Լրահոս
Օրվա լրահոսը

ՇՏԱՊՕԳՆՈՒԹՅԱՆԸ «ՋԻՓԵՐԸ» ՇՐՋԱՓԱԿՈՒՄ ԵՆ

Ապրիլ 01,2009 00:00

Վանաձորում շտապօգնության կանչերին բժիշկները ուշացումով են արձագանքում, քանի որ ժամեր է պահանջվում՝ մինչեւ կողմնակի ավտոմեքենաների շրջափակումից դուրս գան:

Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիրի շրջակայքը մշտապես խցանված է ավտոմեքենաներով, ինչն էլ պատճառ է դառնում, որպեսզի շտապօգնության մեքենաները չկարողանան ժամանակին տեղ հասնել ու հիվանդին շտապ- օգնություն ցուցաբերել: Որոշ վանաձորցիներ էլ մեզ հետ զրույցում հավաստեցին, որ բժիշկներն ուշացումով են տեղ հասնում: Շատ հաճախ հիվանդ տեղափոխող շտապօգնության մեքենաները հարկադրված կանգ են առնում հիվանդանոցի մուտքի մոտ, որպեսզի ճանապարհ բացվելուց հետո կարողանան ներս մտնել: Հիվանդանոցային համալիր մեր այցելության օրը նույն վիճակն էր: Նույնիսկ շտապօգնության մեքենաներից մեկի վարորդը վիճաբանության մեջ մտավ մի «Ջիփի» վարորդի հետ, քանի որ վերջինս փակել էր հիվանդանոցի մուտքի ճանապարհը: «Ջիփատերը» խիստ վիրավորվեց շտապօգնության մեքենային ճանապարհ տալու պահանջից, ինչի հետեւանքով էլ լեզվակռիվ սկսվեց:

Հիվանդանոցային համալիրի շտապօգնության բաժանմունքի վարիչ Արսեն Վարդանյանը հիմնավոր համարեց քաղաքացիների բողոքը եւ «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Բողոքը հիմնավոր է, քանի որ մեր հիվանդանոց մեքենաներ շատ-շատ են գալիս: Մարդիկ իրենց մեքենան կանգնեցնում են, դռները փակում եւ ժամերով անհետանում: Իսկ երբ հրատապ զանգ է լինում, եւ մեր անձնակազմը պետք է հասնի հիվանդին կամ հիվանդին տեղափոխի հիվանդանոց, մեր մեքենաները հայտնվում են խցանումների մեջ: Մեզ համար լուրջ դժվարություն է առաջացնում նաեւ այն հանգամանքը, որ դիահերձարանը եւ շտապօգնության բաժանմունքը գտնվում են հարեւանությամբ: Լինում են օրեր, որ դիահերձարանում մի քանի դիակ է լինում, բնականաբար, նրանցից յուրաքանչյուրի հետեւից գալիս է մի քանի մեքենա: Իսկ եթե հանկարծ մեծահարուստի դիակ է լինում, ապա ամբողջ բակը լցվում է տասնյակ «ջիփերով» եւ որեւէ տեղաշարժ այստեղ դառնում է անհնարին: Կարծում եմ, որ այս հարցը պետք է գլոբալ լուծում ստանա: Հիվանդանոցը պետք է ունենա ավտոկայանատեղի, որպեսզի մեքենաները կանգնեն այնտեղ: Եվ այս հարցում մեզ պետք է օգնի նաեւ պետավտոտեսչությունը»:

Մեր այն դիտարկմանը, թե դժգոհություններ կան նաեւ, որ հաճախ շտապօգնության մեքենաները հիվանդ տեղափոխելիս ճանապարհին փչանում են, պարոն Վարդանյանն ասաց, որ այդպես է, քանի որ շտապօգնության մեքենաները բավականին հին են, կան նույնիսկ 20 տարվա մեքենաներ, որոնք անցել են իրենց բոլոր ժամկետները: Բացի այդ, բաժանմունքի վարիչը հայտնեց, որ մեքենաները քիչ են եւ աշխատում են ամեն օր ու չեն կարող պարբերաբար կանգնել վերանորոգման: Ա. Վարդանյանն էլ իր հերթին դժգոհեց բնակիչներից, ասելով, որ հաճախ հարկի-անհարկի զանգահարում են, նույնիսկ հիվանդներ կան, որոնք ամեն օր նույն ժամին զանգում են եւ իրենց համար ձրի դեղորայք եւ բուժսպասարկում ապահովում: Ըստ վարիչի՝ բնակիչներից շատերն էլ կարծում են, թե շտապօգնության մեքենան ձրի տաքսի է, որը պարտավոր է իրենց տեղափոխել հիվանդանոց, մինչդեռ իրենք կարող էին իրենց ոտքով գալ:

Հիվանդանոցի տնօրենի տնտեսական գծով տեղակալ Բենիամին Կռոյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Նույնիսկ դիմել եմ պետավտոտեսչության պետին, ներկայացրել իրավիճակը եւ խնդրել որեւէ միջոց ձեռնարկել, ճանապարհատրանսպորտային անհրաժեշտ նշաններ տեղադրել, սակայն նա մեզ պատասխանեց, որ դա մեր տարածքն է, եւ հարցը մենք պետք է լուծենք, քանի որ իրենք իրավասու չեն միջամտել մեր տարածքում: Հարցի միակ լուծումը ավտոկայանատեղի ունենալն է, սակայն մենք ունենք տարածքի խնդիր: Նախկինում եղել է ազատ տարածք, որը ծառայել է որպես ավտոկայանատեղի, եւ նման իրավիճակ չի եղել: Սակայն տարածքն այսօր պարսպապատված է, քանի որ սեփականաշնորհված է նախկին տնօրեն Յուրա Բաբլումյանի կողմից: Հիվանդանոցի մոտ գրեթե ազատ տարածք չկա, անգամ մայթերն են սեփականաշնորհված: Իսկ այս իրավիճակը կարող է վտանգավոր եւ ճակատագրական լինել հիվանդների համար: Ես գիտեմ, որ մեր հիվանդանոցի ներկայիս տնօրենը նույնիսկ ցանկացել է իր անձնական միջոցներով հետ գնել տարածքները եւ օգտագործել հիվանդանոցի համար, բայց սեփականատերերը այնպիսի աստղաբաշխական գներ են սահմանել, որ ուղղակի հնարավոր չէ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել