Լրահոս
Օրվա լրահոսը

9-րդ դասարանի շրջանավարտների թիվը 39 400 է, 12-րդ դասարանն ավարտում է 20 554 աշակերտ

Մայիս 23,2024 13:45

Այս տարի 9-րդ դասարանի շրջանավարտների թիվը 39400 է, 12-րդ դասարանինը՝ 20 554, իսկ Տավուշի շրջանավարտներն առաջինն են, որոնք դպրոցն ավարտում են հանրակրթության պետական նոր չափորոշչով: Այս մասին նշեց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ տարեվերջի ամփոփիչ ասուլիսի ընթացում: Նա անցնող ուսումնական տարին որակեց բավականին բարդ՝ պայմանավորված իրականացված փոփոխություններով: Իսկ ամենակարեւոր փոփոխությունը, ըստ փոխնախարարի, հանրակրթական ուսումնական չափորոշչի ներդրումն է 2-րդ, 5-րդ եւ 7-րդ դասարաններում:

Արաքսիա Սվաջյանն ասաց, որ իրենց մտահոգում է ցածր առաջադիմություն ունեցող սովորողների վիճակը, եւ այդ երեխաների համար ստեղծվել է երկարօրյա ծառայությունների համակարգ, որի միջոցով աշակերտները կարող են լրացուցիչ աջակցություն ստանալ իրենց ուսուցիչներից: Նա դասագրքերին  էլ անդրադարձավ, ասաց, որ 2023թ հայտարարվել էր 65 անուն դասագրքերի մրցույթ, որոնցից 49 անուն դասագրքերի մրցույթը կայացել է, այդ դասագրքերն էլ տպագրվել ու բաշխվել են հանրակրթական դպրոցներին, ու քանի որ հանրակրթական չափորոշիչը  հաջորդ տարի ներդրվելու է 3-րդ, 6-րդ, 8-րդ, 10-րդ դասարաններում, կրկին դասագրքերի մրցույթ է հայտարարվելու:

«Մենք այս պահին 109  դասագրքի հայտ ենք ստացել, եւ այս դասագրքերը ներկայումս փորձաքննության փուլում են, փորձաքննության փուլը կավարտվի, եւ դրանք նախարարի հրամանով կերաշխավորվեն, ու մյուս տարի դասագրքերը կլինեն դպրոցներում»,-ասաց ԿԳՄՍ փոխնախարարը:

Ինչ վերաբերվում է դպրոցների ֆինանսավորման փոփոխություններին, նախարարի տեղակալն ասաց, որ ամենակարեւոր փոփոխություններից մեկը երեխա-թվով ֆինանսավորումից դասարան-թվով ֆինանսավորման անցնելն է: Այս ֆինանսավորման արդյունքում, եթե 2023թ. հանրակրթությանը հատկացվել էր 115 մլրդ դրամ գումար, ապա  2024-ին՝ բյուջեն 6.6 մլրդ-ով ավելացել է՝ կազմելով  ավելի քան 121 մլրդ»:

Ի թիվս այլնի՝ Արաքսիա Սվաջյանը նշեց նաեւ, որ Արցախից շուրջ 17000 տեղահանված աշակերտն է սովորում Հայաստանի հանրակրթական դպրոցներում, նույնիսկ փաստաթղթերի բացակայության դեպքում նրանից շատերի սովորելու իրավունքն իրացվել է:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031