Այսօրվա ավագանու նիստում, բացի քաղաքապետի ու փոխքաղաքապետերի աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ նախագծից, չզեկուցվող հարցերի օրակարգում էր նաև անազատության մեջ գտնվող ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Ուելնեսը» անհատույց օգտագործման իրավունքով նոր կառավարման փոխանցելու նախագիծը։
Ավագանու անդամներն առաջարկեցին այս հարցն ընդգրկել զեկուցվող հարցերի օրակարգում, սակայն քվեարկության արդյունքում այն մնաց չզեկուցվող։
«Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանը հետաքրքրվեց՝ կա՞ արդյոք դատարանի որոշում տվյալ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի դադարեցման մասին, և քանի՞ երևանցի է անվճար օգտվելու «Երևան Ուելնեսի» ծառայություններից։
Այս հարցին պատասխան չտրվեց, իսկ սեփականության իրավունքի մասով շտապեցին պարզաբանել, որ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասում կառուցապատման իրավունք է տրվել։ Նշվեց, որ կառուցապատման իրավունք ստացած անձը շատ լավ իմացել է, որ կառուցապատման իրավունքով տրամադրված համայնքային հողերում կառուցված շինությունների նկատմամբ սեփականության իրավունք երբեք չի գրանցվում։
Կարդացեք նաև
Ըստ պարզաբանման՝ այդ գույքը համայնքային սեփականություն է, և պայմանագրի դադարեցումից հետո մնում է համայնքի սեփականությունը։ Հետևաբար, դատարանով սեփականության իրավունքի դադարեցման խնդիր չկա, քանի որ տվյալ ընկերությունը սեփականության իրավունք չի էլ ունեցել։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ



















































