Լրահոս
Օրվա լրահոսը

Փետրվար 18,2009 00:00

Վերջինը՝ պոլիտբյուրոյից

Երեկ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը պաշտոններից ազատեց մի շարք նահանգապետերի: Խորհդանշականը Օրյոլի մարզի նահանգապետ Եգոր Ստրոեւի պաշտոնանկությունն էր: Ինչպես հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը, 72-ամյա Ստրոեւը գործող վերջին պաշտոնյան էր, որի կենսագրությունում գրված էր՝ «ԽՄԿԿ ԿԿ պոլիտբյուրոյի անդամ էր»: Ստրոեւի պաշտոնավարման ժամկետն ավարտվելու էր 2010 թվականի գարնանը: Նա ղեկավար պաշտոններ էր զբաղեցնում կոմունիստների, Գորբաչովի, Ելցինի, Պուտինի եւ Մեդվեդեւի օրոք: Մասնավորապես, իր հայրենի Օրյոլի մարզը նա ղեկավարում է՝ կարճ ընդմիջումներով, 24 տարի: Առաջին անգամ Ստրոեւի հնարավոր հրաժարականի մասին խոսվեց 2005 թվականի մարտին: Այն ժամանակ մարզի փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչները՝ մոտ 1000 հոգի, դիմել էին նախագահ Պուտինին՝ խնդրելով պաշտոնանկ անել նահանգապետին: Նամակում մասնավորապես ասվում էր. «Ստրոեւի ղեկավարության օրոք մարզում ձեւավորվել է բռնապետական ռեժիմ: Մարզը դարձել է նրա տնամերձը՝ տնտեսական իմաստով: Ստրոեւի ընտանիքին են պատկանում մարզի բոլոր խոշոր բանկերը, շինարարական կազմակերպությունները, վերամշակման ձեռնարկությունները, ոսկերչական բիզնեսը, խանութները: Չինովնիկների գործողությունները անվերահսկելի են եւ անպատժելի»:

«Ազատությունը» հիշեցնում է, որ այժմ քննություն է անցկացվում Ստրոեւի 2 տեղակալների, ինչպես նաեւ մարզի այլ բարձրաստիճան ղեկավարների հանդեպ: Նրանք բոլորը մեղադրվում են պետական սեփականության հափշտակման եւ խարդախության մեջ: Ընդհանուր առմամբ, ՌԴ դատախազությունը մարզում կոռուպցիայի վերաբերյալ հարուցել է 56 գործ:

Կարաջիչին թողեցին 2 հոդված

\"\"Բոսնիայի սերբերի նախկին առաջնորդ Ռադովան Կարաջիչին նոր մեղադրանք է առաջադրվելու: Հարավսլավիայի հարցով միջազգային տրիբունալը որոշեց նախկին 11 կետից բաղկացած մեղադրանքում թողնել 2-ը՝ ցեղասպանության վերաբերյալ: Առաջինը վերաբերում է 1992 թվականին Բոսնիայում եւ Հերցեգովինայում կատարված ռազմական հանցագործություններին: Երկրորդը կապված է Սրեբրինիցա քաղաքում կատարված մահմեդականների զանգվածային սպանությունների հետ, երբ մահացել է առնվազն 8 հազար հոգի: Ենթադրվում է, որ այդ նոր մեղադրանքը քննվելու է հնարավորինս արագ, որպեսզի չկրկնվի Սերբիայի նախկին նախագահ Սլոբոդան Միլոշեւիչի պատմությունը, երբ վերջինս չապրեց մինչեւ դատը եւ մահացավ Հաագայի բանտում: «Ռոյթերսը» հիշեցնում է, որ Կարաջիչը 11 տարի թաքնվում էր այլ անվան տակ եւ ձերբակալվել էր սեփական իշխանությունների կողմից՝ անցած տարվա հուլիսին: Ընդունված է կարծել, որ այդ ձերբակալությամբ Սերբիան ցույց տվեց մտադրություն՝ գնալ զարգացման եվրոպական ճանապարհով եւ հավանաբար ստացել է Եվրամիության մուտքի տոմսը: Անցած տարվա օգոստոսին Կարաջիչը հրաժարվեց իր վերաբերմունքը հայտնել իրեն մեղսագրվող հանցագործությունների մասին եւ չի ստորագրել մեղադրական եզրակացությունը: Բոսնիական սերբերի նախկին առաջնորդը կասկածի տակ է դնում տրիբունալի լեգիտիմությունը՝ այն անվանելով «իրավական վիժվածքային համակարգի ծնունդ»: Նախատեսվում է, որ Կարաջիչի դեմ դատաքննությունը սկսվելու է այս տարվա ընթացքում:

Դատվում է առաջին «Կարմիր քխմերը»

\"\"Երեկ Կամբոջայի արտակարգ տրիբունալում սկսվեց պատմության մեջ առաջին դատաքննությունը՝ «Կարմիր քխմերների» նախկին առաջնորդի նկատմամբ: Ամբաստանյալների աթոռին է 66-ամյա Կանգ Կեկ Լեուն, որը Պոլ Պոտի ռեժիմի գլխավոր դահիճն էր: «Lenta.ru»-ն հիշեցնում է, որ Լեուն ղեկավարում էր «S21» համակենտրոնացման ճամբարը, որտեղ իրականացվում էին զանգվածային սպանություններ եւ անմարդկային խոշտանգումներ: «S21»-ում գազանաբար սպանվել է 16-20 հազար հոգի, այդ թվում՝ կանայք եւ երեխաներ, որոնց «Կարմիր քխմերները» համարում էին կոմունիստական ռեժիմի հակառակորդներ: Լեուի ցուցումներով, մարդկանց սկզբից լուսանկարում էին կենդանի, այնուհետեւ նկարում էին դիակները, որպեսզի վերեւներին ներկայացվեին թշնամիների ոչնչացման ապացույցները: Լեուն որոշել էր մարդկանց գնդակահարության հատուկ օրեր. առաջին օրը գնդակահարվում էին թշնամիները, 2-րդ օրը՝ նրանց կանայք, 3-րդ օրը՝ նրանց երեխաները: Դատաքննության ժամանակ նրա դեմ են ցուցմունք տալու ողջ մնացած 18 կալանավորներ: Ամբաստանյալի մեղքը ապացուցվելու դեպքում, նրան սպառնում է ցմահ բանտարկություն: Նախաքննության ժամանակ Լեուն ընդունեց իր մեղքը: Դրանից առաջ նա 20 տարի թաքնվում էր ջունգլիներում, ընդունել է քրիստոնեություն եւ կնքվել է: Իր գյուղում Լեուն կառուցել է եկեղեցի եւ աշխատում էր որպես կամավոր՝ օգնելով փախստականներին: Դահիճին 1999-ին ճանաչել է բրիտանացի մի թղթակից: Լեուն լրագրողի հայտնությունը համարել էր Աստծո կամք եւ կամավոր հանձնվել էր ոստիկանությանը: Նա նախնական կալանքի տակ անց էր կացրել 10 տարի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել