, բայց Արթուրը շատ արագաշարժ էր եւ նրա հարվածները դիպուկ էին: Հոնքի վնասվածքից հետո ես պարզապես ի վիճակի չէի մարտը շարունակել: Տեսնում էի, որ պարտվում եմ: Նա ուժեղ չեմպիոն է, որի դեմ ես ոչինչ անել չէի կարողանում: Մարտը շարունակելուց հրաժարվեցի ինքնապաշտպանական նկատառումներով: Ես ընտանիք, երեխաներ ունեմ, աշխատում եմ որպես հեռուստամեկնաբան: Ես ապագա ունեմ»,- հայտարարել է Ռաուլ Մարկեսը:

Աբրահամն իր հերթին նշել է, որ Մարկեսը հիասթափեցրեց հանդիսատեսին: «Նա ուժեղ ու լավ բռնցքամարտիկ է: Բայց ես էլ վատը չեմ: Նրա որոշումը ես չհասկացա: Շատ շուտ հանձնվեց: Ես ցանկանում էի ճնշումը մեծացնել վեցերորդ ռաունդից հետո: Բայց ափսոս, որ նա այդ հնարավորությունն ինձ չընձեռեց»:

Ովքե՞ր են անպարտելի Արթուր Աբրահամի (նա պրոֆեսիոնալ ռինգում արդեն անցկացրել է 28 մենամարտ ու բոլորն էլ գրանցել իր օգտին, ընդ որում՝ 3-ը՝ ժամանակից շուտ) ապագա հավանական մրցակիցները: Նշվում են ամերիկացիներ Ռոնալդ Ռայտի, WBC/WBO-ի վարկածներով աշխարհի չեմպիոն Կելլի Պավլիկի, ինչպես նաեւ Գերմանիան ներկայացնող WBA-ի չեմպիոն Ֆելիքս Շտուրմի անունները: Մարտից հետո տված հարցազրույցում Արթուրը հայտարարել է, թե պատրաստ է հանդիպել Շտուրմի հետ:

Ռաֆայել Վահանյանը 13-րդն է

Ղազախստանի մայրաքաղաքում ավարտվեց արագ (բլից) շախմատի աշխարհի չորրորդ առաջնությունը, որտեղ հաղթեց կուբացի Լենյեր Պերես Դոմինգեսը՝ 11,5 միավոր: Երկրորդ տեղը գրավեց ուկրաինացի Վասիլի Իվանչուկը՝ 11,0, իսկ երրորդը՝ ռուսաստանցի Պյոտր Սվիդլերը՝ 10,5: Մեր հանրապետության միակ ներկայացուցիչը՝ գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը 15 հնարավորից վաստակեց 5,5 միավոր եւ մրցաշարը եզրափակեց 13-րդ հորիզոնականում:

Լիվերպուլում գործերն այնքան էլ լավ չեն

Անգլիայի այս քաղաքում շարունակվում է սիրողական բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը, որին մասնակցող Հայաստանի ազգային հավաքականի անդամներն առայժմ այնքան էլ հաջող հանդես չեն գալիս:

Մեր ինը ներկայացուցիչներից հինգն արդեն համալրել է հանդիսականների շարքերը: 51 կգ քաշային Դերենիկ Գիժլարյանն իր առաջին մենամարտը՝ միավորների 3:13 տարբերությամբ, տանուլ է տվել Գեորգի Չիգաեւին (Ուկրաինա), Արթուր Գեւորգյանը (54 կգ)՝ մոլդովացի Վյաչեսլավ Գոյանին՝ 4:14, Արա Պուլուզյանը (60 կգ), որ վիճակահանությամբ առաջին փուլում ազատ էր, երկրորդում, համառ պայքարում, 6:7 հաշվով զիջել է վրացի Կոբա Պխակաձեին, 69 կգ քաշայինների պայքարում Սամվել Մաթեւոսյանը տանուլ է տվել Սերբիայի ներկայացուցիչ Զորան Միտրովիչին՝ 4:12:

57 կգ քաշային Ազատ Հովհաննիսյանը լեհ Միհալ Չուդեցկու նկատմամբ 14:10 հաշվով առավելության հասնելուց հետո՝ այնուհետեւ 0:6 չոր հաշվով պարտվել է թուրք Գուրգեն Քերիմին:

Հայաստանի բռնցքամարտիկներից պայքարում մնացել են չորսը: 64 կգ քաշային կարգում Էդուարդ Համբարձումյանը տարել է մեկ հաղթանակ՝ ուկրաինացի Դենիս Լազարեւի նկատմամբ եւ այժմ ուժերը պետք է չափի Էգիդիուս Կավալյաուսկասի (Լիտվա) հետ, իսկ 91 կգ քաշային Ցոլակ Անանիկյանը պարտության է մատնել հույն Իլիաս Պավլիդիսին՝ 7:4 եւ հաջորդ փուլում ուժերն է չափելու մեկ այլ լիտվացու՝ Վիտալիուս Սուբացիուսի հետ: Առաջնության պաշտոնական կայքի տվյալներով, երեկ առավոտվա դրությամբ դեռ ռինգ չէին մտել Հովհաննես Դանիելյանը՝ 48 կգ քաշային կարգ եւ Անդրանիկ Հակոբյանը՝ 75 կգ:

Արոնյանը կմասնակցի Վեյկ-ան-Զեեի գերմրցաշարին

\"\"Հայաստանի լավագույն շախմատիստ, գրոսմայստեր Լեւոն Արոնյանը կմասնակցի եկող տարվա հունվարի 16-ից մինչեւ փետրվարի 1-ը Հոլանդիայի Վեյկ-ան-Զեե քաղաքում կայանալիք «Corus Chess» անվանումը կրող ավանդական գերմրցաշարին: Ուժեղագույն գրոսմայստերների «A» խմբում նրա մրցակիցները լինելու են Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Ալեքսանդր Մորոզեւիչը (Ռուսաստան), Վասիլի Իվանչուկը եւ Սերգեյ Կարյակինը (երկուսն էլ՝ Ուկրաինա), Թեյմուր Ռաջաբովը (Ադրբեջան), Վան Յուեն (Չինաստան), Մայքլ Ադամսը (Անգլիա), Գատա Կամսկին (ԱՄՆ), Լանյեր Դոմինգեսը (Կուբա), Լյուկ վան Վելլին (Հոլանդիա): Այս անգամ կազմակերպիչների հրավերը մերժել են Վեսելին Տոպալովը, Վլադիմիր Կրամնիկը, Վիշվանաթան Անանդը: Մրցաշարի միջին վարկանիշը 2719 միավոր է եւ դասվում է ՖԻԴԵ-ի դասակարգման 19-րդ կարգին: Հիշեցնենք, որ «Corus Chess»-ի վերջին մրցաշարում հաղթել են Լեւոն Արոնյանը եւ Մագնուս Կարլսենը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել