Լրահոս
Օրվա լրահոսը

«Տագնապահարույց» քննություն

Հունիս 09,2009 00:00

Շրջանավարտների ծնողները դիմում են երկրի ղեկավարներին

Երեկ «Առավոտը» 2008-2009թթ. շրջանավարտների ծնողներից «բաց նամակ» էր ստացել՝ ուղղված ՀՀ նախագահին, վարչապետին, ԿԳ նախարարին, ԳԹԿ տնօրենի պաշտոնակատարին: Այդ նամակում հունիսի 5-ի հայոց լեզվի եւ գրականության միասնական քննությունները ու դրանց արդյունքները գնահատվել են «չափազանց տագնապահարույց», իսկ ողջ գործընթացը համարել են հանցավոր՝ «հարված՝ երկրի ու ժողովրդի թիկունքից, մեր երեխաների՝ երկրի ու իրենց ապագայի հանդեպ տածած հավատի վրա տեղացած աղետաբեր կարկուտ»:

Նամակում, ի թիվս այլեւայլ մտահոգությունների, նշվում է նաեւ. «Առկա են ֆինանսական հնարավորություններ, որոշակի դիրք կամ պաշտոն ունեցողների երեխաների, այս համատեքստում չափազանց բարձր գնահատականներ ստանալու դեպքեր, որոնք հերքում են քննության հետ կապված ինֆորմացիայի գաղտնիությունը, եւ ընդհակառակը՝ հաստատվում է թեստի պատասխանների առք ու վաճառքի վերաբերյալ ազգաբնակչության մեջ շրջանառվող լուրերն ու տեղեկությունները: Կան դեպքեր, երբ անհամեմատ ցածր ունակությունների եւ գիտելիքների մակարդակ ունեցող որոշ ունեւորների երեխաներ, վերին պայծառատեսությամբ լուսավորված՝ հանկարծ ստացել են 19-20 միավոր գնահատականներ, այն դեպքում, երբ կրթության նախարարը հերքում է ինֆորմացիայի արտահոսքի մասին լուրերը: Մեզ մնում է կասկածել վերին ուժերի ազնվության վրա եւ հուսալ, որ գաղտնիության ապահովման նպատակով հարկատուների վճարած գումարներով կատարված ծախսերն ապարդյուն դարձնող մեղավորները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ»:

Ապա ծնողները, անդրադառնալով թեստի բովանդակությանը, գրում են. «Թեստը ուսումնասիրելով՝ տպավորություն է ստեղծվում, որ այն պատրաստել են ոչ թե սրտացավ ու բանիմաց պրոֆեսիոնալներ, այլ շրջանավարտներին, քննական գործընթացին, ընդհանրապես երկրին վնաս տալու մտադրությամբ գրազ եկած մասնագետներ: Որպեսզի մեր տպավորությունը չհնչի որպես մերկապարանոց հայտարարություն՝ հիմնավորենք այն. նախ, թեստը իր բնույթով, բովանդակությամբ ու բարդությամբ չի համապատասխանում ԳԹԿ-ի հրատարակած եւ տրամադրած «Հայոց լեզու եւ գրականություն: Պետական, ավարտական եւ միասնական քննության ուղեցույցին», որակ են կազմում անհասկանալի, դժվարըմբռնելի, խճողված հարցադրումներն ու պահանջները, առկա են հայ գրականության ճանաչողության, ընկալման ու գիտելիքների հետ առնչություն չունեցող ինքնանպատակ հարցեր, հարցադրումներ՝ գրականության դասընթացի ծրագրում չընդգրկված ստեղծագործություններից, հայոց լեզվի քերականությանը վերաբերող հարցերը բարդ են իրենց կառուցվածքով եւ ժամանակատար, հաճախ արդիականության պահանջներին, հայեցի կրթության ու դաստիարակության վերջնանպատակներին աններդաշնակ, փորձել են ստուգել ո՛չ թե գիտելիք, այլ գլուխկոտրուկներ լուծելու հմտություն»:

Ապա անդրադարձ է կատարվում չհարկվող, ընդհատակյա, ստվերային բիզնեսի մի այնպիսի ոլորտի, ինչպիսին մասնավոր պարապմունքներն են, եւ երկրի նախագահին առաջարկվում է անհապաղ սկսել բարեփոխումներ այս ուղղությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել