«Արցախցիների քաղաքացիություն ստանալու գործընթացը ձգձգվում է, մարդ կա՝ 8 ամիս, 9 ամիս, 10 ամիս սպասում է։ Այդ 10 ամսվա ընթացքում այդ ծանր իրավիճակում գտնվող մարդիկ ի՞նչ պետք է անեն։ Ես խնդրում եմ՝ բռնի տեղահանված ժողովրդի համար սահմանել հստակ կարճ ժամանակահատված՝ դիմելու պարագայում մեկ ամսվա ընթացքում այդ քաղաքացիության հարցը լուծելու»,- Ազգային ժողովում ՔՊ խմբակցության նախաձեռնությամբ Արցախից բռնի տեղահանված անձանց խնդիրների վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց արցախցի գործիչ Անաստաս Իսրայելյանը։
ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն ասաց, որ քաղաքացիության ձեռքբերման համար օրենսդրությամբ կան սահմանված ժամկետներ՝ վարույթի մեկնարկից ի վեր 90 աշխատանքային օր։
«Հնարավոր է՝ մենք ունեցած լինենք եզակի դեպքեր, երբ ժամկետները գերազանցել ենք։ Բայց կարծում եմ՝ այստեղ խնդիրներ կան մինչեւ վարույթի նախապատրաստական աշխատանքի հետ կապված, այսինքն՝ այն փաստաթղթերը, այն իրավական հիմքերն ու տվյալները, որոնք անհրաժեշտ են, որպեսզի քաղաքացիության վարույթը մեկնարկի ընդհանրապես։ Այստեղ կարեւոր հանգամանք է ծննդյան վկայականների վերականգնման հետ կապված հարցը, որովհետեւ եթե չկա ծննդյան վկայական, չկա քաղաքացիության գործ։ Սա շատ տրամաբանական կառուցակարգ է՝ մեր օրենսդրությամբ սահմանված»,-նշեց Ղազարյանը։
Կարդացեք նաև
Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության ղեկավար Նելլի Դավթյանն էլ հավելեց․ «Իրականում մեր ուշացումները մեր թվերի համատեքստում տասնյակների շրջանակներում են, ոչ ավելի։ Ինչո՞ւ է տպավորությունը շատերի մոտ այնպիսին, որ գործերը ձգձգվում են ամիսներ շարունակ։ Քանի որ մենք այս ողջ գործընթացը հունվարի 1-ից տեղափոխել ենք էլեկտրոնային հարթություն, այլեւս էլեկտրոնային միջավայրում է տեղի ունենում այն շփումների փուլը, որը նախկինում բազմաթիվ անգամներ ենթադրում էր գնալ ու գալ, մինչեւ ի վերջո դիմում էր ներկայացվում։ Հիմա, երբ շահառուն առաջին անգամ իր գործը ներբեռնում է համակարգ, իր մոտ տպավորություն է, որ գործը սկսեցինք վարել։ Բայց մենք գործը սկսում ենք վարել, երբ օրենքով նախատեսված 90 աշխատանքային օրվա ժամկետը, որը գործնականում 4,5 ամիս է, մեկնարկում է այն պահին, երբ շահառուն ներկայանում է Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայություն, ներկայացնում է բնօրինակ փաստաթղթերը, եւ մենք արձանագրում ենք, որ ամեն ինչ կարգին է։ Դրանից առաջ բոլոր գործողությունները նախավարույթի փուլում են, ժամկետը չի հոսում, քանի դեռ մենք չունենք ամբողջական փաթեթը, պարզապես գործը չենք կարող վարել։ Իսկ վարելուց հետո մենք օրենքով սահմանված ժամկետի խախտում որպես կանոն չենք ունենում։ Եթե եղել են, այդ դեպքերը, հավաստիացնում եմ, հատուկենտ են»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ





















































