Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԵԶ ԷԼԻ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԽԱԲԵԼ»

Օգոստոս 28,2009 00:00

\"\"Հարցազրույց ԳԽ պատգամավոր, նախկին ՀՅԴ-ական Գագիկ Հովհաննիսյանի հետ

– Ի՞նչ շահեցինք եւ ի՞նչ կորցրեցինք անկախության 20 տարիների ընթացքում:

– 20 տարի է անցել, բայց ոգեւորող ու հուսադրող ոչինչ չկա: Խորհրդային Միության փլուզումից հետո ուշքի գալով՝ Ռուսաստանն անմիջապես ուշադրությունը կենտրոնացրեց դեպի Հարավային Կովկաս. Վրաստանում, Ադրբեջանում շատ արագ իշխանության եկան ռուսամետ կամ ռուսական ազդեցության պահպանմանը կոչված ուժերը: Հայաստանում դա եղավ մի քիչ ավելի ուշ: Եվ պատահական չէ, որ հենց Լեւոն Տեր-Պետրոսյանը սկսեց փլուզել ժողովրդավարության կղզյակը՝ 1995-ի ԱԺ ընտրություններով, հենց իր զինակիցների ձեռքերով եւ ակտիվ աջակցությամբ: Բայց «քշեցին» նաեւ այդ իշխանությանը, եւ եկան այն ուժերը, որոնք Հայաստանում վերականգնելու էին լիարժեք ռուսական ազդեցություն:

– Այնքան էլ մեր մեղքը չէ՞ր, որ չկարողացանք լիարժեք ժողովրդավար դառնալ:

– Պետք է որոշել, թե որքա՞ն էր մեր մեղքը, որքան՝ արտաքին, քանի որ, ընդհանրապես, մեր իշխանության օրակարգում դեմոկրատիան պաշտպանելու, ժողովրդավարությունն ամրապնդելու հարց մինչ օրս չկա: Ազատությունն ու ժողովրդավարությունը պետք է պաշտպանել, մենք դա չկարողացանք անել: Խոստովանենք: Մտանք ռուսական ազդեցության տարածք, եւ մեր հետադիմական, ոստիկանապետական ու կրոնապետական հարեւանների պարագայում Հայաստանը չէր կարող մնալ ժողովրդավարական կղզյակ: Բայց մեզ մոտ ռուսական ազդեցությունը վերականգնվեց շատ ավելի վայրագ ձեւով, քան վերականգնվել էր 1920 թվականին: Ոչնչացվեցին բոլոր կիսատ-պռատ դեմոկրատական ինստիտուտները: Մի անգամ Քոչարյանի իշխանության տարիներին Հայաստան այցելության ժամանակ ՌԴ պաշտպանության նախարար Իգոր Իվանովը ասաց. «Մեր հարաբերությունները շատ լավն են, բայց մենք ավելին ենք ուզում»: Այսինքն՝ նրանց գաղութ էր պետք:

– Այդ շրջանում իշխանության էին նաեւ ձեր նախկին կուսակցական ընկերները:

– Ասածներս վերաբերվում են բոլոր նրանց, ովքեր սատարում էին Ռոբերտ Քոչարյանին: Ինձ համար որեւէ կուսակցություն որեւէ նշանակություն չունի եւ չի էլ կարող ունենալ: Ինձ համար կարեւորն այս երկիրն է եւ ժողովուրդը, որը չգիտեմ՝ ինչ հրաշքներով եկել-հասել է 21-րդ դար, եւ նրա հետ չի կարելի այդպես վարվել: Մենք պետք է ինքնուրույնություն ունենանք, ազատագրվենք ռուսական գաղութ լինելուց: Փառք Աստծո, ինքնուրույն քաղաքականության ինչ-որ տարրեր այսօր երեւում են:

– Որո՞նք են Հայաստանի երրորդ նախագահի ինքնուրույն քաղաքականության դրսեւորումները:

– Առաջին անգամ Հայաստանը ոչ թե սպասողական քաղաքականություն է վարում, որը կործանարար է բոլոր իմաստներով, այլ նախաձեռնողական:

– Արդյունքները որո՞նք են:

– Հենց հայ-թուրքական հարաբերությունները: Ու անկախ ամեն ինչից, Սերժ Սարգսյանը պետք է գնա Թուրքիա: Որեւէ նախագահ չպետք է իր հայտարարության պատանդը դառնա, պետք է ազատ ու անկաշկանդ գործի: Թող այդ այցը ոչինչ չտա, բայց խոսելն ու հանդիպելը շատ ավելի ճիշտ է, քան խռովածի կեցվածք ընդունելը: Ասում են՝ Օբաման չասաց «ցեղասպանություն»: ԱՄՆ-ի արդեն որերորդ նախագահն է ընտրություններից առաջ խոստանում, հետո՝ չի ասում: Գուցե օգտագործելու մոտիվացիան կա, բայց դա իր դրական կողմն ունի. նախապատրաստում են: Չէ՞ որ 20 տարի առաջ Թուրքիայում այդ բառն արգելված էր, իսկ հիմա բացահայտ խոսում են: Մենք չենք ուզում կամ չեն թողնում հասկանանք, որ հայ-թուրքական հարաբերությունները այնքան էլ հայ-թուրքական չեն, այլ՝ հայ-ամերիկյան, Հայաստան-Արեւմուտք, Հայաստան-ՆԱՏՕ, Հայաստան-Եվրամիություն: Ում ձեռնտու է, որ այդպիսի հարաբերություններ չլինեն, նա էլ ներկայացնում է որպես անկախ հարաբերություններ: Ի վերջո, Թուրքիան էլ այսօր միայն Թուրքիա չէ, այլ Արեւմուտք, որի հետ մենք, բարեբախտաբար, սահման ունենք, որից պետք է օգտվենք: Սա մեր դիվանագիտական խեղճությո՞ւնն է, թե՞ ուրիշ բան կա տակը թաքնված, բայց սա է, որ 20 տարի չենք համարձակվել մինչեւ վերջ բացվել աշխարհի առաջ, նայել ենք «մեծ եղբորը»:

– Լավ, այդ ամենը մենք պետք է անեինք «մարտի 1»-ի գնո՞վ, այլ տարբերակ չկա՞ր:

– Մարտիմեկյան իրադարձություններն այնպես, ինչպես մեկնաբանվում են, իմ մեջ խորը կասկածներ են առաջացնում: Ընդդիմությունը փորձում է ապացուցել, որ բանտերում հայտնված մարդիկ քաղբանտարկյալներ են: Իշխանությունը փորձում է ապացուցել, որ նրանք քրեական հանցագործներ են: Նրանք ոչ քաղբանտարկյալ են, ոչ քրեական հանցագործ, այլ պետության դեմ իրականացված մեծ քրեական սադրանքի զոհեր են:

– Եվ ովքե՞ր են այդ սադրանքն իրականացնողները:

– Քանի դեռ մենք այդ հարցի պատասխանը չենք տվել, դա շահարկվելու է, եւ այդ շահարկումները կարող են շատ վտանգավոր ուղղորդումների տեղիք տալ եւ անդառնալի հետեւանքների հանգեցնել: Արագ եւ հեշտ կպչող կարծիք է, որ դա արվեց Սերժ Սարգսյանին նախագահի աթոռին պահելու համար: Բայց դա իրականում պետության դեմ արված սադրանք էր: Եվ գլխավորն այն է, թե ինչո՞ւ դա եղավ, ինչո՞ւ մենք այն աստիճան խոցելի դարձանք, որ կարող են «հոկտեմբերի 27», «մարտի 1» սարքել: Նման բաները կրկնվելու են, քանի դեռ ճիշտ պատասխանները տրված չեն: Այս իրադարձությունները հեռահար քաղաքական նպատակներ են հետապնդում: Հիմա հատուկ դիտավորությամբ մեզ ամենապարզունակ տարբերակներն են առաջարկվում, որպեսզի այդպես էլ հասկանալի չդառնա, թե իրականում ինչ է տեղի ունեցել: Ամենադաժան բանը, որ եղել է մեր պատմության մեջ եւ մեզ այս վիճակին է հասցրել, ժողովրդից ճշմարտությունը թաքցնելն է: Մեզ էլի փորձում են խաբել:

– Լավ, ինչո՞ւ մեր անվերջ պայքարն անարդարությունների դեմ այդպես էլ արդյունք չի տալիս:

– Մեր նորագույն պատմության 20 տարիների ընթացքում չի եղել ժամանակ, որ ազատականի կողքին կանգնած չլինի սոցիալիստը, ընդ որում՝ խորհրդարանական դաշինքի մակարդակով, ժողովրդավարի կողքին՝ հեղափոխականը, եւ, պարզապես, հայի կողքին՝ Ռուսաստանի շահերը սպասարկող ագենտը: Քաղաքակիրթ երկրում միավորումները տեղի են ունենում ծրագրերի եւ գաղափարների հիման վրա: Իրեն դեմոկրատ ներկայացնող ընդդիմությունը ո՞նց է սոցիալիստի եւ հեղափոխականի հետ փրկելու երկիրը:

– Հեղափոխականը կոալիցիայի մեջ է:

– Ընդդիմությունում էլ կան. հնչակյաններն ի՞նչ են, մարքսիստը, «Նոր ժամանակներն» էլ պակաս չեն: Սա քաղաքական անոմալիա է, էստեղ քաղաքականություն որոնելն անիմաստ է: Վերջին նախագահական ընտրությունները կարող էին հիմնաքար դառնալ, բայց՝ «մարտի 1»-ով մթագնվեցին: Բոլոր դիտորդական առաքելությունները հայտարարեցին, որ ընտրությունները հիմնականում համապատասխանում էին եվրոպական չափանիշներին, եւ ընդդիմությանը մտցրեցին փակուղի: Ընդդիմությունը ՍԴ դիմեց սահմանված ժամկետի վերջին օրը, որովհետեւ սպասելիքներ չուներ ու չէր էլ կարող ունենալ. արեւմտյան դիտորդների գնահատականը կատարյալ անակնկալ էր բոլորի, այդ թվում նաեւ՝ ՌԴ-ի համար: Սպասել, որ նման գնահատականների պայմաններում ՍԴ-ն կգնար ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելուն՝ անհեթեթություն է: ՍԴ-ն չէր կարող միջազգային հանրության կարծիքին դեմ դուրս գալ: Ու հետո տեղի է ունենում «մարտի 1»: Ընդ որում, փետրվարի 29-ին Քոչարյանը ներկայացրեց չորս սցենարներ, որոնցից կյանքի կոչվեց երկրորդը՝ ակտիվիստներին՝ բանտ, ժողովրդին՝ տուն: Մի նրբություն կա՝ ակտիվիստներին՝ բանտ, ոչ թե ղեկավարներին: Որովհետեւ «մարտի 1»-ի նախագծի հեղինակներին ձեռնտու չէր բանտարկել ընդդիմության ղեկավարներին: Պետք չէր գլխատել ընդդիմությունը, այն մահակի դեր պետք է կատարեր եւ այսօր էլ կատարում է: Ընդդիմությունը նախ փակուղուց հանվեց ու շատ գեղեցիկ ձեւով օգտագործվեց: ԵԽԽՎ-ն բանաձեւեր առաջարկեց. եթե երկու կողմերն էլ հետեւողական կատարեն դրանք՝ կշահենք, դրանք բխում են այդ իրադարձության ճիշտ մեկնաբանման շահերից, Արեւմուտքը հասկացել եւ փորձում է մեզ օգնել՝ հաղթահարել ու առաջ գնալ: Բայց՝ թե ընդդիմությունը, թե իշխանությունը, եթե մի բան էլ անում են՝ չուզենալով: Ընդդիմության եւ իշխանության գործողություններից է կախված՝ ժողովուրդը կդառնա՞ քաղաքացիական հասարակություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել