Լրահոս
Օրվա լրահոսը

Աչաջուր. մեծ համայնքի մեծ հոգսերը

Հունիս 13,2009 00:00

\"\"Գյուղի շատ խնդիրներ լուծվել են, սակայն սողանքների հարցը մնում է բաց

Աչաջուրը բնակչության քանակով Իջեւանի տարածաշրջանի ամենամեծ գյուղն է: Տավուշի մարզում այն բնակչությամբ երկրորդ գյուղական համայնքն է: Գյուղի անվանումը ծագել է երկու վտակների միախառնումից, ճյուղավորումից՝ «աչայից»: Բնակավայր մտնելիս աչքի են զարնում մեծ, գեղեցիկ տները եւ …անբարեկարգ, փոսաշատ ճանապարհները: Գյուղապետ Պավլիկ Ղալթախչյանը համայնքը ղեկավարում է 2005 թվականի դեկտեմբերից՝ վկայում է, որ ամեն տարի համայնքի բյուջեից ֆինանսներ են հատկացնում համայնքի ճանապարհների հարթեցման, խճապատման համար: Սակայն գյուղ մտնող ճանապարհը թեք է, անձրեւներն ի չիք են դարձնում այդ աշխատանքների արդյունքը: Գյուղապետն ասում է, որ վճռել են տեղական քարով ճանապարհի սալահատակում անել: Սակայն սա դեռ մտահղացում է: 5000 բնակիչ ունեցող Աչաջրի ամենամեծ խնդիրը սողանքն է: Գյուղապետը իր աշխատասենյակից ցույց է տալիս հանդիպակած բլուրը՝ սողանքից հոսող «Գետի յալ» թաղամասն է՝ 245 առանձնատուն կա սողանքային գոտում: Դրանցից 12-ը վթարայնության 4-5-րդ, 30-ը՝ 3-4-րդ կարգ ունի: 1998 թվականին պետբյուջեից գումարներ են հատկացվել այդ տների տերերին, սակայն տրված փողերի մի մասը այդ տարիներին համայնքը ղեկավարած Տաթեւ Գասպարյանի միջոցով յուրացվել է: Այս տարի վթարային միայն մեկ տան տիրոջ է պետական բյուջեից աջակցություն տրամադրվել՝ աչաջուրցի Հրանտ Աթաբեկյանի տունը սողանքից փլվել էր, եւ պետբյուջեից նրան 7,2 միլիոն դրամ է տրվել:

Աչաջուրը 4 կմ սահման ունի Ադրբեջանի հետ: 905 հա վարելահողերի եւ 165 հա այգիների զգալի մասը ոռոգելի են: Ոռոգումն էլ մեծամասամբ ինքնահոս եղանակով է իրականացվում: Այս տարի համայնքի ոռոգելի հողերը կավելանան շնորհիվ ամերիկյան «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի, որի միջոցով կվերակառուցվի «Աչաջուր-1» պոմպակայանը, կնորոգվի Աչաջուր-Սեւքարի պոմպակայանի հատվածի ներքին ցանցը: Աչաջուրը գազիֆիկացված է, խմելու ջրով հիմնականում ապահովված, սակայն, ինչպես գյուղապետ Պավլիկ Ղալթախչյանն է փաստում, խմելու ջրագծի ներքին ցանցը տասնամյակների վաղեմություն ունի, մաշված է:

Աչաջուրը հայտնի է հռչակավոր Մակարավանքով: Արդեն երկրորդ տարին է, ինչ «Իջեւանի ՃՇՇ» ՓԲԸ-ն պետբյուջեի միջոցներով հիմնանորոգում է կոթող տանող ճանապարհը: Նախատեսված է 124 միլիոն դրամով ընթացիկ տարում հիմնանորոգել այս ճանապարհի 1.6 կմ հատվածը: Համայնքապետարանն էլ այս ճանապարհի գյուղամիջյան հատվածում ջրահեռացման հարցն է լուծում: Սակայն այս աշխատանքների ավարտից հետո գյուղից մինչ Մակարավանք 7 կմ ճանապարհի 2,5-3 կմ-ը դեռեւս կմնա անբարեկարգ, ասֆալտի հին, քայքայված շերտով:

Գյուղապետը նշում է. կարողացել են նորոգել համայնքապետարանի վարչական շենքը, անցկացվել է կենտրոնական փողոցների լուսավորություն, երկու խմբով մանկապարտեզ է բացվել, վերանորոգվել են գյուղի գերեզմանատների ցանկապատերը, Հայրենական պատերազմում զոհվածների հուշարձանը, Ղալթախչյանների թաղամասի հուշաղբյուրը, թաղերում խաղասրահ-տաղավարներ են կառուցվել, ծագումով աչաջուրցի, Երեւանի ճարտարագիտական համալսարանի գիտական գծով պրոռեկտոր Սուրիկ Աղբալյանը 1 միլիոն դրամ է հայթայթել մի կազմակերպությունից, մանկապարտեզի գազիֆիկացման եւ ջեռուցման համար «ՎիվաՍելը» 3 միլիոն դրամ է նվիրաբերել, այլ բարերարի օգնությամբ գյուղի խմելու ինքնահոս ջրագծի 310 մ հատվածն է վերանորոգվել:

Սակայն մեծ խնդիրներ լուծելու համար գյուղական մեծ համայնքը միջոցներ չունի: Աչաջրի 2009 թվականի բյուջեն 52,861 միլիոն դրամ է, որի զգալի մասը՝ 39,7 միլիոնը, պետական լրավճարն է: Գյուղապետարանի հաշվապահ Հարություն Քարտաշյանի խոսքով, դեռեւս 1999 թվականից հողի հարկի շուրջ 20 միլիոն դրամ ապառքներ կան: Դրանց գանձումն իրատեսական չէ, այդ պատճառով ապառքը ներառված չէ ընթացիկ տարվա բյուջեում: Վիճակը բարվոք չէ նաեւ այս տարվա բյուջեի կատարողականի առումով: Գյուղապետարանի տվյալներով, այս տարվա 5 ամիսներին սեփական եկամուտները հավաքագրվել են 60 տոկոսով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել