Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԵՐ ՀԱՇՎԻՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄ ԵՆ»

Դեկտեմբեր 24,2008 00:00

\"\"Ըստ թոշակառուների եւ հ/կ ներկայացուցիչների՝ դատավորների աշխատավարձերի կրկնակի բարձրացումը ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ իշխանության «սեւ գործերը» կոծկելու համար տրվող պարգեւավճար:

Դատավորների աշխատավարձը կրկնապատկելու մասին որոշումը հարուցել է ոչ միայն պետական շատ ոլորտների աշխատողների, այլ նաեւ թոշակառուների զայրույթը: Երեկ Ազգային ժողովի շենքի դիմաց մի քանի տասնյակ թոշակառուներ եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ բողոքի ակցիա էին կազմակերպել: Հիշեցնենք, որ համաձայն «ՀՀ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների պաշտոնային դրույքաչափերի մասին» օրենքի փոփոխությունների, նախկին 220 հազարի փոխարեն, դատավորների աշխատավարձը կդառնա 440 հազար դրամ: Ըստ կառավարության անդամների՝ այս որոշումը կնպաստի, որպեսզի դատական համակարգում նվազի կոռուպցիան: Այսինքն, ըստ մեր երկրի ղեկավարների, բարձր աշխատավարձ ստանալու դեպքում, դատավորները կբավարարվեն իրենց օրինական եկամուտներով եւ կաշառք չեն վերցնի: Սակայն, թոշակառուների կարծիքով, դրանով ոչ թե կաշառակերությունը կնվազի, այլ դատավորների ախորժակն ավելի կմեծանա, եւ համեմատաբար փոքր գումարները նրանց այլեւս չեն գոհացնի: Ակցիային ներկա «Հայոց կանանց շարժման» ղեկավար Արմինե Գյուլգյուլյանի համոզմամբ, այս օրենքի փոփոխությունը քաղաքականացված է. «Պարզ է, որ սա քաղաքական բնույթ ունի: Միգուցե Սերժ Սարգսյանն այս տարբերակով ելք գտավ իր կամակատարներին, այսինքն՝ մարտի 1-ի դեպքերի քննությունն իրականացնողներին պարգեւատրելու համար: Դատավորների աշխատավարձերի բարձրացման համար այլ արդարացում ես չեմ տեսնում»: Ըստ Ա. Գյուլգյուլյանի, պետք է ոչ թե դատական համակարգի աշխատողների եկամուտները բարձրացնել, այլ ուժեղացնել համակարգի վերահսկողությունը. «Դատավորների աշխատավարձերը կրկնապատկում են եւ դարձնում 400-600 հազար դրամ, բայց հաշվի չեն առնում, որ նույն երկրում կան թոշակառուներ, որոնք ստանում են 6-7 հազար դրամ թոշակ: Մի խումբ մարդիկ ապրում են շատ լավ, իսկ երկրի համար քրտինք թափած մարդիկ պիտի սովամահ հեռանան այս երկրից: Մի երկրում, որտեղ մարդիկ աղքատության նպաստ են ստանում, գոյություն ունեն մեծահարուստ դատավորներ: Թող այսօր մեր պատգամավորները գնան մի որեւէ թոշակառուի տուն եւ տեսնեն, թե ինչպես է ապրում, եւ գնան մի դատավորի տուն ու նրա շվայտ ապրելակերպը տեսնեն»:

Ա. Գյուլգյուլյանի ներկայացմամբ, եթե իշխանության ներկայացուցիչներն իրենց քայլն արդարացնում են կաշառակերության դեմ պաքարելու ցանկությամբ, ապա նույն տրամաբանությամբ ողջ Հայաստանը կոռումպացված է, հետեւապես՝ պետք է հերթով բարձրացնել բուժաշխատողների, ուսուցիչների եւ այլ ոլորտների աշխատողների աշխատավարձերը: 72-ամյա Ռոզա Միրիջանյանն էլ, որը երկար տարիներ աշխատել էր ֆիզիկայի ուսուցչուհի, «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ իր ստացած չնչին թոշակը չի բավարարում նույնիսկ գոյատեւելու համար. «Դատավորների փոխարեն պետք է մեր թոշակները կրկնապատկեն: Մի 2 կոպեկ ավելացնում են ու հետն էլ ապրանքների գներն այնքան են բարձրացնում, որ ավելի վատ վիճակի մեջ ենք հայտնվում: Ես պարզապես նայում եմ խանութներում դրված մթերքներին եւ հեռանում, ոչինչ չեմ կարող գնել: Ինչ վերաբերում է դատավորներին, ապա նրանք միլիարդ էլ ստանան՝ միեւնույն է, նրանց արյան մեջ մտած է կաշառք վերցնելը: Բոլորս էլ հասկանում ենք, որ նրանք իրենց գործը «պատվով» կատարեցին եւ պետք էր վարձահատույց լինել: Բայց դա արեցին ոչ թե իրենց սեփական գրպանի, այլ պետական բյուջեի հաշվին»: 65-ամյա թոշակառու Ելենա Պուլուզյանի խոսքերով էլ. «Գոնե 50 հազար դրամ պիտի ստանամ, որ կարողանամ յոլա գնալ: Դիմացը Նոր տարի է, բայց ես այդ մասին չեմ մտածում: Իմ ստացած թոշակով ո՞նց կարող եմ Նոր տարի անել»:

Նինա Բալաբեկյանի ներկայացմամբ՝ մեր պաշտոնյաների այն հավաստիացումները, որ գնալով կյանքը լավանում է, պարզապես անհեթեթ են. «Մեր հասարակությունը ավելի շատ է բեւեռացվել: Միջին խավը վերացել է, հարուստներին ավելի են հարստացնում, իսկ աղքատներին՝ ավելի հարստահարում: Այսօր տեսնում եմ, թե ինչպես են ծերերը մտնում խանութներ, նայում մթերքներին եւ մտամոլոր հեռանում: Մարդիկ գնողունակ չեն: Դա նրանց չի հետաքրքրում, իսկ դատական համակարգի աշխատողներն իշխանության սեւ գործերը փակողներն են: Մարդկանց ձեռքից բնակարանը խլում են կամ աշխատանքից ազատում են ու շատ վստահ ասում՝ գնա դիմի դատարան: Բայց բոլորս էլ գիտենք, որ բացի պետական տուրքերը մուծելուց ու նյարդերը քայքայելուց՝ հասարակ քաղաքացին դատարանում այլ բանի չի հասնում»:

«Հայոց կանանց շարժման» անդամ Թամարա Հովհաննիսյանի համոզմամբ՝ երկրում ստեղծված վիճակը կփոխվի միայն իշխանափոխության պարագայում. «Ինձ շատ է զայրացրել դատավորների աշխատավարձի բարձրացումը: Բոլորս էլ վաղ թե ուշ պետք է թոշակի գնանք, եւ կցանկանայի, որ կյանքի վերջին շրջանը նորմալ ապրեինք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել