Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ԾԱՌԱՅԵԼԸ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է

Ապրիլ 18,2009 00:00

\"\"Մեր զրուցակիցն է ՀՀ ԱԱԾ աշխատակից, ՀՀ շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Հովիկ Խալիկյանը

– Պարոն Խալիկյան, մենք Ձեզ շնորհավորում ենք Ֆրիտյոֆ Նանսենի ոսկյա հուշամեդալով պարգեւատրվելու կապակցությամբ:

– Ես ինձ շատ պարտավորված եմ զգում: Հասարակական-քաղաքական կյանքին հնարավորինս ակտիվ մասնակցությունը իմ մեջ սերմանվել է մանկուց: Ես համադասարանցիներից առաջինն եմ դարձել հոկտեմբերիկ, պիոներ, կոմերիտական, ընտրվել եմ դրուժինայի խորհրդի նախագահ, դպրոցի կոմերիտմիության քարտուղար, պարգեւատրվել եմ «Արտեկ» համամիութենական ճամբարի ուղեգրով, ընտրվել եմ Հայաստանի շախմատիստի կենտրոնական տան սկզբնական կուսկազմակերպության քարտուղար: Չեմ վախեցել հանուն Ղարաբաղը Հայաստանին միացնելու՝ առաջին միտինգին մասնակցել: Իմ ուժերի ներածի չափով մասնակցել եմ Հայկական բանակի կայացման սուրբ գործին: Իմ կարծիքով, հասարակական-քաղաքական կյանքին մասնակցությունը՝ յուրաքանչյուրի հայրենասիրական դրսեւորման ձեւերից մեկն է:

– Իսկ ի՞նչ մասնակցություն եք ունեցել Հայոց ցեղասպանության ճանաչման գործում:

– Ընկերս՝ Լեւոն Սարգսյանը, Հայաստանի դեսպանն էր Սիրիայում եւ շատ լավ կապեր էր հաստատել Սիրիայի իշխանությունների հետ: 2001 թվականին Հայ առաքելական երկու գահակալների այցը Տեր Զոր փառավորելու եւ կարեւորելու նպատակով՝ դեսպանը ծրագրեց Հայաստանից խաչքար-հուշասյուն տեղափոխել Սիրիա եւ տեղադրել Նահատակաց եկեղեցում: Այդ դժվարին խնդիրը շատ կարճ ժամանակում իրագործեցին Լեւոնը եւ նրա ընկերները: Ինձ էլ բախտ վիճակվեց այդ գործում մասնակցություն ունենալ: Հետագայում մենք խնդիր դրեցինք ամեն տարի ապրիլի 24-ին ուխտագնացություն կազմակերպել Տեր Զոր եւ հայ հասարակության լայն շրջանակներին մասնակից դարձնել այդ ազգանվեր գործին: Տարեցտարի ուխտագնացների թիվը շատանում է, եւ հայ ժողովուրդը հնարավորություն է ստանում հարգանքի տուրք մատուցել անապատներում խոշտանգված մեր հայրենակիցների հիշատակին, դրանով իսկ ավելի գործուն դարձնելով Ցեղասպանության ճանաչման գործընթացը: Իմ մեջ տպավորվել է հատկապես Եղեռնի 90-րդ տարելիցի ուխտագնացությունը: Հայաստանից ժամանած ստվար խմբով եղանք Նահատակաց եկեղեցում, այցելեցինք Մարկադե, ուր կանգնեցված է Եղեռնի զոհերի Սուրբ Հարություն մատուռ (ի դեպ, այստեղ Փյունիկ հիմնադրամի բարեգործական բուժարան է կառուցվելու), Շադադե, որտեղ ավելի քան 300 հազար հայ է կոտորվել: Ծառատունկ կազմակերպեցինք Ռասելայնում գտնվող Սուրբ Հակոբ եկեղեցու բակում: Եվ վերադարձանք Եփրատի ափ, ուր Արամ կաթողիկոսը երկու հայ մանուկների մկրտման արարողություն կատարեց: Ամենաէականն այն էր, երբ կաթողիկոսը մյուռոնը հեղեց Եփրատի ջրերի մեջ՝ 90 տարի հայի մահու գետ համարվող Եփրատը հայտարարեց կյանքի գետ: Բոլորս հեկեկում էինք, երբ Հալեպի հայկական մանկական երգչախումբը երգեց հայ կույսի «Ո՞ւր ես, հայրիկ» երգը՝ «Ո՞ւր ես, հայրիկ, մի՞թե չգիտես, ինչքան ցավոտ է թուրքի դաշույնը»: Ըստ պատմության, այս երգը երգելով, հայ աղջնակներն իրենց ժայռերից գետն էին նետել, որպեսզի բարբարոսի ձեռքը չընկնեն: Իմ խորին համոզմամբ, յուրաքանչյուր հայ գոնե մեկ անգամ պետք է այցելի Տեր Զոր, որից հետո անհնար է անմասն մնալ Ցեղասպանության ճանաչման ազգային գործընթացին: Օգտվելով առիթից, ես իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Երեւանի պետական համալսարանի աստվածաբանության ֆակուլտետի ղեկավարությանը, որոնք նախաձեռնողը եղան մեծ մարդասեր, խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Ֆրիտյոֆ Նանսենի անվան Հայաստանի հիմնադրամի ղեկավարությանը իրազեկելու եւ հիմնադրամի կողմից ինձ այս բարձր պարգեւին արժանացնելու կապակցությամբ:

Հ. Գ. Նալչիկում ընթացող ՖԻԴԵ-ի «Grand Prix» մրցաշարի երրորդ տուրում Լեւոն Արոնյանը պարտվեց Սերգեյ Կարյակինին, իսկ Վլադիմիր Հակոբյանը՝ Պետեր Լեկոյին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել