Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԿՆԱՐԿԸ՝ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՌԵԿՈՐԴՈՎ

Մարտ 06,2009 00:00

\"\"Երեկ մայրաքաղաքի օլիմպիական հերթափոխի քոլեջում մեկնարկեց ծանրամարտի Հայաստանի պատանեկան առաջնությունը, որը նվիրված էր սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 50-ամյակին:

Թե մարզաձեւի ֆեդերացիան եւ թե քոլեջի աշխատակազմն ամեն բան արել էին առաջնությունը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար:

Առաջնության մեկնարկային օրն առանձնացավ երկամարտում ծանրամարտի Հայաստանի այդ տարիքային խմբի նոր ռեկորդի արձանագրումով՝ 228 կգ: Այն սահմանեց մինչեւ 56 կգ քաշային կարգում Եվրոպայի պատանիների կրկնակի երկրորդ մրցանակակիր երեւանցի Սմբատ Մարգարյանը: 2-րդ եւ 3-րդ տեղերը, համապատասխանաբար, գրավեցին Վարդան Կարապետյանը՝ 189 կգ եւ Հարություն Կադիմյանը՝ 182:

Իսկ մինչ այդ հայտնի էին դարձել նաեւ մինչեւ 50 կիլոգրամ քաշային կարգի հաղթողն ու մրցանակակիրները: Այստեղ երկամարտի 175 կգ արդյունքով հավասարը չէր ունեցել օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Վարդան Միլիտոսյանի եղբոր՝ օլիմպիական չեմպիոն Իսրայել Միլիտոսյանի որդին՝ կրտսեր Վարդան Միլիտոսյանը: Երկրորդ տեղն զբաղեցրել էր նույնպես գյումրեցի Աբրահամ Պետրոսյանը՝ 170 կգ, իսկ երրորդը՝ Սամաղարի ներկայացուցիչ Անդրանիկ Կարապետյանը՝ 165:

Բացման հանդիսավոր արարողության ժամանակ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ, սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Սամվել Խաչատրյանը, դիմելով պատանի ծանրորդներին՝ ասաց. «Ինչպես սպարապետ Վազգեն Սարգսյանն էր մարտի դաշտում Հայաստանի համար փառավոր հաղթանակներ տանում, այնպես էլ դուք նրա հաղթարշավները պետք է շարունակեք սպորտում, ձեր մրցահարթակներում ու աշխարհի աչքի առջեւ միշտ բարձր ծածանեք Հայոց եռագույնը»:

Իսկ «Առավոտի» հետ ունեցած առանձնազրույցում ասաց. «2006 թվականից ի վեր, ինչ գլխավորում եմ ֆեդերացիան, երկրի առաջնություններում դեռ այսքան շատ մասնակիցների չեմ տեսել: Քաշային կարգեր կան, որոնցում հարկադրված ենք եղել ծանրորդներին բաժանել խմբերի, ինչպես լինում է Եվրոպայի կամ աշխարհի առաջնությունում: Սա, անշուշտ, մեզ ոգեւորում է: Որախալի է նաեւ, որ ընդլայնվել է մարզաձեւի աշխարհագրությունը: Արդեն մասնակիցներ ունենք այնպիսի մարզերից ու քաղաքներից, ինչպես, օրինակ, Գավառը, Քաջարանը եւ այլն, որոնք վերջին տարիներին, թվում էր, թե ծանրամարտը մոռացել էին:

Այս առաջնության արդյունքներով մարզիչները կհավաքագրեն լավագույններին, որոնք էլ կնախապատրաստվեն Թաիլանդում մայիսին անցկացվելիք այս տարիքային խմբի աշխարհի անդրանիկ առաջնությանը, որը միեւնույն ժամանակ 2010 թվականին Սինգապուրում կայանալիք առաջին պատանեկան օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշար է: Աշխարհի առաջնություն մեկնելու է յոթ ծանրորդից բաղկացած ամբողջական կազմ եւ պայքարելու է հնարավոր առավելագույն քանակով օլիմպիական վարկանիշ ձեռք բերելու համար»: Ֆեդերացիայի նախագահը սպասում էր Վազգեն Սարգսյանի ընտանիքի անդամներին. «Ես անձամբ հրավիրատոմս եմ ուղարկել սպարապետի հարազատներին: Այսօր նրանք չեկան: Գուցե՝ չստացվեց, հնարավոր չեղավ: Բայց հուսով եմ, որ մինչեւ մարտի 8-ը (առաջնությունը շարունակվելու է մինչեւ այդ օրը) իրենց ներկայությամբ կպատվեն պատանի ծանրորդներին»:

Սպորտի եւ երիտասարդության փոխնախարար, ՀՀԿ խորհրդի անդամ Խաչիկ Ասրյանն ասաց. «Սպարապետ Վազգեն Սարգսյանն ազգային արժեք է յուրաքանչյուր հայի համար: Նա, որպես գործիչ, ծնվելով հայ ազգային ազատագրական պայքարում՝ անձնական անգնահատելի ներդրում ունեցավ արցախյան հերոսամարտի փառավոր հաղթանակում: Անձամբ ինչ-որ չափով սպարապետի հերոսական գործունեության մասնակիցն ու ականատեսն եմ եղել: Եվ հպարտ եմ, որ ապրում եմ Վազգեն Սարգսյանի ժամանակաշրջանում: Այսօր նա կլիներ 50 տարեկան: Մաղթում եմ, որպեսզի հայ ընտանիքներում Վազգենի նման ծնունդներ շատ լինեն, որովհետեւ նման ծնունդները հայ պատմության մեջ բացառիկ են եւ, կրկնում եմ, ազգային արժեք: Այսօր ունենք անկախ Հայաստան, պետականություն, տարածաշրջանում մարտունակ ազգային բանակ, որոնց կայացման գործում Վազգեն սպարապետն իր լուրջ ներդրումն ունեցավ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել