Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԿՆՈՒՄ Է ՆՈՒՅՆ ՍԽԱԼՆԵՐԸ

Հունվար 30,2009 00:00

\"\"Վստահ է ԱԺ նախկին պատգամավոր Ստեփան Զաքարյանը

– Եվրոպացիները մեր երկրի ձայնը չկասեցրին ԵԽԽՎ-ում, նշանակո՞ւմ է սա, որ Հայաստանն իրենց կարծիքով գնում է ժողովրդավարացման ճանապարհով:

– Եթե նայենք ընդհանուր արդարության տեսանկյունից եւ համեմատենք ԵԽԽՎ անդամ 47 երկրների հետ, այս կառույցն այլ վճիռ չէր էլ կարող կայացնել: Մենք խոսում ենք միայն Ադրբեջանի եւ Թուրքիայի մասին, բայց այստեղ նման խնդիրներ ունեցող այլ երկրներ կան, այդ առումով եթե Հայաստանը զրկվեր ձայնից, իհարկե, կլիներ շատ անարդար: Այդ ժամանակ կարող էինք բացահայտ ասել, որ Հայաստանին պատժում են որպես Ռուսաստանի ռազմավարական գործընկերոջ, կարող էինք ասել, որ պատժում են Իրանի հետ տնտեսական հարաբերություններ հաստատելու եւ համատեղ երկաթգիծ կառուցելու համար: Բայց պարզվեց, որ ԵԽ-ում, կոպիտ ասած, հիմարներ չեն եւ այս ամենը գիտակցում են: Անձամբ չէի սպասում, որ Հայաստանին կզրկեն ձայնից, եւ, ենթադրում եմ, բարձրագույն իշխանությունը եւս այդպես չէր կարծում: Իմ դիտարկմամբ՝ հանրապետության նախագահը եւ նրա մերձավոր շրջապատն այս հարցում հանգիստ էին: Իսկ ժողովրդավարության մասին պիտի ասեմ, որ մարտի 1-ից հետո կան որոշակի դժվարություններ ԵԽ-ի պահանջները միանգամից կատարելու համար: Եթե յուրաքանչյուր մարդ իրեն դնի ՀՀ նախագահի տեղը, երկընտրանքի առաջ կկանգնի: Մի մարդ, որ ասում է՝ Հայաստանում օրենքը պիտի գործի եւ հետո, օրենքը խախտելով, բավարարի բանաձեւի պահանջը, իհարկե, կարժանանա քննադատության: Սա հարց էր, որը կարծում եմ՝ իր լուծումը կգտնի մինչեւ ապրիլ ամիսը, եւ այստեղ ավելի շատ խնդիրներ կունենա ընդդիմությունը:

– Ինչո՞ւ՝ ընդդիմությունը:

– Ասել եմ եւ նորից եմ կրկնում՝ այս ընդդիմությունը իշխանության համար այլեւս վտանգավոր չի, եւ եթե որեւէ վտանգ սպառնում է, ապա ոչ թե իշխանությանը, այլ՝ ընդհանրապես մեր հանրապետությանը, որովհետեւ ընդդիմության պահվածքը նման է «դրսից տղա» բերելուն: Ինքս եղել եմ ընդդիմություն, բայց այդ գործընթացն ինձ համար միշտ անընդունելի է եղել: Ընդդիմություն լինելով՝ երբեք դրսում չեմ խոսել իմ երկրի դեմ: Հայաստանի պես երկրի համար, որն ունի Ղարաբաղի խնդիր, ճանապարհների խնդիր, շռայլություն է դրսում ընդդիմություն խաղալը:

– Երբ ասում եք՝ դրսից տղա բերել, ի՞նչ նկատի ունեք՝ արդյոք ա՞յն, որ ՀԱԿ-ի ներկայացուցիչները եւս մասնակցում էին ԵԽԽՎ նստաշրջանին եւ փաստեր են ներկայացրել եվրոպացիներին:

– Չխորանալով այդ ամենի մեջ՝ ասեմ, որ նույնիսկ եթե մեր երկիրը ձայնից զրկվեր, ընդդիմությունը ոչինչ չէր շահելու: Թյուր են հույսերը, որ կարող են իշխանությունն այնպես թուլացնել, որ հասնեն հաղթանակի: Եթե անգամ շանս ունեին, այդ շանսն անցավ: Ընդդիմության համար այսուհետ ճակատագրական է «ամեն ինչ, կամ՝ ոչինչ» կարգախոսը: Դա այլեւս չի աշխատում: Ցավոք, ընդդիմությունը կրկնում է այն սխալները, որ մենք ժամանակին գործել ենք՝ որպես ընդդիմություն: Իրենց մոտ առաջընթաց կար միայն քարոզչության հարցում, այլ առաջընթաց չեմ տեսնում, բայց տեսնում եմ ետընթաց: Այն առումով, որ թե 98-ին Կարեն Դեմիրճյանը եւ թե 2003-ին Ստեփան Դեմիրճյանը պետական շահը գերադասում էին: Այլ խնդիր կա, որ պետք է բարձրացնել իշխանությունների առաջ, բայց նորից բարձրացնում են Ղարաբաղի հարցը, մեղադրում իշխանությանը Ղարաբաղը ծախելու մեջ, երբ իշխանությունը բացահայտ ասում է, որ առանց ժողովրդի կարծիքի ոչ մի քայլ չի անելու, դա համարում եմ ոչ բարոյական, փրփուրներից կառչել եմ համարում, հատկապես գիտենք, թե ինչու առաջին նախագահը լքեց իր աթոռը:

– Ձեր ասածներից տպավորություն ստացա, որ մեր հասարակության բախտը շարունակ չի բերում կարգին ընդդիմություն ունենալու հարցում:

– Մենք ունեինք ընդդիմություն՝ հանձին Կարեն Դեմիրճյանի, եւ նա ընտրեց ճիշտ ճանապարհը, բայց, ցավոք, հոկտեմբերի 27-ը խաղաց նաեւ այն չարաբաստիկ դերը, որ այդ ճանապարհն ըստ արժանվույն չգնահատվեց:

Նկատի ունեմ հասարակության համախմբման ճանապարհը: Կարեն Դեմիրճյանը միակ մարդն էր, որ կարող էր անել հեղափոխություն, եթե ցանկանար, բայց նա գիտակցում էր դրա հետեւանքները եւ գնաց համախմբման ճանապարհով:

– Մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների մեկ տարին շուտով կլրանա, ընդդիմությունը կարծես հանրահավաքների նոր փուլ է սկսելու. ըստ Ձեզ՝ ի՞նչ պիտի անեն իշխանությունը եւ ընդդիմությունը, որ պատմությունը չկրկնվի:

– Երկուստեք պիտի գան այն եզրահանգմանը, որ ատելությամբ չի կարելի առաջնորդվել, մարտի 1-ը ատելության արդյունք էր: Պատասխանատու երկու անձ կար, որոնք այսօր, չէի ասի, թե մեծ դերակատարություն ունեն այսօր՝ առաջին եւ երկրորդ նախագահները: Իսկ այս իշխանությունն այլ իշխանություն է, մարդ պիտի կույր լինի` չտեսնելու համար, որ այս իշխանությունը, ի տարբերություն նախորդների, ձգտում է ինչ-որ մի բան անել թե՛ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում, թե՛ հարկային փոփոխությունների հարցում եւ այլն: Այլ հարց է, թե որքան է դա հաջողվում, բայց որ ձգտումը կա՝ միանշանակ է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել