«Տիկին Նազելի Բաղդասարյանն ասաց, որ այդ քննարկումը զուտ «Քաղաքացիական պայմանագրի» շրջանակներում է կազմակերպված, հակառակ նրան, որ երեկ այլ էր հայտարարությունը։ Բայց ես կուզենամ, որ մեր դիտողին, մեզ լսողներին հիշեցնել, որ ընդամենը երկու շաբաթ առաջ՝ սեպտեմբերի 23-ին, Մարդու իրավունքների հանձնաժողովում, այսինքն՝ իմ նախաձեռնությամբ, տեղի ունեցավ արցախահայության սոցիալ-տնտեսական և իրավական խնդիրներին նվիրված մեծ, բաց քննարկում»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը՝ անդրադառնալով ՔՊ-ի կողմից արցախահայության հետ կազմակերպված փակ հանդիպմանը։
«Ասեմ, որ քննարկմանը մոտավորապես 70-ից ավելի մասնակիցներ կային, և արցախահայությունը ներկայացնող բոլոր շերտերը՝ թե՛ հասարակական կազմակերպությունները, թե՛ Արցախի Հանրապետության քաղաքական շրջանակները՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի փոխխոսնակները, պետնախարարը և այլն, և այլն։ Մի խոսքով՝ հանգամանալից քննարկում։ Ուղղակի հիշեցնեմ, որ քննարկման կեսից ՔՊ-ն դուրս եկավ՝ հայտարարելով, որ «Արցախի Հանրապետություն» բառերի գործածությունն իրենց համար անընդունելի է՝ չգոյության պատճառով։ Դուրս եկան՝ առանց լսելու, խորանալու, թե ինչ լրջագույն մարտահրավերների են դիմագրավում արցախահայերը։ Դա մեզ համար բացարձակապես անընդունելի է, եթե ավելի կոշտ գնահատականներ չտամ, ուղղակի ուրանալ և Արցախի էջը փակված համարել, ինչը ՔՊ-ի պաշտոնական քաղաքականությունն է»,- հավելեց Լիլիթ Գալստյանը։
Նրա խոսքով՝ երբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում վիճարկվում են արցախահայության գույքային և այլ իրավունքներ, Արցախի Հանրապետությունը՝ որպես հասկացություն, որպես երևույթ, նույնիսկ այդտեղ որևէ մեկը չի կարող հարկադրել ջնջել ինքնությունն ու հիշողությունը։
Ինչ վերաբերվում է ՔՊ-ի նախաձեռնած քննարկմանը, այս մասին էլ նշեց. «Մի պահ մտա, տեսա՝ շատ նեղ ՔՊ-ական շրջանակով, փակ միջավայրում քննարկում են արցախահայերի խնդիրները։ Ուրեմն, հայրենազրկված, հարազատ օջախներից բռնի տեղահանված արցախահայության խնդիրները, որոնց իրավունքների պաշտպանությունը պետք է լինի համազգային ու պետական առաջնահերթություն, փակել են միջնորդավորված կամ ինչ-որ կաբինետային ձևաչափերում։ Սա ոչ թե խնդիրների լուծում է, այլ խնդրի իմիտացիա և հանրությունից թաքցնելու փորձ…»։
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ



















































