Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՀԱՐՈՒՑՈՒՄԻՑ ՀԵՏՈ

Փետրվար 27,2009 00:00

Վերականգնվել է 525 մլն դրամ

Պետական շահերի խախտման վերաբերյալ ստացված հաղորդումների հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում 2008 թվականին հարուցվել է 19 քրեական գործ, որոնցով վերականգնվել է պետությանը պատճառված 549 մլն 245 հազար դրամ: Գումարի հիմնական մասը՝ 533 մլն 245 հազարը վերականգնվել է մինչդատական վարույթում: Նկատենք, որ նույն վարչության կողմից 2007 թ. հարուցված քրեական գործերով գումար չէր վերականգնվել:

2008 թվականի ընթացքում գրեթե կես միլիարդ դրամը վերականգնվել է հիմնականում 2 քրեական գործի շրջանակներում: Ընդ որում՝ նշված գումարից 525 մլն 200 հազարը պետբյուջեում վերականգնվել է «Սոկոլ Գրուպ» ընկերության կողմից:

Դեռեւս 2008 թվականի ապրիլին ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հարուցել էր քրեական գործ՝ առանց հատուկ թույլտվության՝ լիցենզավորման ենթակա ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու եւ պայմանագրերով նախատեսված բնակարանները շուկայական գներից բարձր գներով վաճառելու համար, որի հետեւանքով պետությանը պատճառվել է ծանր վնաս: Մասնավորապես, քրեական գործով պարզվել էր, որ ՀՀ կառավարության 2003թ. հուլիսի 23-ի «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին բնակարան տրամադրելու կարգը հաստատելու մասին» թիվ 983-Ն որոշմամբ նախատեսված բնակարանները գնելու նպատակով ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, «Սոկոլ Գրուպ» ՍՊ ընկերության եւ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության միջեւ կնքված գործակալության եռակողմ պայմանագրերի համաձայն՝ «Սոկոլ Գրուպ» ՍՊ ընկերությունը պարտավորվել է պայմանագրերով նախատեսված ընդհանուր 746.230.000 դրամով ձեռք բերել եւ նախարարությանն ու վարչությանը հանձնել 132 բնակարան: Նշված բնակարանները նախատեսված էին մանկատան շրջանավարտների եւ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար:

Պայմանագիրը ստորագրվել էր խախտումներով: Մասնավորապես, անտեսվել էին «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջները՝ պայմանագիր ստորագրելով անշարժ գույքի ձեռքբերման միջնորդական գործունեության լիցենզիա չունեցող «Սոկոլ Գրուպ» ՍՊԸ-ի հետ: Ընդ որում՝ չէին սահմանվել առանց գնումների գործընթացի նկատմամբ հսկողության եւ գների ճշտման մեխանիզմներ, ձեռք բերվող բնակարանների գտնվելու որոշակի տարածքները: Արդյունքում՝ «Սոկոլ Գրուպ» ՍՊ ընկերության տնօրենը, առանց հատուկ թույլտվության, զբաղվել է լիցենզավորման ենթակա ձեռնարկատիրական գործունեությամբ, իսկ պայմանագրերով նախատեսված բնակարանները վաճառել է շուկայականից բարձր գներով: Այս դեպքի առթիվ քրեական գործը հարուցվել է ինչպես ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու, այնպես էլ պաշտունեական դիրքը չարաշահելու համար, իսկ նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությանը:

Ի դեպ, ՎՊ-ի ստուգման արդյունքները դատախազությունը ստացել էր քրեական գործ հարուցելուց մի քանի ամիս հետո, երբ «Սոկոլ-Գրուպ» ՍՊ ընկերությունն արդեն իսկ սկսել էր վերականգնել պետությանը պատճառված 525 մլն 200 հազար դրամ վնասը:

Նախաքննության ընթացքում վերականգնվել է նաեւ մեկ այլ քրեական գործի շրջանակներում՝ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Արաբկիր» տարածքային ստորաբաժանման աշխատակիցների գործողությունների հետեւանքով պետությանը պատճառված վնասը:

Պաշտոնական կեղծիք կատարելու համար

Հիշեցնենք, որ պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Արաբկիր» տարածքային ստորաբաժանման աշխատակիցների կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու առթիվ: Պարզվել էր, որ գրանցման բաժնի առաջատար մասնագետ Ա. Չոբանյանը, նույն ստորաբաժանման գրանցման բաժնի պետի տեղակալ Վ. Ամիրխանյանը կազմել ու գրանցման բաժնի պետ Հ. Թորոսյանին եւ ղեկավար Ս. Շահբազյանին են ներկայացրել գրավի պայմանագրով արգելանքի տակ գտնվող Երեւան քաղաքի Ադոնցի փողոցի 17/4 շենքի թիվ 20 բնակարանի վերաբերյալ կեղծ փաստաթղթեր՝ 2005թ. հոկտեմբերի 25-ի ու 2006թ. փետրվարի 23-ի միասնական տեղեկանքներ, որոնցում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելով՝ չեն նշել բնակարանն արգելանքի տակ գտնվելու հանգամանքի մասին: Իսկ Հ. Թորոսյանը եւ Ս. Շահբազյանը ստորագրել են նշված տեղեկանքները, որից հետո դրանք տրամադրվել են Հասմիկ Ամիրխանյանին, որոնք էլ վերջինս օգտագործելով, կնքված առուվաճառքի գործարքների միջոցով հիշյալ բնակարանն օտարել է եւ խաբեությամբ խուսափել գրավի պայմանագրով նախատեսված ու 2003թ. նոյեմբերի 26-ի պահանջի իրավունքի զիջման պայմանագրով ՀՀ ֆինանսների նախարարությանը փոխանցված 17.296.17 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի պարտավորությունը կատարելուց: Քրեական գործի նախաքննության ընթացքում 17 մլն դրամն ամբողջովին վերականգնվել է:

Չնայած վերականգնումներին, այդուհանդերձ, դատախազությունը գտնում է, որ պետության շահերի պաշտպանության ոլորտում կարելի էր ավելի արդյունավետ աշխատել, եթե չլիներ օրենսդրության անկատարությունը, որի մասին, ի դեպ, հրապարակավ խոսվեց նաեւ դատախազության կոլեգիայի ժամանակ: Օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտության հարցը ներկայացվել է անվտանգության խորհրդի քննարկմանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել