Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱՀԱՆՋ, ԲԱՅՑ՝ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԱԶՄՈՎ

Ապրիլ 14,2009 00:00

Ռումինիայի մայրաքաղաքի «Sala Polivalenta» մարզասրահում ընթացող ծանրամարտի

Եվրոպայի տղամարդկանց 88-րդ եւ կանանց 22-րդ առաջնությունները հատեցին վերջնագիծը:

Հին Աշխարհամասի լավագույններին որոշելու համար պայքարի մեջ ներգրավվել էին 35 երկրների շուրջ 250 մասնակիցներ:

Հայաստանն ընդհանուր առմամբ Բուխարեստ գործուղել էր ինը մարզիկի՝ երեք աղջիկ եւ վեց տղամարդ: Ընդ որում, տղամարդկանցից երկուսը՝ Գեւորիկ Պողոսյանը եւ Արամ Անդրիկյանը, մինչեւ 85 կգ քաշային կարգում փոխարինում էին Պեկինի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր ու Եվրոպայի չեմպիոն Տիգրան Մարտիրոսյանին:

«Առավոտը» Եվրոպայի առաջնության ողջ ընթացքում ամեն օր օպերատիվ ներկայացրել է մեր ծանրորդների ցույց տված արդյունքներն ու զբաղեցրած տեղերը: Մնացել էին միայն հանգստյան օրերին մրցահարթակ մտած մինչեւ 105 կգ եւ գերծանր քաշայինները (105 կիլոգրամից բարձր):

Նախավերջին քաշային կարգում՝ 105, հանդես եկող 25-ամյա Արթուր Բաբայանը պոկում վարժությունում բարձրացրեց 175 կիլոգրամանոց ծանրաձողը, այնուհետեւ «հրումում» ցույց տվեց 207 կգ եւ երկամարտի 417 կիլոգրամով հանգրվանեց 7-րդ հորիզոնականում: Դա լա՞վ արդյունք է եւ մարզիչներին բավարարում կամ սպասելիքներն արդարացնո՞ւմ է՝ առայժմ դժվարանում ենք պատասխանել: Այդ հարցի պատասխանը Երեւան վերադառնալուց հետո կտան մեր ազգային հավաքականի մարզիչները, ֆեդերացիան եւ ՀԱՕԿ-ը: Իսկ մինչ այդ, ասենք, որ Արթուրը միջազգային պաշտոնական բոլոր մրցումներում միշտ էլ միջին դիրքեր է գրավել: Հետեւաբար, Բուխարեստում հանդես է եկել իր իրական հնարավորությունների սահմաններում:

\"\"Ծանրամարտում, ինչպես նաեւ մենապայքարային մյուս մարզաձեւերում, ամենից ավելի գնահատվում է գերծանր քաշային կարգում նվաճած չեմպիոնի կոչումը: Եվ քաշային կարգում ազգային ֆեդերացիաների միջեւ պայքարն առանձնապես թեժ է: Եվ ուրախալի է, որ այս ֆոնի վրա վերջին տարիներին 105 կգ-ից բարձր քաշային կարգում, կարելի է ասել, անհայտությունից միջազգային ասպարեզ է ներխուժել մարզաձեւի հայաստանյան դպրոցի ներկայացուցիչ Ռուբեն Ալեքսանյանը, որի անունն արդեն սկսել է ավելի հաճախակի հնչել չեմպիոններին շատ շուտով «գահընկեց» անողների հավանական ցուցակում:

Ռուբենը, ճիշտ է, Բուխարեստում պոկում վարժության առաջին իսկ հաջող մոտեցումով (187 կգ), երբ պայքարին մասնակցողներից շատերն արդեն ավարտել էին մրցելույթը, մեդալի լուրջ հայտ ներկայացրեց, սակայն հաջորդ՝ 192 կգ-ին մոտեցման ժամանակ, երբ այդ ծանրությունը նույնպես գրեթե սանձված էր, վերջին ակնթարթում տեխնիկական կատարման վրիպում թույլ տվեց, ինչի արդյունքում ոչ միայն մոտեցումը ձախողեց, այլեւ մկանը ցավեցրեց: Դրանից հետո, հավանաբար՝ նրա պահանջով, մարզիչները համաձայնեցին ընդամենը երեք րոպե անց 19-ամյա մարզիկին երրորդ մոտեցումը կատարելու հնարավորություն տալ, սակայն դա նրա համար այլեւս ճակատագրական եղավ: Ռուբենը վնասվածք ստացավ եւ ի վիճակի չեղավ պայքարը շարունակել երկրորդ՝ հրում վարժությունում:

Անկախ ամեն ինչից, Ռուբենը պայքարող մարզիկի տպավորություն գործեց ու, անկախ Բուխարեստում գրաված դիրքից, համընդհանուր սիրո արժանացավ:

Ծանրամարտի Եվրոպայի առաջնության թիմային ընդհանուր հաշվարկում (տղամարդիկ+աղջիկներ) Հայաստանը 35 երկրների պայքարում երկամարտի մեկ ոսկե եւ երկու արծաթե մեդալներով հանգրվանեց 5-րդ հորիզոնականում՝ իրենից առաջ թողնելով Ռուսաստանին, Թուրքիային, Ուկրաինային եւ Բելառուսին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել