Լրահոս
Օրվա լրահոսը

«ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՆԴԻՐԸ ՉԷ»

Մայիս 15,2009 00:00

\"\"Ասում է գերմանացի արեւելագետ, լեքսիկոգրաֆ Նիմատ Ռահմատին

Երեկ «Կոնգրես» հյուրանոցում մեկնարկեց «Գերմաներենը անդրկովկասյան տարածաշրջանի լեզուների հետ մշակութային հակադրության եւ հարաբերության մեջ» խորագրով միջազգային լեզվաբանական երկօրյա գիտաժողովը: Այն կազմակերպվել էր Գերմանիայի ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) եւ Երեւանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ:

«Առավոտը» զրուցեց Գերմանիայի Համբուրգ քաղաքի համալսարանի դոկտոր, արեւելագետ Նիմատ Ռահմատիի հետ, որն ուսումնասիրում է գերմաներենի դասավանդման առանձնահատկությունները Ադրբեջանի հասարակության մեջ: Մինչ «Առավոտի» հարցերին պատասխանելը, դոկտորը պատմեց իր մասին. «Ծնվել եմ Իրանում: Երբ 7 տարեկան էի, ընտանիքով տեղափոխվեցինք տարբեր երկրներ, վերջնականապես հաստատվելով Գերմանիայում: Շատ եմ եղել նաեւ իմ ծննդավայրում եւ կարողանում եմ ազատ խոսել պարսկերեն»:

Պարզվում է՝ Գերմանիայում եւս դժգոհում են նրանից, որ կառավարության կողմից գիտությանը հատկացված ֆինանսական աջակցությունը բավարար չէ: Ն. Ռահմատին ասաց. «Ինչպես ձեր երկրում, այնպես էլ Գերմանիայում այդ առումով դժվարություններ կան: Պատճառն այն է, որ այժմ տնտեսությունն այնքան էլ լավ վիճակում չէ»:

Քանի որ Ն. Ռահմատին խոսեց երկրների համագործակցության մասին, հետաքրքրվեցինք՝ ո՞րն է նրա դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների մասին: Նա ասաց. «Հայաստանի նոր սկսվող հարաբերությունը Թուրքիայի հետ դրական եմ գնահատում, այդ հարաբերությունը ոչ միայն լավ է, այլեւ՝ անհրաժեշտ: Տնտեսական եւ աշխարհագրական առումով Հայաստանն ու Թուրքիան կապված են իրար: Երկու երկրները պարզապես պետք է երկխոսեն իրենց խնդիրների վերաբերյալ, քանի որ դրանք չեն լուծվում՝ առանց երկկողմանի քննարկման: Նույնն էլ պետք է արվի Ցեղասպանության հարցի պարագայում»: Հետաքրքրվեցինք՝ գերմանացի դոկտորի կարծիքով՝ երբեւէ Թուրքիան կճանաչի՞ Հայոց ցեղասպանությունը, նա պատասխանեց. «Ցեղասպանությունն այժմ քաղաքական հարց է եւ բավականին մեծ խնդիր է հատկապես Թուրքիայի համար… Ցեղասպանությունը միայն Հայաստանի խնդիրը չէ: Հուսամ, որ Հայաստանն ու Թուրքիան այս խնդիրը լուծելու համար արդյունավետ ճանապարհ, այնուամենայնիվ, կգտնեն»: Պարոն Ռահմատին նաեւ նկատեց. «Ձեր ազգի մեծագույն ուժը ձեր ազգային պատկանելությունն է: Դուք սիրում եք միասին ապրել, ձեր կապերը շատ ջերմ են եւ ուժեղ, ինչը դժվար է նկատել այլ երկրների ներկայացուցիչների միջեւ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել