Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՐԹԱԿԱՆ «ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՌԱՄԿԱՎԱՐՆԵՐԸ»

Հունիս 13,2009 00:00

«ՀՀ վարչապետին, որպես ամենահարուստ մարդկանցից մեկին ՀՀ-ում, որպես քաղաքականապես բոբիկ անձնավորության, պետք է ուղղակի քաղաքական հենարան, որովհետեւ ոնց որ թե հանրապետականները զզվում են իրենից»,- երեկ «Ա1+»-ին տված հարցազրույցում ասաց ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը: Նրա կարծիքով, հենց այդ նկատառումներից է Տիգրան Սարգսյանը ստեղծում նոր՝ ռամկավար-արմենակյան կուսակցություն: Առաքելյանը նկատեց, որ Տիգրան Սարգսյանը ՀՌԱԿ-ի հանդեպ իր բացահայտ նկրտումները չի թաքցրել երբեք. «Նա բացահայտ մեր ատենապետի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ՌԱԿ-ը գանձ է, եւ չի թաքցրել, թե ում է ուզում տեսնել ատենապետի դերում. նա, ի դեպ, հենց այն պատճառով, որ վարչապետը տվեց իր անունը, չդարձավ Լիբանանում պատգամավոր, դուրս մնաց ցուցակից: Վարչապետը էմիսարներ է ուղարկել օվկիանոսից այն կողմ, փորձում էր ամեն ինչ անել, որ տեղի չունենա Հորդանանում մեր համագումարը, բայց ամեն ինչ ապարդյուն էր, որովհետեւ ՌԱԿ-ը ցույց տվեց, որ օրինապաշտ կուսակցություն է»: Տիգրան Սարգսյանի նոր ռամկավարական կառույց հիմնելու գաղափարը ՀՌԱԿ ատենապետը կապում է նաեւ հայ-թուրքական վերջին զարգացումների հետ. «Փոխելով ՌԱԿ-ի ղեկավարությանը, իրենք աշխարհին ուզում են ցույց տալ, որ ոչ բոլոր ավանդականներն են դեմ այս նոր սկսված հայ-թուրքական սիրախաղին»: Բացահայտ հակակրանքի մյուս պատճառը, ըստ Առաքելյանի, «Նաիրիտի» հետ կապված ՀՌԱԿ-ի կոռուպցիոն բացահայտումներն են: «Այս ամեն ինչը համատեղվեց, ու սկսվեց պայքարը ՀՌԱԿ-ի դեմ»,- պարզաբանեց Հարություն Առաքելյանը:

Հիշեցնենք, որ «Նաիրիտի» պայթյունից հետո ՀՌԱԿ-ը հանդես է եկել հայտարարությամբ՝ կառավարությանն ուղղելով հարցեր: Դրանց պատասխանը դեռ կուսակցությունը չի ստացել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել