Լրահոս
Օրվա լրահոսը

«Բարգավաճը» համալրվեց

Փետրվար 27,2009 00:00

Երկու անկախ պատգամավորներ դարձան ԲՀԿ անդամ

«Առավոտի» հետ զրույցում վերջերս «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շարքերը համալրած պատգամավոր Մարտուն Գրիգորյանն ասաց. «Մեկուկես տարի է՝ ես հետեւում եմ կուսակցության աշխատանքին, ավելի հոգեհարազատը ինձ ԲՀԿ խմբակցության եւ կուսակցության աշխատանքն էր»: Մեր հարցին՝ «Դաշինքի» աջակցությամբ ընտրված միակ պատգամավորը իր այս քայլով չի՞ դավաճանում իր նախկին կուսակիցներին, մասնավորապես՝ Սամվել Բաբայանին, պարոն Գրիգորյանն ասաց. «Ոչ, բացարձակ, Սամվել Բաբայանը իմ ավագ ընկերն է, իմ լավ բարեկամն է, ինքն էլ է տեղյակ իմ այս որոշմանը, այնպես որ՝ խնդիր չկա»: ԲՀԿ-ին անդամագրված մեկ այլ պատգամավոր՝ Ռուստամ Գասպարյանին եւս հարցրինք, թե ինչո՞ւ իր ազատ եւ անկախ կարգավիճակը որոշեց փոխել՝ կուսակցական դառնալով: ԵԿՄ անդամ պատգամավորն ասաց, որ ինքը եւս ընդունում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ծրագրերը, կատարած աշխատանքները. «Իրոք, պարոն Ծառուկյանը սիրում է միշտ ամբիոնից ասել՝ մենք մեր խոսքի տերն ենք, եւ ես, իրոք, նկատել եմ, որ այս կուսակցությունը իր խոսքի տերն է եւ գործի կուսակցություն է: «Բարգավաճ Հայաստանի» քայլերը ուղղված են ժողովրդի հարցերը լուծելուն, ժողովրդի վիճակը լավացնելուն եւ երկրի բարգավաճմանը: Բացի այդ, կան մեր անձնական ջերմ հարաբերությունները»: Դեռ Վազգեն Սարգսյանի ժամանակներից սկսած, երկրապահները եթե փորձում էին կուսակցականացվել, ապա ընտրում էին Հանրապետական կուսակցությունը: Մեր այս նկատառումը փոխանցեցինք պարոն Գասպարյանին: «Ես նման բան չեմ լսել, որ միայն պետք է Հանրապետականում լինեն երկրապահները, երկրապահներ այսօր տարբեր կուսակցությունների մեջ կան, ես նախընտրել եմ «Բարգավաճը» եւ ասացի, թե ինչու»,- պարզաբանեց պատգամավորը:

Երկու նախկին ազատ-անկախներին հարցրինք՝ մի՞թե ավելի լավ չէ լինել ազատ եւ անկախ: Մեր զրուցակիցները միաձայն նույն բանը պատասխանեցին. «Շատ հարցեր, որ կապված են մեր ընտրատարածքների հետ, մեզ համար, որպես մեծամասնականով ընտրված պատգամավորների, ահագին դժվար է լինում լուծել, բոլորին էլ հայտնի է, որ քաղաքական մի ուժի ներկայացուցիչ պետք է լինես, որ ինչ-որ մի հարցի լուծում կարողանաս տալ, բացի այդ, պարոն Ծառուկյանը բոլորին տվել է ազատություն քվեարկության հարցերում, եւ յուրաքանչյուրն ազատ է իր բոլոր քվեարկությունների մեջ. եթե կլինեն խնդիրներ պետության ստրատեգիայի հետ կապված, այդ ժամանակ խմբակցությունում կքննարկվի, եւ բոլորը կքվեարկեն այնպես, ինչպես կորոշի խմբակցությունը»:

Ստեղծված իրավիճակում ԲՀԿ խմբակցության կազմում ընդգրկված 25 +2 պատգամավորներից միակ «այլախոհը» Էռնեստ Սողոմոնյանն է, որը ներկայանում է որպես Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության «իշխանամետ տարբերակի» նախագահ: «Առավոտը» հետաքրքրվեց, թե իրեն ինչպե՞ս է զգում այլ կուսակցության խմբակցության մեջ պարոն Սողոմոնյանը։ «Շատ ընտիր, շատ լավ: ԲՀԿ-ն հզոր կուսակցություն է, իսկ քաղաքագիտական առումով փոքր կուսակցությունները կարող են այդպես վարվել. սա քաղաքագիտական ընդունված նորմ է Եվրոպայում, աշխարհում, անգամ Աթենքի փոքր կուսակցությունները մեծի հետ մտնում էին խորհրդարան: Այնպես որ, սա քաղաքագիտական ընդունված նորմ է, որը մենք պարոն Ծառուկյանի հետ քննարկել ենք»,- եղավ պատասխանը:

Պարոն Սողոմոնյանը կոնկրետ չպատասխանեց մեր հաջորդ հարցին՝ քանի՞ անդամ ունի իր գլխավորած կուսակցությունը: Ավելի հստակ ասաց հետեւյալը. «Մեր կուսակցության անդամների թիվն այսօր լիովին համապատասխանում է կուսակցությունների մասին օրենքի դրույթներին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել