Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԻՆՆ ՈՒ ՏՂԱՄԱՐԴԸ՝ ՄԻՄՅԱՆՑ ՄԱՍԻՆ

Մարտ 13,2009 00:00

«Կանայք տղամարդկանց աչքը շոյելու համար չեն»

Կինն ու տղամարդը միմյանցից շատ տարբեր են, բայց ունեն հավասար իրավունքներ, սակայն այդ իրավունքների հավասարության հետ ոչ բոլոր տղամարդիկ են համաձայն: Տղամարդկանց մի մասի կարծիքով՝ ընտանիքում կինը պետք է լինի միայն լսողի, ցանկություններ կատարողի դերում, խոհանոցում, մեկ էլ զբաղվի երեխաների դաստիարակությամբ: Մի մասն էլ կարծում է, որ կինը, վերը թվարկվածներից բացի, կարող է նաեւ աշխատել, զբաղեցնել որոշակի պաշտոններ: Հայ տղամարդկանցից շատ քչերն են համաձայն, որ կինն ու տղամարդն ունեն հավասար իրավունքներ, եւ ոչ ոք իրավունք չունի դրանք ոտնահարել կամ անտեսել: Ինչպիսի՞ն է պատկերն այսօր, ի՞նչ են մտածում տղամարդիկ կանանց մասին, իսկ կանայք՝ տղամարդկանց, կարծիքները շատ տարբեր են:

«Առավոտը» բանաստեղծուհի Վիոլետ Գրիգորյանից ու արձակագիր Վահրամ Սահակյանից խնդրեց, որպեսզի նրանք մեկնաբանեն իրենց հակառակ սեռին: Վիոլետ Գրիգորյանի համոզմամբ՝ եթե հնարավոր լիներ անտեսանելի դարձնող գլխարկով հայտնվել հայ տղամարդկանց միջավայրում, կանայք կհամոզվեին, որ, անկախ տարիքից, մասնագիտությունից, կոչումից, հասարակության մեջ զբաղեցրած դիրքից, բոլորը կանանց նույնկերպ են վերաբերվում. «Բոլորը՝ մտավորականը, կոշկակարը, քրեականը, օլիգարխը, բանաստեղծը… նույն մտածողությունն ունեն, եւ դա երեւում է, երբ նրանք խոսում են կանանց մասին: Ես հնարավորություն ունեցել եմ տարբեր միջավայրերում, իհարկե՝ առանց անտեսանելի գլխարկի, լսել, թե ինչպես են տղամարդիկ խոսում կանանց մասին: Անկախ այն բանից, թե նրանք ինչ բառեր կօգտագործեն, եւ խնդիրը բոլորովին այդ բառերը չեն, նրանք կանանց վերաբերվում են իբրեւ երկրորդ «սորտի»: Միայն լսեք, թե տղամարդիկ ինչպիսի~ անեկդոտներ են պատմում, ինչքան գռեհիկ են արտահայտվում կանանց մասին: Եթե անգամ կնամեծար տեքստ են ասում, իրականում՝ էլի խտրականություն կա կանանց հարցում: Կինը ոչ բարձր ու, առավել եւս, ոչ էլ ցածր է տղամարդուց, կինն ու տղամարդն ունեն հավասար իրավունքներ եւ ստեղծագործելու, քաղաքականության մեջ ու մյուս ոլորտներում դրսեւորվելու առումով՝ ոչնչով պակաս չեն տղամարդկանցից: Կանայք ստեղծված չեն ո՛չ տղամարդկանց աչքը շոյելու, ո՛չ էլ սեռական ցանկությունները բավարարելու կամ տղամարդկանց ինքնահաստատմանը նպաստելու համար, որ մի հատ ծաղիկ կամ ադամանդ նվիրեն ու կանանց հաշվին ինքնահաստատվեն: Ամենուրեք տղամարդիկ նույն մտածողությունն ունեն: Երկու ձեռքիս մատների վրա կարող եմ թվել այն տղամարդկանց, որոնք բոլորի նման չեն մտածում կանանց մասին: Իսկ, ընդհանրապես, հայ տղամարդկանց գերակշիռ մեծամասնությունը պահպանողական է, գռեհիկ ու հետադեմ»:

Արձակագիր Վահրամ Սահակյանն էլ իր ձեւով բնութագրեց հայ կանանց. «Ես դրա էքսպերտն եմ: Հայ կնոջը շատ բան է գեղեցկացնում, զարդարում, բայց ավելի շատ բան՝ երբեմն դառնում է անտանելի: Հայ կանայք շատ հոգսառատ են իրենց զգում: Երեւի նկատած կլինեք, որ ինչ-որ սոցիալական սայթերում, օրինակ՝ odnoklassniki-ում, նրանք ինչ տեսք ունեն իրենց նկարներում: Նրանք այնպիսի տեսքով են այդ նկարներում, կարծես ամբողջ աշխարհի դարդերն իրենց են տվել, ինչ-որ պրոբլեմներ ունեն… Ես կուզեմ, որ հայ կինը կյանքին մոտենա թեթեւ, կատակով, ամեն ինչից չնեղանա… »: «Առավոտի» հարցին՝ ըստ ձեզ ինչո՞վ է պայմանավորված հայ կանանց դարդոտ լինելը, Վ. Սահակյանը պատասխանեց. «Այս հարցում նախ եւ առաջ տղամարդիկ են մեղավոր, որ իրենց կանանց, ընկերուհիներին այնքան էլ չեն սիրում, շատ ռաբիս են: Ու հենց այդ ռաբիսության պատճառով էլ կինը մնում է մի տեսակ անհասկանալի վիճակում ու դժբախտանում է: Օրինակ, ի՞նչ է նշանակում այն, որ 27-28 տարեկան աղջիկը կույս-կույս նստած տանը ծխում է, սաղ օրը դարդերի մեջ է… Ես չեմ կարողանում դա ընդունել: Ներողություն, բայց չեմ կարողանում հասկանալ 27-28 տարեկան կույսին: Նրա հետ նույնիսկ զրուցել չի լինում, որովհետեւ նա տեղով ներվ է, նա բորբոքված է, նա արդեն վերջացած է… Ու ես շատ եմ ցավում դրա համար: Ես ուզում եմ, որ կանայք լինեն ուրախ, թեթեւ, որովհետեւ կինը պետք է տղամարդկանց հետ թեթեւ լինի, որ տղամարդն էլ նրան այդպես վերաբերվի, չէ՞ որ ամեն ինչ փոխադարձ է: Ես շատ կուզեմ, որ մեր կանայք եւ աղջիկները ձերբազատվեն այդ տեսակ բաներից, կոմպլեքսներից, մոռանան այդ ամենը, թող ռեմոնտ չանեն իրենց տունը, բայց սիրեն իրենց ամուսիններին, իրենց ընկերներին, մոռանան ամեն տեսակ ստից բաները, որովհետեւ կյանքը կարճ է, շատ կարճ, մի քիչ էլ դիմացեք…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել