Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ճանապարհն սկսվում է Հայաստանի առաջնությունով

Փետրվար 17,2009 00:00

\"\"
Ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն Մելինե Դալուզյանը:

Հայաստանի ծանրորդների համար մրցաշրջան 2009-ը կմեկնարկի այս շաբաթվա վերջին կայանալիք հանրապետության

տղամարդկանց եւ կանանց առաջնություններով, որոնց արդեն ոչ այնքան մեծ ընդմիջումներով կհաջորդեն պատասխանատու

պաշտոնական միջազգային մրցումները:

«Առավոտին» տված հարցազրույցում այսպես ասաց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը:

– Նոր օլիմպիական ցիկլի առաջին տարում կարեւորության ի՞նչ աստիճան եք տալիս Հայաստանի առաջնությանը:

– Մեր նախորդ զրույցներից մեկում ասել էի, որ ֆեդերացիայի եւ մարզչական խորհրդի որոշմամբ ազգային հավաքականի անդամ կարող է դառնալ միայն այն մարզիկը, ով հարգում է իր երկիրը եւ ազգային առաջնությանը մասնակցելը իր համար պատիվ է համարում՝ անկախ ունեցած մարզական ցուցանիշներից եւ կոչումներից: Բացի դա, ազգային հավաքականը ձեւավորվում է երկրի չեմպիոններով, մրցանակակիրներով կամ տվյալ ժամանակահատվածում առավել բարձր արդյունք ունեցող մարզիկներով: Հետեւաբար, քանի որ ներքին առաջնությունը նախորդում է պաշտոնական միջազգային մրցումներին եւ յուրօրինակ ընտրական փուլ է, մեր տիտղոսավոր մարզիկները նույնպես պարտավոր են մասնակցել դրան եւ գործով ապացուցել իրենց բարձր կարգը: Հակառակ դեպքում՝ ազգային առաջնությունը ձեւական բնույթ կկրի: Այսինքն, առաջատարների բացակայությամբ կունենանք հանրապետության նոր չեմպիոններ, սակայն, ասենք, Եվրոպայի առաջնություն մեկնելիս նրանց պետք է ասենք. «Կներես, բայց քո փոխարեն այսինչին ենք գործուղում»: Մեր կարծիքով, դա անարդար մոտեցում կլինի:

– Մի քանի օրից Հայաստանի առաջնությունն է: Մեր ծանրորդներն ինչպե՞ս են նախապատրաստվում:

– Աղջիկների հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Թեոդոսիայում, իսկ տղաները մարզվում էին Ծաղկաձորում: Նրանք փետրվարի 14-ին վերադարձան Երեւան, իսկ աղջիկները հավաքն ավարտելու են փետրվարի 18-ին:

– Եվ բոլորը, այդ թվում նաեւ առաջատարները, հանդես գալո՞ւ են երկրի առաջնությունում:

– Այո: Եվ այնտեղ ցույց տված արդյունքներից է կախված լինելու, թե հավաքականների մարզիչները հետագայում ո՞ւմ կհրավիրեն հավաքների:

– Տղաների անունները հիմնականում հայտնի են: Ովքե՞ր են աղջիկների հավաքականի թեկնածուները:

– Թեոդոսիայում են Լիաննա Մանուկյանը՝ 53 կգ քաշային կարգ, Ալլա Սամվելյանը՝ 58, Քրիստինե Պետրոսյանը՝ 63, Նազիկ Ավդալյանը՝ 69 եւ Հռիփսիմե Խուրշուդյանը՝ 75:

– Օրերս «Տաշիր» բարեգործական հիմնադրամի՝ մարզիկների պարգեւատրման արարողության ժամանակ Մելինե Դալուզյանն այստեղ էր: Նա ինչո՞ւ թիմի հետ չէ:

– Նա անցած տարի օլիմպիական խաղերից առաջ անակնկալ ի հայտ եկած հիվանդությունից դեռեւս ամբողջապես չի ապաքինվել, չնայած հիմնական խնդիրները մեծամասամբ վերացել են: Շտապելու ոչինչ չկա: Մեզ համար առաջնայինը մարզուհու առողջությունն է: Պարզապես, ուզում ենք վստահ լինել, որ նա հարյուր տոկոսով առողջ է: Հիմա Մելինեն մարզվում է անհատական ծրագրով՝ միեւնույն ժամանակ գտնվելով բժիշկների հսկողության ներքո:

– Այսինքն, նա Հայաստանի ու Եվրոպայի առաջնություններին կարող է եւ չմասնակցե՞լ:

– Նա արդեն հիմա լավ մարզավիճակում է ու երկրի առաջնությունում հանդես կգա: Հույս ունենք, որ դրանից հետո մարզումները կշարունակի արդեն հավաքականի կազմում ու Եվրոպայի առաջնություն կմեկնի երրորդ «ոսկին» նվաճելու նպատակով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել