Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի արշավախմբի ճամփորդությունը

Մայիս 20,2009 00:00

Արցախի հնագիտական արշավախմբի «Մշակութային հետազոտություններն Արցախում. Շուշի, Հանդաբերդի վանք, Տիգրանակերտ» ցուցահանդեսը՝ նվիրված Շուշիի ազատագրման 16-ամյակին, հայաստանյան ներկայացումից հետո օրերս «հյուրընկալվեց» Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում: Բացմանը ներկա էին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, տեղի մշակույթի նախարար Լեռնիկ Հակոբյանը, ԼՂՀ կառավարությանը կից զբոսաշրջության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը, Արցախի հնագիտական արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը, արշավախմբի ճարտարապետ Լյուբա Կիրակոսյանը, հնագետ Վարդգես Սաֆարյանը եւ այլք: Ցուցահանդեսի բացմանը նախորդել էր ազատագրված տարածքներում իրականացվող պեղումներից մեկի՝ Հանդաբերդի մշակութային հետազոտություններին նվիրված «Հանդաբերդի վանքը եւ նրա պեղումները» գրքի շնորհանդեսը՝ Արցախի պետական համալսարանում: Արցախի հնագիտական արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանն «Առավոտի» հետ զրույցում նշեց. «Այս միջոցառումները միտված են Արցախի մտավորականությանն ու ժողովրդին հաղորդակից դարձնելու իրենց մշակութային հարստություններին… Շուշիի պեղումների արդյունքում ստացված տվյալները վերջ են դնում Շուշիի սարահարթն առաջին անգամ Փանահի կողմից բնակեցնելու ադրբեջանական առասպելին: Հնագույն դամբարանների պեղումները փաստում են, որ Շուշիի սարահարթը բնակեցված է եղել մ.թ.ա. 2-րդ հազարամյակից, իսկ միջնադարյան հուշարձանների պեղումները վկայում են, որ այդտեղ հայկական մշակույթ է գոյություն ունեցել առնվազն մ.թ. 12-րդ դարից սկսած: Վերին Խաչեն գավառում տեղադրված Հանդաբերդի վանքի գործունեությունը հիմնականում վերաբերում է մոնղոլական նվաճումների շրջանին. հուշարձանի պարզ ու անպաճույճ կառույցները մի շտեմարան են՝ պարզելու, թե մշակույթն ինչպես էր արձագանքում եւ փորձում հարմարվել ծանր պայմաններին՝ պահպանելով ազգային ինքնության հիմնական նվաճումները»: Իսկ ճարտարապետ Լյուբա Կիրակոսյանն էլ նշեց. «Հայտնաբերված կառույցները եւ նյութերը հավաստում են, որ Տիգրանակերտը կառուցվել է քաղաքաշինական առաջադեմ հատակագծումով եւ բարձր շինարարական տեխնիկայով: Այն եղել է ընդարձակ մի բնակավայր, որը, հիմնադրվելով մ.թ.ա. 1-ին դարում, հարատեւել է մինչեւ 14-րդ դարը: Քաղաքը կառուցվել է տեղական սպիտակ կրաքարից, փռվել է լեռան լանջն ի վեր՝ արհեստական դարավանդների տեսքով, ստորոտի հարթավայրում ունեցել է հզոր պարիսպներ, ժայռափոր ջրանցքներ: Այն եղել է այգիների մեջ թաղված սպիտակ քաղաք: Քաղաքի վաղքրիստոնեական եկեղեցու պեղումներից գտնվել է 5-7-րդ դարերի կավե փոքրիկ սկավառակ՝ հայերեն արձանագրություններով: Այն Արցախի տարածքում հայտնաբերված ամենահին հայերեն արձանագրություններից մեկն է, եւ լավագույն փաստարկը՝ Խաչենագետի ներքնահովտի վաղքրիստոնեական հայկական դիմագծի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել