Լրահոս
Օրվա լրահոսը

«Կեցցե՛ խանդը»

Մարտ 26,2009 00:00

Թատերագետ Արա Խզմալյանը արվեստագետների մոտ առկա այս զգացումը արդարացնում է, եթե այն մղում է ինքնակատարելագործման:

\"\"
Ըստ Ա. Խզմալյանի, մերօրյա թատերական արժեքներն այդքան առատ չեն:

Արվեստագիտության թեկնածու, թատերագետ Իդա Բաբայանը 2005 թ. լույսընծայված իր «Վարագույրից այն կողմ» եւ «Վարդան Աճեմյանի աշխարհը» գրքերում առաջին անգամ բարձրաձայնեց արվեստագետի նախանձի, խանդի մասին: Նա փաստել էր, որ մեծանուն բեմադրիչի հանդեպ դավաճանության ու խանդի տեսարաններ սարքողների մեջ նրա երբեմնի ուսանողներն էին, այդ թվում՝ անվանի դերասաններ Մետաքսյա Սիմոնյանը, Խորեն Աբրահամյանը եւ այլք, չնայած նրանք իրենց հաջողությունների համար պարտական էին մեծ բեմադրիչին ու մանկավարժին: Ասվածը միակ գրավոր «փաստաթուղթն» է: Մասնագետների շրջանում չեն լռում կուլիսային խոսակցությունները նաեւ նշանավոր բեմադրիչ Արմեն Գուլակյանի անձի շուրջ, որը 1951թ. Գ. Տեր-Գրիգորյանի «Այդ աստղերը մերն են» ներկայացման համար ստացել է պետական մրցանակ, մրցանակակիրների ցուցակից դուրս մղելով իրական հեղինակին՝ երիտասարդ ռեժիսոր Հրաչիկ Վարձիկուլյանին, որի կյանքն այդ տարի էլ ավարտվել է ողբերգական մահով:

«Առավոտի» հետ զրույցում արվեստագիտության թեկնածու, թատերագետ Արա Խզմալյանը, խոսելով մասնագիտական խանդի մասին, նախ հիշեց լոռեցի իր ընկերոջ խոսքը՝ «Եթե ուզում ես որեւէ դերասանի քննադատել, գովաբանիր նրա կողքի դերասանին», հետո էլ, վկայակոչելով Պուշկինի «Մոցարտը եւ Սալիերին» երկը, ասաց, որ դա նախանձի բարձրագույն դրսեւորումն է: Մեր զրուցակիցը նկատեց նաեւ. «Եթե նախանձը արվեստագետին մղում է մրցակցության, կատարելագործման, դիմացինի հնարավորությունները գերազանցելու ցանկության, ապա այդ դեպքում՝ կեցցե նախանձը»:

Ըստ Ա. Խզմալյանի՝ այսօր զարմանալիորեն նախանձոտ վերաբերմունք կա խաղացանկային թատրոնների կողմից՝ ժամանակավոր թատերախմբերի հանդեպ. «Պատճառը պարզ է՝ ժամանակավոր թատերախմբերը չունեն խաղացանկային թատրոններին բնորոշ հանդիսատեսի խնդիր: Այսօր ամենից շատ քննադատվում են Վարդան Պետրոսյանը, Հրանտ Թոխատյանը, Նարեկ Դուրյանը, Միքայել Պողոսյանը: Անկախ այն հանգամանքից, որ այս մարդկանց ստեղծագործության մեջ վերապահելի բան կա՝ ճաշակի, հղկվածության, գեղարվեստական ամբողջականության առումներով, այդուհանդերձ, նրանք ավելի թատրոն են, քան շատ թատրոններ»: Մեր խնդրանքին՝ մանրամասնել ասածը, թատերագետը հայտնեց հետեւյալը. «Որովհետեւ նրանց յուրաքանչյուր ակնարկ, մտահղացում, խոսք՝ գտնում է իր արձագանքը, մի խոսքով՝ հանդիսատեսի համար ընկալելի է»: Դիտարկմանը՝ ստացվում է, անկախ թերություններից, Դուք ընդունում եք ցածրարժեք նյութի մատուցումը հանդիսատեսին, մինչդեռ բոլոր ժամանակներում թատրոնը հանդիսատեսին կրթելու առաքելություն ունի, Ա. Խզմալյանն ասաց. «Թատրոնի գոյությունը որոշվում է ոչ թե մասնագետի կամ բարձրաճաշակ հանդիսականի չափանիշներով, այլ համապատասխան թելադրանքով: Ի վերջո, ամեն ոք թող զբաղվի իր գործով եւ իր մտահոգության առարկան չդարձնի գործընկերոջ աշխատանքը: Դրա համար կան թատերագետներ»: Իսկ թե որտե՞ղ են մերօրյա թատերագետները, Ա. Խզմալյանը նշելով, որ կարող է միայն իր անունից պատասխանել, հայտնեց. «Եթե ներկայացումը ինձ անհանգստացրել է, մտածելու տեղիք տվել, ուրեմն բացառվում է, որ ես չգրեմ այդ մասին: Երբեմն էլ հակված եմ մտածելու, որ թատերագետը չի կարող շատ գրել արդի հայ թատրոնի մասին, քանի որ մեր թատերական արժեքներն այդքան առատ չեն, որ նրանց մասին առատորեն գրես»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել