Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅ ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ՕԱԶԻՍԸ

Օգոստոս 28,2009 00:00

Բեյրութի հայկական դպրոցում հայազգի երեխաները ոչ միայն գիտելիքներ են ձեռք բերում, այլեւ՝ հանգստանում

\"\"
Միջոցառման ընթացքում երեխաներն իրենց մաքուր ու գրագետ
հայերենով, արաբերենով եւ ֆրանսերենով զարմացրել էին հյուրերին:

«Մեր ամառային դպրոցը՝ «Օազիսը», աշխարհի հայ երեխաների համար կարծես թե համախմբման եւ շփվելու վայր լինի օտար երկրում: Այստեղ իրենց ամառային հանգիստն են անցկացնում աշխարհի տարբեր երկրների հայ մանուկները: Իհարկե, այդ հանգիստը համատեղվում է ուսման հետ»,- այսպես բնութագրեց Լիբանանի 70-ամյա հայկական «Մեսրոպյան» կաթոլիկ դպրոցի տնօրեն Կրէկուար Գալուստը «Մեսրոպյանի» ամառային ճամբարը: Օտար երկրում, օտար ազգերի հետ բնակվելով եւ հայ ինքնությունը պահպանելու համար այս դպրոցի սաներին սեփական լեզվին եւ պատմությանը ծանոթանալու շատ հեշտ եւ յուրօրինակ տարբերակ է ընտրված:

Մեզ հետ զրույցում տնօրենը պատմեց, որ երեխաները ամառային դպրոցում ուսուցանելու ընթացքում ըստ տարիքի բաժանվում են խմբերի, իսկ այդ խմբերը անվանակոչվում են ինչպես պատմական Հայաստանի քաղաքների եւ մարզերի, այնպես էլ Հայաստանի Հանրապետության եւ Արցախի տեղանուններով. «Օրինակ՝ 400 սաներից 17 խումբ է կազմվել, որոնց անվանել ենք Աղթամար, Մուշ, Վան, Արցախ, Կիլիկիա, Շուշի, Լոռի, Սիփան, Երեւան, Արարատ, Արագած, Սասուն, Սարդարապատ եւ այլն»: Տնօրենի պատմելով՝ ամեն կերպ փորձում են երեխաներին շատ չծանրաբեռնել եւ հաճելին համատեղել օգտակարի հետ: Ամառային դպրոցում երեխաների հիմնական զբաղմունքներն են՝ երգեցողություն, մարմնամարզություն, խոհարարություն, գծագրություն, երաժշտություն, ասմունք, խմբային մարզական խաղեր, եւ նույնիսկ ձեռք են բերում առաջին անհրաժեշտության կենցաղային գիտելիքներ: «Նաեւ կազմակերպում ենք ուրբաթօրյա պտույտներ քաղաքում, երեխաներին լողավազան ենք տանում կամ Լիբանանի տեսարժան եւ պատմական վայրեր ենք այցելում: Աշխարհի տարբեր անկյուններից Լիբանան եկած հայերի համար սա հնարավորություն է իրենց երեխաների ժամանակը լավ անցկացնելու համար եւ արդեն 10 տարի է, ինչ գործում է ամառային դպրոցը: Իսկ նրանք, ովքեր հայերեն չգիտեն, համակարգչային «Արեւիկ» ծրագրով են ծանոթանում հայերենին: Ամեն ինչ անում ենք, որպեսզի երեխաների առօրյան հագեցած լինի».-պատմեց պարոն Գալուստը:

Նշենք, որ «Մեսրոպյան» դպրոցը գտնվում է Բեյրութի «Բուռչ Համուտ» հայկական ավանում եւ ինչպես Կրէկուար Գալուստն է ասում՝ «Բուռչ Համուտը սփյուռքահայերու մայրաքաղաքն է»:

Ինչ վերաբերում է «Մեսրոպյան» դպրոցին, ապա տնօրենը հավաստիացնում է, որ այն համարվում է Լիբանանի լավագույն դպրոցներից մեկը. այստեղ, բացի հայերից, նաեւ այլ ազգերի ներկայացուցիչներ են սովորում. «Մի քանի լեզուներ են սովորում, իհարկե պետական լեզուն արաբերենն է, բայց մայրենի լեզուն հայերենն է, ընդ որում՝ ցածր դասարաններից սովորում են նաեւ ֆրանսերեն, անգլերեն եւ այլ լեզուներ: Բացի այդ, օտարազգիները ինտենսիվ կուրսով մեզ մոտ սովորում են արաբերեն: Ամերիկացիներ էլ կան, որոնք, ասենք՝ պետք է ամուսնանան հայի հետ՝ սովորում են հայերեն»: Փոքր տարիքից լեզուներ ուսուցանելը, ըստ տնօրենի, խիստ անհրաժեշտ է. «Դա ընդունված է բոլոր զարգացած երկրներում, որքան ցածր տարիքից սովորեն, այնքան շատ գիտելիքներ կունենան: Դպրոցի 1200 սաներից 800-ը բարձրագույն դպրոցում են սովորում»: Տնօրենը մեզ հետ զրույցում նշեց, որ «Մեսրոպյան» դպրոցը գործում է պետական ծրագրով: Հայկական ավանդույթներին եւ տոներին ավելի լավ ծանոթանալու համար դպրոցում կազմակերպվում են զանազան միջոցառումներ, որոնց մասնակիցները հենց երեխաներն են:

«Մեսրոպյան» դպրոցի ուսուցման մեթոդները, անշուշտ, տարբերվում են հայաստանյան դպրոցներից: Նախ՝ «Մեսրոպյանում» երեխաներն ընդունվում են 3 տարեկանից, իսկ 6 տարեկանը լրանալուն պես՝ հայազգի մանուկները տեղափոխվում են նախակրթարան եւ մինչեւ 12 տարեկան հասակը սովորում են հայ քերականություն, պատմություն, մաթեմատիկա եւ այլ առարկաներ. «Լեզուն իհարկե մեսրոպյան է, այսինքն՝ արեւմտահայերեն: Հայ գրականությունն էլ մեսրոպյանով են սովորում: Մեզ մոտ գրքեր կան հրատարակված՝ արեւմտահայերեն լեզվով: Սաները Թումանյան կամ Սեւակ կարդում են այդ լեզվով: Նախակրթարանից հետո անցնում են միջնակարգ դպրոց, հետո բարձրագույն դպրոց, ապա, ըստ ընդունակությունների եւ նախասիրության, երեխաներն ընտրում են՝ շարունակեն արվեստի գծո՞վ, թե՞ արհեստի կամ բնագիտական, թե՞ տնտեսագիտական: Վարժարանի նեղ մասնագիտական դասարաններում սովորում են ոսկերչական դիզայն, վարսավիրություն, դիմահարդարում, համակարգչային ծրագրավորում, բիզնես-դասընթացներ, տուրիզմ: Մի խոսքով, պատրաստի մասնագետներ են դուրս գալիս մեր դպրոցից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել