Լրահոս
Օրվա լրահոսը

907-ՐԴ ՈՒՂՂՈՒՄԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԳՈՐԾԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆԴԵՊ

Հունիս 25,2009 00:00

\"\"

ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հատկացումների ենթահանձնաժողովի որոշման համաձայն, Ազատության ակտի 907-րդ ուղղումը կշարունակի գործել Ադրբեջանի հանդեպ: Այդ մասին որոշումն ընդունվել է 2010 թվականին նախատեսված արտաքին օգնությունների չափաբաժինները քննարկելիս:

Համաձայն Ամերիկայի հայկական համագումարի հաղորդագրության, ԱՄՆ Պետքարտուղարությունը խորհրդակցել է արտաքին հատկացումների ենթահանձնաժողովների հետ, հավաստիանալու՝ արդյոք բոլոր նախապայմանները համապատասխանե՞լ են աջակցությունն ստանալու պահանջներին: Հիշեցնենք, որ նույն քննարկումների ժամանակ ենթահանձնաժողովը հավանություն էր տվել 2010 թվականի ԱՄՆ պետբյուջեում Հայաստանի համար նախատեսված օգնության ծավալը հասցնել 48 միլիոն դոլարի, ինչպես նաեւ 10 միլիոն դոլարի չափով օգնություն սահմանել Լեռնային Ղարաբաղի համար:

Համագումարի ջանքերի շնորհիվ թե Կոնգրեսը, թե ենթահանձնաժողովը կարեւորել են 907-րդ ակտի ուղղման պահպանումը, կոչ անելով Ադրբեջանին՝ «զերծ մնալ սպառնալիքներից, ուժի կիրառման նկրտումներից, ինչպես նաեւ ռազմատենչությունից»:

Որոշումն ընդունելիս հաշվի են առնվել վերջին ժամանակահատվածում Ադրբեջանի կողմից հաճախակի դարձած զինադադարի խախտման դեպքերը, նաեւ այն հանգամանքը, որ դեռեւս պետքարտուղար Քոլին Փաուելի միջնորդությամբ որոշակի պայմանական սահմանափակումներ էին մտցվել 907-րդ ակտում, ինչը նպատակ ուներ խոչընդոտել Ադրբեջանում իրականացվող ահաբեկչական կազմակերպությունների գործունեությունը:

«Ակտի 907-րդ ուղղման կիրառման օրվանից ի վեր՝ համագումարը կարեւորել է որոշումը՝ դիտարկելով այն որպես ազդակ Ադրբեջանի ռազմատենչ նկրտումներին»,- նշել է համագումարի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հրայր Հովնանյանը՝ ավելացնելով, որ «մի կողմից՝ Թուրքիան շարունակում է Հայաստանի շրջափակումը՝ ջանալով ստիպել Հայաստանին զիջումների գնալ ԼՂ կարգավորման հարցում, մյուս կողմից՝ Ադրբեջանը որդեգրել է ապակառուցողական դիրքորոշում՝ վերջերս ստորագրված հայ-թուրքական ճանապարհային քարտեզի կապակցությամբ»:

Ազատության ակտի 907-րդ կետում պայմանական փոփոխությունները հստակ նշում էին, որ հատկացվելիք օգնությունը «չպետք է վտանգի ենթարկի» ԼՂ խաղաղ բանակցային գործընթացը «կամ կիրառվի Հայաստանի եւ տարածաշրջանում հայաբնակ որեւէ տարածքի հանդեպ հարձակողական նպատակներով»:

Ամերիկայի հայկական համագումարը փաստում է եւ խորապես մտահոգված է Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ նախագահի կողմից հնչող ռազմատենչ հայտարարությունների առնչությամբ: Ավելին, Համագումարը նշում է, որ Ադրբեջանը բազմիցս հրաժարվել է Հայաստանի կողմից առաջարկված բազմաթիվ տնտեսական ու կողմերի միջեւ փոխվստահությանը նպաստող տարածաշրջանային ծրագրերի իրականացումից, դրան հակառակ՝ բարձրացնելով ռազմական բյուջեի ծախսերը եւ հավասարեցնելով այն Հայաստանի ողջ բյուջեին:

Որոշման համաձայն, հանձնաժողովը համաձայնության է եկել պահպանել Հայաստանին եւ Ադրբեջանին տրամադրվելիք ռազմական օգնության հավասարակշռությունը, ինչպես նաեւ նպաստել ԼՂ հակամարտությունում կողմերի միջեւ փոխվստահության մթնոլորտի հաստատմանը:

Որոշման նախագիծը դեռեւս քննարկման է դրվելու Ներկայացուցիչների պալատում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել