Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԻԶՆԵՍ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԱԺ-ՈՒՄ

Հունիս 09,2009 00:00

Պատգամավորները երեկ փորձում էին պարզել՝ ո՞ւր են այն հրեշտակները, որ աշխատում են հարկային մարմիններում, եւ գործարարները նրանց այդպես էլ չեն նկատում:

Երեկ խորհրդարանում կառավարության ներկայացրած հարկային փաթեթի քննարկումների ժամանակ ՀՀԿ-ական Ալեքսան Պետրոսյանը՝ ՄԱՊ-ի Ալիկը, հայտարարեց, որ կառավարությունը այս կամ այն օրենքը ներկայացնելիս լավ կանի նախագծի տակ գրի դրա հեղինակի անունը. «Որ իմանանք, թե ում ինչ ենք անելու»: Նաեւ հիշեցրեց, որ սա բյուջեն լցնելու լավագույն ձեւը չէ ֆինանսատնտեսական ճգնաժամի այս անկանխատեսելի իրավիճակում. «Եթե մենք մեր հույսը դնում ենք օրենքների խստության պայմաններում բյուջեն լցնելու վրա, մենք ինչքա՞ն կարող ենք շարունակել: Ամբողջ աշխարհում ոչ թե հարկային վարչարարության ձեւով են բյուջեն կատարում, ամբողջ աշխարհում տնտեսության աճի հաշվին են բյուջեն կատարում»: ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը եւ Հերմինե Նաղդալյանը այն եզակիներից էին, ովքեր կողմ էին խոսում օրինագծի մասին: Հիշեցնենք, որ ըստ այս օրինագծի, հարկային ծառայության աշխատակիցները ցանկացած պահի իրավունք են ստանալու անարգել գնալ ու նստել խոշոր գործարարների ձեռնարկություններում եւ հսկել յուրաքանչյուր անցուդարձ:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը օրինագիծը որակեց որպես «քաղաքական շատ լուրջ ենթատեքստ պարունակող օրինագիծ»: Ըստ նրա՝ երբ նման օրինագծեր են բերվում խորհրդարան, «որպես կանոն, բերողը պիտի ասի՝ գիտե՞ք, ես մինչեւ հիմա սխալվում էի, բոլոր մեխանիզմները, որոնք ես ներկայացրել էի կառավարության ծրագրի մեջ, որը ձեզ բերել էի հաստատելու, եւ դուք հաստատել եք, դրանք չեն աշխատում: Նշանակում է՝ ես իմ հարկային քաղաքականության մեջ ձախողել եմ: Սա պիտի մենք առաջին հերթին լսենք, որպեսզի մտածենք՝ այսպիսի հզոր, վտանգավոր ինստրումենտ նորից տա՞լ կառավարության ձեռքը, թե՞ չտալ»: Հիշեցնելով ԱԺ-ում քննարկումների ժամանակ հնչեցրած գնահատականը, որ այս փոփոխություններն արվում են որոշներին սնանկացնելու, նրանց ունեցվածքը եւ գործարանները էժան գնով խլելու նպատակով, պարոն Հովհաննիսյանն ասաց, որ ինքը եւս այս սցենարը չի բացառում: Ըստ Վահան Հովհաննիսյանի, այս փոփոխություններից ներկրողը չի տուժի, տեղական արտադրողը կտուժի, իսկ առանց այդ էլ ստվերում գտնվողներն այնտեղ ավելի կամրապնդվեն. «Չհամոզեք ինձ, որ գործարաններում ներդրվող ոստիկանության ֆունկցիաներով հարկայինի ներկայացուցիչները բացարձակապես անկաշառ հրեշտակներ են լինելու»: Նա վստահ է, որ խոշոր գործարարները սրանով դառնալու են «քաղաքական պատանդ, որովհետեւ ցանկացած ընտրությունների ժամանակ նրանք՝ կողմնորոշվելու իրենց արդեն իսկ սահմանափակված ազատությունը կորցնում են»: Դաշնակցության առաջարկը՝ կիրառել պահակակետի տարբերակը, չընդունվեց: ՀՀԿ-ական Հերմինե Նաղդալյանը, ում ամուսինը, ըստ որոշ տեղեկությունների, հարկային աշխատող է, երեկ ուղղակի գովերգեց այս օրինագիծը եւ ասաց, որ պահակակետային ստուգումը նպատակահարմար չէ, իսկ հարկայինների աշխատավարձը ուղղակի չափազանց քիչ է:

ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանն արեց հետեւյալ վերապահումը. «Որպես ԲՀԿ խմբակցության պատգամավոր, կաշկանդված եմ այս փաթեթի վերաբերյալ, որովհետեւ ԲՀԿ նախագահը խոշոր բիզնեսում խոշոր բաժնեմասի սեփականատեր է, եւ սա կարող է դիտարկվել որպես այդ շահերի պաշտպանություն: Խմբակցությունը այս փաթեթը չի քննարկել՝ հենց միայն այս նկատառումը հաշվի առնելով, եւ կուսակցության նախագահը որեւէ միջամտություն մեր տեսակետներին չի արել, եւ քվեարկության հարցում ԲՀԿ-ականները ազատ են լինելու»:

Անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը հայտարարեց, որ խոշոր գործարարները դուրս են վերահսկողությունից. «Սահմանադրության մեջ նշված է, որ պատգամավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: Ես հարգանքով եմ վերաբերվում դահլիճում նստած եւ դահլիճից դուրս գտնվող բոլոր ձեռնարկատերերին: Բայց հիմնականում ՀՀ խորհրդարան գործարարները գալիս են մեկ նպատակով՝ ապահովված լինելու համար: Նրանք օրենքով իրենց ապահով չեն զգում: Չնայած, եթե լինի քաղաքական որոշում, ապա ցանկացած գործարար պատգամավորի նկատմամբ կարող են իրականացնել ցանկացած տեռոր, այդ թվում՝ հարկային»: Նաեւ նկատեց, որ հաճախ այս կամ այն օրինագծի դեմ խոսողները քվեարկության օրը կամ դահլիճում չեն լինում, կամ կողմ են քվեարկում: Այս օրինագծի քվեարկությունը կլինի առաջիկա օրերին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել