Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԱՆՁՆԱՏՈՒՆ՝ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՓՈԽԱՐԵՆ

Փետրվար 04,2009 00:00

\"\"Բնակիչները մտավախություն ունեն, որ «Սեբաստիա» մանկապարտեզը կդառնա Ալեքսանյանների առանձնատուն

Մալաթիա-Սեբաստիա համայնքի ավագանու նախորդ կազմի՝ 2008 թ. հոկտեմբերի 29-ի որոշմամբ, լուծարվել է Վերոնիկա Գեւորգյանի անվան «Սեբաստիա» մանկապարտեզ-դպրոց կրթահամալիր համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունը, իսկ շենքը եւ հողատարածքը հանձնվել «Ալեքսանյանների ընտանիք» բարեգործական հասարակական կազմակերպությանը՝ 50 տարի ժամկետով անհատույց օգտագործման: Դեռ խորհրդային տարիներից հայտնի «Վերոնիկայի մանկապարտեզը» հանրապետության լավագույն մանկապարտեզներից էր՝ շենքային, գույքային եւ կրթա-դաստիարակչական չափանիշներով: Հետխորհրդային տարիներին էլ այս մանկապարտեզը պահպանեց լավագույնի իր իմիջը եւ հիմա այն «Ալեքսանյանների ընտանիք» բարեգործական հիմնադրամին 50 տարով անհատույց օգտագործման հանձնելու մեջ մանկապարտեզի սաների ծնողները միտում են տեսնում, քանի որ, ըստ նրանց, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքը նպատակ ունի հետագայում այդ տարածքում առանձնատուն կառուցել: Այս խոսակցությունները սկիզբ առան, երբ սեպտեմբերի 1-ին դպրոցի սաները հնարավորություն չունեցան սկսելու ուսումնական տարին: Թաղապետարանի կրթության բաժնի ներկայացուցիչները նախ պարզաբանել են՝ իբր ֆինանսավորումը չի բավարարում, ուստի դպրոցը փակում են, հետո ասել՝ լիցենզիա չունի: Մինչդեռ դպրոցը լիցենզավորված էր. միայն հոկտեմբերի 3-ին կասեցվել է լիցենզիան, այն էլ մինչեւ հաջորդ ուսումնական տարվա սկիզբը՝ սեպտեմբերի 1-ը: Ի՞նչ են անելու հետո այդ լիցենզիայով, պարզ չէ: Ըստ ասեկոսեների՝ դպրոցի գործունեությունը կասեցնելու հիմք է հանդիսացել թաղապետարանին ուղղված բողոքը, համաձայն որի՝ դպրոցում «ատեստատ է վաճառվել»: Թեեւ ավագանու որոշմամբ ամրագրված է, որ շենքը եւ հողատարածքը հանձնվում են «Ալեքսանյանների ընտանիք» հիմնադրամին՝ մանկապարտեզ-դպրոց օգտագործելու նպատակով, կնքելով համապատասխան պայմանագիր, ծնողներն ըմբոստացած են եւ՝ ոչ անհիմն: Նախ՝ հոգաբարձուների խորհուրդը ձեւավորվել է ոչ թե ըստ կարգի՝ մանկավարժի, ծնողի մասնակցությամբ, այլ կազմված է նույնիսկ կրթական հաստատության հետ կապ չունեցող Ալեքսանյանների հարազատ-մտերիմներից: Ավագանու որոշման մեջ նշված է, որ բարեգործական կազմակերպությունը նշված մանկապարտեզում իրականացնում է վերանորոգման աշխատանքներ, օգնություն է ցուցաբերում մանկապարտեզի երեխաներին սննդով եւ այլն: Այնինչ, վերանորոգման աշխատանքները կատարել են բոլորովին այլ բարերարներ: Մանկապարտեզը, ինչպես նաեւ Դանիել Վարուժանի անվան թիվ 89 դպրոցը վերանորոգվել են տարիներ առաջ՝ սփյուռքահայ մի բարերարի աջակցությամբ, նաեւ այդ ժամանակ բավականին տեխնիկա էր գնվել:

«Ալեքսանյանների ընտանիքը» պատրաստակամություն է հայտնում՝ մանկապարտեզն ապահովել գույքով եւ սարքավորումներով, հոգալ երեխաների սննդի, հանգստի ծախսերը, ապահովել նրանց ներդաշնակ զարգացումն ու դաստիարակությունը, առողջության ամրապնդումն ու խնամքը, լուծել մանկապարտեզի աշխատակիցների աշխատավարձի խնդիրը: «Ծնողների մեծամասնությունը ի վիճակի է վճարել մանկապարտեզի վարձը, եթե բարեգործություն եք անում՝ համայնքի բոլոր մանկապարտեզների չունեւոր սաների հոգսը հոգացեք: Էս լավը տալիս են չգիտես ում եւ ինչ նպատակով, իբր՝ դրա հաշվին մյուս մանկապարտեզների ֆինանսավորումն են ավելացնելու»,- վրդովվեց մեր զրուցակից ծնողներից մեկը, ում անունը հասկանալի պատճառներով չենք հրապարակում: Ըստ ծնողների՝ ներկայումս սահմանափակվել է նաեւ մանկապարտեզի ընդունելությունը՝ «չնայած շենքային եւ մնացյալ պայմաններն ավելի քան բավարար են»:

Թաղապետարանի կրթության վարչության պետ Արեւիկ Պետրոսյանը «Առավոտի» հետ զրույցում հավաստիացրեց, որ անհիմն են ծնողների մտավախությունները եւ, ըստ պայմանագրի՝ կրթական հաստատությունը շարունակելու է այդպիսին մնալ՝ «Որպեսզի համայնքի սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները անվճար գնան մանկապարտեզ. ավելին՝ հնարավոր է այն կրթահամալիր էլ դառնա»: Մեր դիտարկմանը՝ չէ՞ որ արդեն կրթահամալիր էր, տիկին Պետրոսյանն արձագանքեց. «Առանց աշակերտի կրթահամալիր: Վիճակն էլ չէր բավարարում դպրոցի վիճակի»: Այն, որ այժմ սահմանափակված է երեխաների՝ մանկապարտեզ ընդունելության թիվը, Ա. Պետրոսյանը պարզաբանում է. «Որովհետեւ մանկապարտեզը կարող է սահմանափակ թվով երեխա ընդունել: 10 խմբի համար է նախատեսված, 10-ն էլ աշխատում են»: Իսկ որ մանկապարտեզ՝ մեր այցելության պահին ավելի քիչ խմբեր էին աշխատում, եւ շենքի մի մասը «պարապուրդի» էր մատնված, ըստ մեր զրուցակցի, ձմեռային սեզոնի համար նորմալ է, քանի որ հաճախումների թիվը կրճատվում է: Ինչո՞ւ հիմնադրամի ընտրությունը կանգնեց հենց այդ մանկապարտեզի վրա, երբ ավելի վատ պայմաններով մանկապարտեզներ կան համայնքում: «Նույն վիճակում էլ դա էր, բացառությամբ «Փրկեք երեխաներին» ծրագրով վերանորոգված երկու մանկապարտեզների, որոնք քիչ թե շատ բարվոք վիճակում են: Ի դեպ, մանկապարտեզի տնօրինությունն է, տիկին Վերոնիկայի գլխավորությամբ, դիմել պարոն Ալեքսանյանին՝ հովանավոր կանգնելու»:

Նկատենք, որ «Ալեքսանյանների ընտանիք» հիմնադրամի հետաքրքրությունն այս հաստատության նկատմամբ՝ վաղուց է: Դեռ նախորդ թաղապետի օրոք դիմել են եւ մերժվել: Տիկին Պետրոսյանը պարզաբանեց, որ այն ժամանակ դեռ ընդունված չէր նախադպրոցական կրթության մասին ՀՀ օրենքը:

ՀՀ ԿԳ փոխնախարար Բագրատ Եսայանն էլ ասաց՝ «Անհիմն են ծնողների անհանգստությունները, որեւէ դիմում չկա եւ չի եղել կրթական հաստատության պրոֆիլը փոխելու»: Քաղաքապետարանի լրատվական բաժնում էլ մեզ հավաստիացրին, որ «քաղաքապետը երբեք նման փաստաթուղթ չի ստորագրի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել