Լրահոս
Օրվա լրահոսը

Թոշակ բաժանողները՝ դրամաշորթ

Նոյեմբեր 19,2008 00:00

Նման կարծիքի են կենսաթոշակառուները՝ սոցիալական ապահովության տեսուչների մասին

Պարզվում է, կենսաթոշակառուների թոշակը բաժանելը եւ տուն հասցնելը բավականին «փողոտ գործ» է: Թոշակները տրամադրելիս՝ տեսուչներն իրենց ծառայության համար 200-500 դրամ են պահում: Եթե նկատի ունենանք, թե ամեն տեսուչ ամսվա մեջ քանի տուն է այցելում եւ քանի թոշակառուի է սպասարկում, ապա պարզ կդառնա, թե տեսուչներն ինչ գումարներ են աշխատում: Օրերս «Առավոտին» դիմած Արշակունյաց 16 եւ 16ա շենքերի մի խումբ թոշակառուներ դժգոհեցին, որ իրենց թոշակ բաժանողները անխտիր բոլորից պահումներ են կատարում, նույնիսկ հաշվի չեն առնում, որ կան մարդիկ, որոնք ընդամենը 8000 դրամ են ստանում. «Երբ բողոքում ենք, որ ամոթ է, խեղճ ու կրակ թոշակառուներից ինչպե՞ս կարելի է պահումներ անել, տեսուչները պատասխանում են. մենք մեղք չունենք՝ վերեւներին ենք նալոգ տալիս: Իսկ երբ բողոքում ենք վերեւներին՝ հարցին ոչ մի լուծում չեն տալիս: Լավագույն դեպքում այդ տեսուչին հեռացնում են աշխատանքից ու մեկ այլ տեսուչով փոխարինում, որն էլ աշխատում է նախկինի ոճով»: «Առավոտի» խմբագրություն այցելած 74- ամյա Ռոմեո Բունիաթյանի ներկայացմամբ. «Թոշակառուների համար անգամ այդ 500 դրամը մեծ գումար է, մի քանի օրվա հացի փող է: Տեսուչները գումարը տալու ժամանակ էն գլխից արդեն 500 դրամով պակաս են տալիս»: Ռ. Բունիաթյանի ասելով՝ իրենք դիմել են աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, որի արդյունքում աշխատանքից հեռացվել է իրենց շենքի բնակիչներին սպասարկող Հարություն Էմոյանը. «Աշխատանքից հեռացնելը հարցի լուծում չէ: Այդ տեսուչը դրամաշորթությամբ է զբաղվել ու դրա համար ոչ մի պատիժ չի կրել: Եթե պատժվեր, նրան փոխարինողները՝ Լեւոն Բդոյանն ու Բենիկ Խաչատրյանը չէին շարունակի գումար պահել: Սրանք էլ նախկինի նման գումար շորթելը պատճառաբանում են՝ վերեւներին նալոգ տալով»:

80-ամյա կենսաթոշակառու Ամալյա Ավանեսովայի խոսքերով էլ. «Ես իմ թոշակը վաստակել եմ գիշերները հերթապահություն անելով: Մի անգամ այն աստիճան էի զայրացել, որ ձեռնափայտս քիչ էր մնում տեսուչի գլխին կոտրեի: Բայց այդ դեպքից հետո էլ նորից շարունակում էին թոշակիցս գումար պահել»:

Թոշակառուների ներկայացմամբ, իրենց բողոքների համար տեսուչները կարծես թե քեն են պահում: Երբ իրենք տանը չեն լինում, գումարը հարազատներին չեն տալիս ու պարտադրում են, որ անձամբ ներկայանան իրենց կենտրոն ու թոշակը տեղում ստանան: Իսկ երբ նրանցից մեկը՝ Հրայր Կարապետյանը այցելել է կենտրոն, նրանից գանձել են 465 դրամ՝ «կոպեկներ չունենք» պատճառաբանմամբ:

Նշենք, որ կենսաթոշակներ բաժանող տեսուչները համարվում են սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակիցներ եւ իրենց կատարած աշխատանքի համար վարձատրվում են:

Այս առնչությամբ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցապահովության ծառայության վճարումների ծառայության բաժնի պետի տեղակալ Աշոտ Շախբազյանն «Առավոտին» պարզաբանեց. «Մեր կողմից ոչ մի տեսուչի վրա նման հարկ դրված չէ: Տեսուչներն իրենց արդարացնելու համար են նման պատճառաբանություններ անում: Թոշակառուները թող մեր ծառայություն դիմեն եւ տեսուչների անուն-ազգանունները տան, մենք համապատասխան միջոցներ կկիրառենք»: Ինչ վերաբերում է դրամաշորթության վերաբերյալ թոշակառուների հայտարարություններին, պարոն Շախբազյանն ասաց, որ պետք է ծանոթանան փաստերին եւ ուղարկեն համապատասխան մարմիններ, որոնք էլ նրանց համար համապատասխան պատիժ կսահմանեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել