Լրահոս
Օրվա լրահոսը

«ՈՐ ՄԵՐ ՎԱՂՎԱ ՕՐԸ ԱՎԵԼԻ ԿԱՅՈՒՆ, ԱՎԵԼԻ ԲԱՐԳԱՎԱՃ ԼԻՆԻ»

Մայիս 05,2009 00:00 Share

Արաբկիրում հայտարարեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը եւ հավելեց. «Դա ես եմ ասում, իմացեք, որ մեր խոսքը գործ է»

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նախընտրական քարոզարշավը սկսեց Երեւանի Արաբկիր համայնքից: Կիրակի օրը Մերգելյան պուրակին հարող հրապարակում ԲՀԿ-ն ներկայացրեց իր նախընտրական ծրագիրը, իր համամասնական ցուցակի առաջին-երկրորդ դեմքերին: Հանրահավաքին ներկա էին նաեւ հայ էստրադայի երգիչներից մի քանիսը, ովքեր մինչ հանրահավաքի սկիզբը եւ ավարտից հետո երգում էին արաբկիրցիների համար: Համամասնական ցուցակի երկրորդ համարը՝ ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային կապերի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Մնացականյանը, հայտարարեց. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակում բոլորը պատվով, նամուսով, այս երկրի համար կառուցողական, մղձավանջային բնութագրի ոչ մի մութ էջ, ամբողջութամբ պայծառ, հարեհաս տրամադրությամբ եւ մարդկությամբ օժտված մարդիկ են բոլորը»: Պարոն Մնացականյանը խոստացավ, որ ԲՀԿ-ի ցուցակի հաղթանակի դեպքում Երեւանը ոչ թե «կկարկատվի, այլ կբերվի թամանյանական տեսքի»: Ըստ պարոն Մնացականյանի. «Ամենամեծ քվեն պետք է տրվի ԲՀԿ-ին, եւ բոլորս միասին պետք է ընդունենք փաստը՝ ԲՀԿ նախագահի կենսագրականը, Գագիկ Ծառուկյանի, նրա կատարած աշխատանքի, խոսքի եւ նրա՝ ամբողջությամբ Աստծու կողմից նվիրյալ լինելու փաստը: Հավատքով եւ անկեղծ ես պիտի ասեմ, որ չեմ հիշում մի դեպք, մի օր, մեկ առիթ, երբ Գագիկ Ծառուկյանը բարձրաձայներ, թե ում որքան օգնություն է կատարել: Հայաստանում չկա այնպիսի մեկը, որ չճանաչի Գագիկ Ծառուկյանին եւ չիմանա նրա կատարած բարեգործական աշխատանքների մասին, բայց եւ չկա մեկը, որ բարձրաձայն լսած լինի, թե նա ասի՝ այս եմ արել, այն եմ արել: Եվ նրա ամբողջ մարդկային որակը ամբողջությամբ փոխանցվել է կուսակցության մեջ, այդ մեծ, ահռելի բանակի մեջ, եւ մենք ներարկված ենք այդ ոգով: Եվ այդ ոգին է այսօր ստիպում մեզ բոլորիս, ոչ մի ակնկալիք չունենալով, ծառայել ձեզ: Տվեք ձեր ձայնը մեզ, օգնեք մեզ, օգնենք մենք բոլորիդ, Երեւան քաղաքին»,- առաջարկեց արաբկիրցի Մխիթար Մնացականյանը:

Քարոզարշավին մասնակցում էր նաեւ անձամբ պարոն Ծառուկյանը, ում հանրահավաքը վարող Գեղամ Մելիքսեթյանը ներկայացրեց այսպես. «Վերջին տարիներին մենք մոռացել էինք, որ հայ սպորտ գոյություն ունի, եւ վերջապես եկան օրեր, երբ հայոց եռագույնը փայլեց անգամ մեր թշնամի երկրի Բաքու մայրաքաղաքում, եւ դա Գագիկ Ծառուկյանի խոսքը գործ դարձնելու թեզի շնորհիվ էր»: Ինքը՝ ԲՀԿ նախագահը, եւս հայտարարեց, որ իր խոսքը գործ է, որ վստահելով ԲՀԿ-ին՝ երեւանցիները կառուցելու են բարգավաճ Երեւան բարգավաճ Հայաստանում. «Մեր կուսակցության ծրագիրը կազմված է կուսակցության ամենալավ մասնագետների կողմից, եւ այն, ինչ գրված է, իրականություն է դառնալու»,- ասաց ԲՀԿ նախագահը:

Հանրահավաքը վարողը ներկայացնելով ցուցակը գլխավորող առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին՝ բացականչեց. «Մինչ կներկայացնենք մեր համամասնական ցուցակի համար առաջինին, թույլ տվեք հիշեցնել ռուս մեծ փիլիսոփա Սերգեյ Լազարեւի խոսքերը, որն ասել է ՝ այն մարդը, որը չունի անցյալ եւ վախենում է ապագայից, նա ագրեսիայի է ենթարկում իր ժամանակը: Մեր համամասնական ցուցակի առաջին համարը ունի փայլուն անցյալ, ունի ապագայից չվախենալու տղամարդկային հատկություն, իր կենսագրականով նա արդեն ապացուցել է, որ կարող է ականջալուր լինել ամեն մի երեւանցու խնդրանքին, ամեն մի երեւանցու խնդրին»: Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հարություն Քուշկյանը հայտարարեց. «Մենք ուզում ենք, որպեսզի մեր քաղաքը լինի ամենալավը, մենք ուզում ենք, որ ցանկացած երեւանցու կենցաղը եւ յուրաքանչյուր օրը լինի բարեկեցիկ: Մեր կուսակցությունը եւ կուսակցության ղեկավարը ստեղծել են այնպիսի պայմաններ, որպեսզի մենք կարողանանք մաքսիմալ եւ օպտիմալ իրականացնել մեր ծրագրերը: Ընտրելով ԲՀԿ-ին՝ դուք Երեւանում կունենաք իշխանություններ, որոնք հասանելի կլինեն ձեզ համար, իշխանություններ, որոնք ամեն րոպե կլինեն ձեր կողքին, անհապաղ կանդրադառնան Երեւանի եւ երեւանցու յուրաքանչյուր խնդրին»:

Հ. Գ. Քարոզարշավի մեկնարկի առաջին օրը՝ մայիսի 2-ին, «Արմենիա-Մարիոթի» «Տիգրան Մեծ» սրահում ԲՀԿ-ն ներկայացրեց իր նախընտրական ծրագիրը: Արարողության ժամանակ ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը հայտարարեց. «Չպետք է հետեւել ասեկոսեներին, թե ամեն ինչ որոշված է, եւ ընտրությունները այլեւս ձեւականություն են: Ոչ, դեռ ոչինչ որոշված չէ, որոշելու է ժողովուրդը՝ մայիսի 31-ին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել