Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՆ Է ԽԱՆԳԱՐՈՒՄ ՊԱՐԵԼՈՒՆ

Օգոստոս 13,2009 00:00

Պարարվեստի քոլեջի խնդիրները՝ ըստ տնօրենի պաշտոնակատար Արմեն Գրիգորյանի

Երեւանի պարարվեստի պետական քոլեջը հիմնադրման օրվանից դարձել է ազգային ու դասական պարարվեստի դարբնոց: Ցավոք, վերջին մի քանի տարիներին 85-ամյա քոլեջը ոչ թե վերընթաց, այլ վայրընթաց ճանապարհով գնաց՝ ուսումնամեթոդական աշխատանքների ձախողման պատճառով: Հայտնի է 2005 թ. բարձրացված աղմուկը քոլեջի տնօրենի նշանակման խնդրի շուրջ: Թեեւ վերջապես բալետի անվանի արտիստ Վիլեն Գալստյանի նշանակումը ուրախացնող փաստ էր, բայց ժամանակը ցույց տվեց, որ նա չունի այն կազմակերպչական կարողություններն ու հմտությունները, որոնք անհրաժեշտ են կառավարման նոր ձեւերի ու ծրագրերի իրագործման համար: Վերջերս քոլեջի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արմեն Գրիգորյանը: «Առավոտը» հանդիպեց նրա հետ:

– Դժվար չէ՞ ստեղծագործական օրգանիզմի կառավարումից անցնել ուսումնավարչականի, այն էլ, երբ քոլեջը գտնվում է ծանր պայմաններում:
– Ղեկավարելով մեր օպերային թատրոնի բալետային խումբը, 1984 թ. միաժամանակ դասավանդել եմ քոլեջում: Եվ այս երկուսի սինթեզը փոխկապակցված է: Ինչ վերաբերում է ստեղծագործական աշխատանքից ուսումնավարչականին անցնելուն, գտնում եմ, որ առաջին հերթին անհրաժեշտ է ցուցաբերել ստեղծագործական մոտեցում, ինչը պահանջում է մշակութային կրթօջախը: Քոլեջի շենքը գտնվում է, մեղմ ասած, անմխիթար վիճակում: Օրինակ՝ կան դասասենյակներ, որոնք վթարային են: Զարմանալի չէ, քանի որ 20 տարուց ավելի է, ինչ ուսումնարանում վերանորոգման աշխատանքներ չեն կատարվել: Բալետային սրահներում ուսանողը կարող է կոտրվածքներ ստանալ՝ հատակը հատակի նման չէ, առաստաղից թափվում են ծեփերը, հայելիները ջարդված են եւ այլն: Օրերս ուսումնարան են այցելել մշակույթի եւ քաղաքաշինության նախարարները եւ վստահեցրել, որ 2010 թվականից կսկսվեն քոլեջի վերանորոգման աշխատանքները:

– Այսօր դեռեւս հստակեցված չեն մասնագիտական քոլեջների եւ ավագ դպրոց կոչվածի հիմնորոշ սկզբունքները: Դեռեւս չկան համապատասխան ծրագրամեթոդական ուղղություններ…
– Դա չի վերաբերում պարարվեստի քոլեջին, քանի որ դեռեւս խորհրդային տարիներից այն ունի մասնագիտական հստակ կազմված ծրագիր, ինչով եւ առաջնորդվում է առայսօր: Ընդ որում՝ նույն ծրագրով են շարժվում նաեւ աշխարհի առաջնակարգ բալետային դպրոցները:

– Այսօր քոլեջի մանկավարժական մեթոդներն ու կադրերը հնարավորություն տալի՞ս են հասնելու այն պահանջների իրականացմանը, որոնք դրված են բալետային ժամանակակից արվեստի առջեւ:
– Քոլեջում աշխատում են միջազգային չափորոշիչներով բարձրակարգ մասնագետներ: Կան նաեւ այնպիսիները, որոնք իրավունք չունեն ընդհանրապես զբաղվելու մանկավարժությամբ: Խոսքս վերաբերում է թե՛ մասնագիտական, թե՛ հանրակրթական բաժինների որոշ ուսուցիչների:
Մյուս կողմից, օրենք կա, որն ասում է, թե ամսական 40 ժամից ավելի չի կարելի հատկացնել մանկավարժին: Ես էլ համոզված եմ, որ ունենք այնպիսիները, որոնք պետք է աշխատեն օրը 24 ժամ, որովհետեւ մեր արածը ստեղծագործական աշխատանք է: Սակայն ստացվում է, որ եթե օրենքով սահմանված դասաժամեր չտրվեն «շարքային» ուսուցիչներին, ուրեմն կոտնահարվեն նրանց իրավունքները: Օրենք գրողները, հավանաբար, մոռացության են մատնել ուսանողների իրավունքները…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել