Լրահոս
Օրվա լրահոսը

«Օրինաց»-ում տարօրինակ խաղաղություն էր

Հունիս 01,2009 00:00

«Օրինաց երկիր» կուսակցության նախընտրական շտաբում երեկ նախանձելի հանգստություն էր, ելումուտ գրեթե չկար:

\"\"«Առավոտը» իր զարմանքը հայտնեց այս կապակցությամբ եւ հարցրեց՝ ինչպե՞ս կարող են օրինացականները որեւէ խախտում չարձանագրել, երբ ամեն րոպե այս կամ այն տեղամասից ահազանգեր են գալիս՝ ինչ-որ կռիվների, կրակոցների եւ քաշքշուկների մասին: Ի պատասխան, կուսակցության մամուլի խոսնակ Սուսաննա Աբրահամյանը «Առավոտին» ասաց. «Նման դեպքերը, եթե իրոք կատարվում են, իհարկե, դատապարտելի են, բայց ես չէի ուզենա առաջ ընկնել եւ չճշտված տեղեկությունների հիման վրա եզրակացություններ անել: Համենայնդեպս, մեր շտաբը այս պահի դրությամբ (ժամը 15-ի սահմաններում- Մ. Ե.) որեւէ միջադեպի մասին տեղեկություն չի գրանցել: Եվ քանի դեռ չկա պաշտոնական որեւէ տեղեկություն, ճիշտ չէ եզրակացություններ անել»:

Ի դեպ, ՕԵԿ համամասնական ցուցակի առաջին համարը՝ Հեղինե Բիշարյանը, եւս որեւէ տեղեկություն չուներ խախտումների եւ տեղամասային կռիվների մասին, եւ իր քաղաքացիական պարտքը կատարելուց հետո, պատասխանելով հարցին՝ տեղյա՞կ է, որ մարզերից ավտոբուսներով մարդիկ են բերվում մայրաքաղաք՝ ավագանու ընտրություններին մասնակցելու համար, լրագրողներին ասաց. «Դա ուղղակի ողջունելի է, որ կուսակցությունները ներկայացված են Հայաստանի բոլոր շրջաններում եւ կուսակցականներն իրենց ցանկությունն են հայտնել աջակցելու իրենց քաղաքական թիմին՝ Երեւանի ավագանու ընտրություններում»:

Գումար չի առաջարկվե՞լ

«Ժառանգություն» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Ստեփան Սաֆարյանը երեկ լրագրողներին պատմել է, որ թիվ 9/28 ընտրական տեղամասում «Ժառանգության» տեղական ընտրական հանձնաժողովի անդամ Դանիել Իոհաննիսյանը արձանագրություն է կազմել տվյալ ընտրատեղամասում քվեարկելու իրավունք չունեցող ընտրողի քվեարկության վերաբերյալ: Եվ այս դեպքից անհանգստացած, ՏԸՀ փոխնախագահ, ՕԵԿ-ական Նարե Ղազարյանն առաջարկել է իրեն վաճառել խախտման արձանագրությունը՝ Իոհաննիսյանի առաջարկած ցանկացած գնով: «Ժառանգության» ներկայացուցիչն էլ հրաժարվել է այս գործարքից: ՕԵԿ նախընտրական շտաբից երեկ հերքեցին այս տեղեկությունը, իսկ ինքը՝ Նարե Ղազարյանը «Առավոտին» ասաց, որ նման բան չի եղել. «Ես ոչ մեկին ոչինչ չեմ առաջարկել, «Ժառանգության» ներկայացուցիչը անազնիվ սուտ է ասում: Իրականում «Ժառանգության» ներկայացուցիչը նկատել է, որ ընտրողը փոխանակ հարեւան ընտրատեղամասը մտնելու, մտել է իրենցը եւ այդ դեպքի կապակցութամբ կազմվել է համապատասխան արձանագրություն եւ վերջ»:

Գյումրեցիք հումո՞ր էին անում

ՕԵԿ նախընտրական շտաբի համակարգող, ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը «Առավոտի» հետ զրույցում չթաքցրեց, որ Գյումրիից բազմաթիվ օրինացականներ են եկել Երեւան, քանի որ նրանք պրոֆեսիոնալներ են եւ եկել են աշխատելու հանձնաժողովներում: Եվ ոչ միայն աշխատել են, այլեւ՝ հումոր են արել ընտրատեղամասերում, ասենք՝ զանգել են «հայրաքաղաքցի» իրենց պատգամավորին եւ հարցրել. «Ընտրողները գալիս են տեղամաս եւ հարցնում՝ էս ո՞ւր է կորել «բոլորին դեմ» տողը, էդ ինչո՞ւ են կրճատել»:

Հովհաննես Մարգարյանը ընտրությունների ավարտից 30 րոպե առաջ էլ այն կարծքին էր, որ որեւէ արտառոց խախտում տեղի չի ունեցել. «Արտառոց դեպքեր չեն եղել, ահազանգերը եղել են որոշ տեղամասերում կուտակումների մասին, առավելապես նման տեղեկություններ ստացվել են ժամը 13-14-ի սահմաններում: Ահազանգ ենք ստացել, որ մի քանի ընտրող չեն կարողացել կատարել իրենց քաղաքացիական պարտքը, քանի որ նրանց անունները ցուցակներում չեն եղել; Մի քանի հոգի վերականգնվել են, մի քանի տեղերից եղել են ահազանգեր այն մասին, որ տեղամասի մոտ գումար են բաժանում; Մեր ներկայացուցիչները մինչեւ հասել են դեպքի վայր՝ տեղում մարդ չի եղել, դիմել են փախուստի»:

Հովհաննես Մարգարյանը խուսափեց մոտավոր կանխատեսում անել «Օրինաց երկրի» հնարավոր ձայների մասին. «Ընտրության ավարտին մնացել է 30 րոպե, չեմ ուզում կանխատեսում անել, մի քիչ դժվարանում եմ, ուղղակի ես զգում եմ եւ իմ տպավորությունն այնպիսին է, որ մենք լավ ձայներ ստանալու ենք»: Մեր տեղեկություններով, որոշ ընտրատեղամասերում «Օրինաց երկրի» անդամ հանձնաժողովականները աշխատում էին Հանրապետականի օգտին: Այս տեղեկությունը փորձեցինք ճշտել ՕԵԿ նախընտրական շտաբի համակարգողից: Ի պատասխան Հովհաննես Մարգարյանն ասաց. «Օրինաց երկիր» կուսակցության հանձնաժողովի անդամները միշտ աշխատել են, որպեսզի ընտրություններն անցնեն թափանցիկ, եւ միշտ էլ կարողացել են իրենց աշխատանքով տեր կանգնել «Օրինաց երկրի» ձայներին: Նրանք պատրաստ են համագործակցել հանձնաժողովի ցանկացած անդամի հետ՝ ազատ եւ թափացիկ ընտրությունների անցկացման համար»: Հերքեց, թե ՕԵԿ-ականները աշխատել են հօգուտ Հանրապետականի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել