Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Խնամքի հրաշագործ միջոցնե՞ր

Փետրվար 14,2009 00:00

Վարսահարդարը խորհուրդ է տալիս դիմել բնական միջոցների

Այս տարվա նորաձեւության մեջ ակնհայտ է բոհեմիկ շքեղության առկայությունը։ Աչքի են զարնում ձյունաճերմակ վերնաշապիկները, կաշվե ծոպերով ճտքակոշիկները, բազմազան գոտիները, զգեստի ասեղնագործ տարրերը, շքեղ մորթեղենը, երկար շարֆերը: Այս ամենի հետ առաջարկվում է ոչ վառ դիմահարդարում:

Տղամարդկանց նորաձեւության մեջ էլ գերակշռում է թե սպորտային, թե սոլիդ ուղղվածությունը: Որպես ամենօրյա հանդերձանք, առաջարկվում են առավել չեզոք գույներ, դասական ուրվագծեր:: Ժամանակակից նորաձեւությունը ոչ մեկին ոչինչ չի պարտադրում, պարզապես պետք է լինել բնական՝ ձերբազատվելով նախապաշարումներից:

Խոսելով հագուստի մասին, չենք կարող չանդրադառնալ վարսերին, որովհետեւ վերջինս նույնպես շատ կարեւոր է:

Անգամ բանաստեղծը, երբ նկարագրում է գեղեցիկ կնոջ արտաքինը, անպայման շեշտադրում է վերջինիս մազերը: «Անահիտ դելյուքս» գեղեցկության սրահի վարսահարդար Վահե Հարությունյանի փոխանցմամբ՝ մազերը հարդարելիս երբեք պետք չէ շարժվել մոդայով: Ըստ նրա, ինքն անում է այն, ինչը դուր է գալիս ոչ միայն իրեն, այլեւ հաճախորդներին. «Հաճախորդները վստահում են իմ ճաշակին, եւ ես էլ իմ հերթին անում եմ ամեն ինչ, որպեսզի գեղեցկացնեմ նրանց: Մազերի գույնի հետ կապված՝ ասեմ, որ այս տարի վառ գույներն այնքան էլ մոդայիկ չեն, իսկ ընդհանրապես բնականն ավելի պրակտիկ է»:

Վարսահարդարը զրույցի ը նթացքում օգտակար խորհուրդներ տվեց մազերի խնամքի վերաբերյալ եւ ասաց, որ կանայք արդեն սկսել են ավելի շատ ուշադրություն եւ ժամանակ հատկացնել իրենց մազերին. «Մազերը լինում են չոր կամ յուղոտ, բարակ կամ հաստ, նոսր կամ խիտ, եւ շատ կարեւոր է, որ յուրաքանչյուր կին հասկանա իր մազի առանձնահատկությունները ու ինչպես խնամի դրանք։ Վերջին շրջանում կանայք առավել հաճախ են դիմում վարսահարդարի օգնությանը՝ նորանոր լուծումներ գտնելու՝ իրենց մազերի գեղեցիկ տեսքի ու առողջության համար։ Բարակ մազն ավելի արագ է որակազրկվում, եթե այն հաճախակի է հարդարվում «ֆենի» միջոցով։ Հատկապես, եթե վերջինս սխալ է օգտագործվում՝ բարակ մազերն արագ վառվում են։ Խորհուրդ կտայի «ֆենի» օգնությանը դիմել հազվադեպ»: Ինչ վերաբերում է մազերի խնամքի հանրահայտ, թանկարժեք միջոցներին՝ վարսահարդարն ասաց. «Ես չեմ վստահում տարբեր ֆիրմաների կողմից գովազդվող խնամքի միջոցների հրաշագործ ազդեցություններին, ուստի կառաջարկեմ կիրառել խնամքի զուտ բնական միջոցներ»: Նա խոսելով մազերի ամենատարածված խնդրի՝ մազաթափության մասին, ասաց. «Մազաթափության դեպքում 1 ճաշի գտալ գերչակի յուղին խառնել 50 գրամ կոնյակ, 1 ձվի դեղնուց, քսել մազարմատներին, թողնել 2-3 ժամ, ապա լվանալ: Բայց մինչ այդ՝ ամեն դեպքում պետք է պարզել մազաթափության պատճառը։ Հնարավոր է, որ այն պայմանավորված լինի սեզոնային փոփոխություններով: Մազաթափությունը, որպես կանոն, սկսվում է սեզոնափոխության ժամանակ եւ տեւում է 15 օր: Կարիք չկա մտահոգվելու, եթե մազաթափությունը կրի զուտ սեզոնային բնույթ: Սովորաբար մարդու գլխից օրական թափվում է 80-100 մազ: Երբ կանայք հաճախ մուս են օգտագործում ու մեկ օրից ավելի մազերն այդպես թողնում՝ լվանալիս նրանց թվում է, թե շատ մազ են կորցնում: Հաճախ նման երեւույթը վերագրվում է մուսի վատ որակին, սակայն հիմնականում դա օրվա բնական հունով թափված մազերն են, որոնք մուսը պարզապես չորացրել ու չի թողել, որ ընկնեն գլխից»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել