Լրահոս
Օրվա լրահոսը

Ավագանին արագ մտափոխվեց

Օգոստոս 28,2009 00:00

\"\"Նոյեմբերյան քաղաքի ավագանու վերջին նիստում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաեւ քաղաքապետարանի շենքի առաջին հարկի 3 սենյակները ՀՀ ազգային արխիվ ՊՈԱԿ-ի Նոյեմբերյանի տարածքային կառույցին անհատույց օգտագործման տրամադրելու հարցը: ՀՀ կառավարությունը այս տարվա հունիսի 26-ին որոշում է ընդունել, որով հանրապետության մի շարք քաղաքների ղեկավարների առաջարկել է պետական արխիվին անհատույց տարածք տրամադրել: Նոյեմբերյանի արխիվի զբաղեցրած 3 սենյակի մակերեսը կազմում է 58.8 քառակուսի մետր, որի դիմաց արխիվը քաղաքապետարանին տարեկան 276 հազար դրամ վարձ է տալիս: Սա Նոյեմբերյանի համեստ բյուջեի համար այնքան էլ փոքր գումար չէ, եւ հարցի քննարկման ժամանակ ավագանու անդամները հիշեցին, որ պետական արխիվը բնակիչներին տեղեկանք տրամադրելիս վարձավճար է գանձում, ասել է թե՝ հնարավորություն ունի զբաղեցրած տարածքի համար վարձավճար մուծել: Բացի այդ, մտավախություն կա, որ կառավարությունը այլ ծառայությունների՝ սոցիալական, պետռեգիստրի, անշարժ գույքի կադաստրի տարածքային ստորաբաժանումների համար նույնպես կառաջարկի անվճար տարածք հատկացնել: Նոյեմբերյանի ավագանին քվեարկությամբ մերժեց կառավարության առաջարկը, ինչը, սակայն, դուր չեկավ քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանին, իսկ ավագանու անդամ, Նոյեմբերյանի հարկային ծառայության աշխատակից Արթուր Ամիրաղյանն էլ արդեն քվեարկությունից հետո ասաց, թե սա ավագանու նիստում քննարկելու հարց չէ, եթե վերեւում արդեն որոշել են:

Քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը, նկատելով, որ պետական բյուջեի ֆինանսավորմամբ քաղաքում ծրագրեր են իրականացվում, հիշեցրեց, որ կան պետբյուջեից տրամադրվող դոտացիաների հաշվարկի տարբեր եղանակներ: Եթե սա ակնարկ է, որ կառավարությունը կարող է քինախնդիր լինել, ապա արձանագրենք, որ որեւէ օրենք կառավարությանը չի տալիս քինախնդիր կամ կողմնակալ լինելու իրավունք:

Հետո ընդմիջում եղավ, որից հետո էլ ավագանու անդամ՝ Նոյեմբերյանի թիվ 1 դպրոցի տնօրեն Ռուբիկ Գիշյանն ասաց, թե տղաներով որոշել են նույն հարցը դնել վերաքվեարկության: Վերաքվեարկությամբ Նոյեմբերյանի «պառլամենտը» ընդունեց Հայաստանի կառավարության առաջարկը՝ 7 կողմ, 2 դեմ եւ 1 ձեռնպահ: Բայց ինչպես ասվեց, 276 հազար դրամը Նոյեմբերյանի համար փոքր գումար չէ եւ արխիվին արտոնություն տալուց հետո ավագանին քաղաքապետի առաջարկով որոշեց բարձրացնել քաղաքապետարանի ենթակա հիմնարկներում ուսման վարձերը եւ վարձավճարները: Երաժշտական դպրոցում ուսման վարձը բարձրացվեց 400 դրամով, Գեղարվեստի դպրոցում՝ 300, մշակույթի տան պարի խումբ հաճախողների համար՝ 500 դրամով: 500 դրամով ավելացան համայնքային մանկապարտեզներ հաճախող երեխաների համար վճարվող ամսական վարձավճարները: Ավագանու անդամ Կարեն Անտոնյանը մտահոգություն հայտնեց, որ տնտեսական ճգնաժամի պայմաններում վարձավճարների բարձրացումը կարող է հաճախող երեխաների թվի նվազման պատճառ դառնալ: Ի դեպ, նիստին հրավիրված չէին մշակութային այդ օջախների եւ քաղաքի մանկապարտեզների տնօրենները, ովքեր, քաղաքապետի խոսքերով, ուսման վճարների բարձրացման նախաձեռնողներն էին:

Այսպիսով, ավագանին չցանկացավ դեմ գնալ կառավարության առաջարկին, ինչը զարմանալի չէ: Ովքե՞ր են ավագանու անդամները: Կամ պետական աշխատողներ՝ դպրոցի տնօրեն ու հարկային ծառայող, կամ էլ տեղական գործարարներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել