Լրահոս
Օրվա լրահոսը

«ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԶՈՀԸ» ԿԱՄ ՇԻՆԾՈՒ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբեր 10,2009 00:00

Ինչ է գրում դատապարտյալը

Վերջերս «Սեւան» ՔԿՀ-ում ինձ մոտեցավ իմ բախտակից ընկերներից մեկը՝ Գարիկ Հովհաննիսյանը, որին ծանոթ էի դեռեւս «Նուբարաշեն» ՔԿՀ-ից եւ խնդրեց, որպեսզի ես համակ ուշադրությամբ լսեմ նրա ողջ քրեական պատմությունը: Ես լսեցի նրան եւ որոշեցի ընթերցել նրա գործը եւ եկա այն համոզման, որ նրա նկատմամբ դատախազը իրավունք չուներ որակավորելու այնպիսի մի հոդված, որը իր ամբողջ էությամբ չի համապատասխանում իրականությանը: 1321 հոդվածի 2-րդ մաս, այսինքն՝ աշխատանքի շահագործում եւ 7 տարի լոկ այն բանի համար, որ այդ անչափահաս երեխաները ժամանակ առ ժամանակ գիշերել են նրա տանը:

Դատարանը նրան անհիմն դատապարտել է անչափահասներին մուրացկանության մեջ ներգրավելու համար, մինչդեռ մինչեւ Գարիկին ծանոթ լինելը, երեխաներն արդեն իսկ մուրացկանության համար ուղարկվել են հատուկ գիշերօթիկ դպրոց եւ անկախ իր հետ ունեցած հետագա հարաբերություններից, նրանք զբաղվել են մուրացկանությամբ եւ կշարունակեին զբաղվել: Նույնիսկ դատական նիստի ընդմիջումից հետո, ինչպես պատմեց Գարիկը, վերադառնալով դահլիճ, դատավորը իր զարմանքն արտահայտեց այն բանի կապակցությամբ, որ այդ երեխաները ժամանակը անտեղի չեն կորցրել եւ իրենց գործը կատարել են դատարանի շենքի մոտ: Փաստորեն, նրանք մինչեւ Գարիկին ճանաչելը բազմիցս դասից փախել են եւ օրերով զբաղվել են մուրացկանությամբ: Իսկ Գարիկի հետ նրանք ծանոթացել էին իրենց համադասարանցի Վահան Իշխանյանի տանը, որտեղ եւ ապրում է Գարիկը: Վերջինս փաստական ամուսնության մեջ է Վահանի մոր՝ Լիանուշ Միրզոյանի հետ: Իսկ եթե անչափահաս մուրացկաններին իրենց հարկի տակ պահելը եւ իմանալը, որ նրանք մուրացկանությամբ են զբաղվում, դիտվում է Քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործություն, ապա թող նրա նկատմամբ այլ համապատասխան հոդված դրվեր: Ի սկզբանե, Գարիկի նկատմամբ որակավորած 166 հոդվածի 3-րդ մասն էր սխալ որակավորում, այսինքն՝ անչափահասներին ոչ հասարակական արարքների դրդելը եւ հետագայում 1321-ի 2-րդ մասը, որտեղ ասվում է. անչափահասների խոցելիությունը օգտագործելու միջոցով, նրանց հարկադիր աշխատանքի ներգրավելը: Ի՞նչ խոցելիության մասին կարող է խոսք լինել, երբ հենց այդ անչափահասները, վաղուց ի վեր, մինչեւ Գարիկի հետ ծանոթ լինելը, արդեն իսկ զբաղվում էին մուրացկանությամբ: Իրականում անչափահասների խոցելիությունը օգտագործել են քննիչն ու դատախազը, որոնք այնպիսի ցուցմունքներ են գրել, որ այդ անչափահասները իմացել են, թե այդ ամենը գրվում է հօգուտ Գարիկի:

Վերջերս Գարիկը հեռախոսազրույց էր ունեցել «Վարդաշենի» առաջին կրթահամալիրի փոխտնօրեն Ստեփան Ղամբարյանի հետ: Վերջինս Գարիկին հայտնել է, որ երեխաները միշտ ասում են, որ Գարիկը մեղավոր չէ եւ ավելացրել, որ նրանցից շատերը մինչեւ հիմա զբաղվում են մուրացկանությամբ:

Հարգելի խմբագրություն, միայն Գարիկը չէ, որ տառապում է ստից ու խաբեությունից, նրանք շատ-շատ են, որոնց պատժաչափը, որակավորած հոդվածը չի համապատասխանում կատարված հանցագործությանը: Ցավն այն է, որ այսօրվա իրավաբանները՝ քննիչների ու դատախազների մեծ մասը մարդու քրեական պատմությունը բացարձակապես «շինում» են եւ զրկում նրան ազատությունից, իսկ արտաքնապես իրենց արդարության ջատագովներ են համարում: Առանց խղճի խայթի մարդուն դարձնում են պոտենցիալ հանցագործ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել