Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԵԼԸ ՃՌՌԱԼՈՒ ՏԵՂ…

Հոկտեմբեր 10,2009 00:00

\"\"«Առավոտի» սեպտեմբերի 1-ի համարում «Սպիտակ լիմուզինով, քյուֆթայով ու մեխակներով չի ճանապարհում» հոդվածում անդրադարձել էինք Արարատի մարզի Գեղանիստ գյուղի դպրոցում տիրող վիճակին:

Խմբագրությանը հասցեագրված նամակում մի խումբ ծնողներ բողոքել էին դպրոցում տիրող անօրինություններից: Դրանց կապակցությամբ դպրոցի տնօրեն Լեւոն Գեւորգյանը «Առավոտին» ասել էր, թե բողոքներն անհիմն են, եւ դրանց հետեւում կանգնած է դպրոցի նախկին տնօրենը: «Նրանից հետո, ոչ բարով, ես նշանակվեցի տնօրեն, ու այդ օրվանից մեր կյանքը նա ուզում է դժոխքի վերածել: Տնօրեն դառնալուց հետո ես նաեւ ֆիզիկայի ուսուցչի եմ ազատել աշխատանքից, որը նույնպես տնօրենի հետ արդեն մի քանի տարի է՝ բողոք գրելով ու ինձ սեւացնելով էր զբաղված: Այդ ուսուցիչն էլ, բացի այն, որ թոշակի պիտի գնար, նաեւ լավ մասնագետ չէր, ֆիզիկայից այնքան հեռու էր, որքան խոզը՝ աշխարհագրությունից: Արդեն բոլոր գերատեսչություններից նրանց բողոքների հիման վրա եկել են մեր դպրոց ու ստուգումներ են արել, ոչ մի անօրինական բան չեն հայտնաբերել»,- ասել էր Լ. Գեւորգյանը:

Օրերս «Առավոտ» էր այցելել Սվետլանա Դպիրյանը, ով 1982-92 թվականներին եղել է Գեղանիստի դպրոցի տնօրենը, իսկ 1992-ից մինչեւ 2006-ը՝ նույն դպրոցում աշխատել է որպես ֆիզիկայի ուսուցիչ: Ս. Դպիրյանը անչափ վրդովված էր տնօրենի խոսքերից, եւ բազմաթիվ փաստաթղթերով մեզ ներկայացրեց Լ. Գեւորգյանի ապօրինությունները, մասնավորապես՝ իր հանդեպ: Այսպես, դեռ 1990-ին Լեւոն Գեւորգյանը նշանակվել է այդ դպրոցի տնօրեն՝ այնպիսի խախտումներով, որ հետո դատարանի որոշմամբ չեղյալ էր համարվել նրա տնօրեն դառնալը, եւ Ս. Դպիրյանը վերանշանակվել էր իր պաշտոնում, սակայն այդ ամենը մնացել էր թղթի վրա, քանի որ Լ. Գեւորգյանն ուղղակի չէր վերադարձրել կնիքը: Այդպես «դե ֆակտո» լինելով տնօրեն, 1992-ից Լ. Գեւորգյանը Մասիսի շրջանի ժողկրթբաժնի կողմից արդեն «դե յուրե» նշանակվել է տնօրեն: Ի դեպ, Լեւոն Գեւորգյանի կենսագրությունը կարելի է ցցուն օրինակ համարել, թե ինչպիսի կադրեր են հատկապես գյուղերում դպրոցներ տնօրինում: Այսպես, պարոն Գեւորգյանը, որը «ՀՀ ժողովրդական կրթության գերազանցիկ», «Աշխատանքային արիության համար» մեդալակիր, բազմաթիվ գովասանագրերի եւ դիպլոմների արժանացած Ս. Դպիրյանի մասին ասել էր, թե լավ մասնագետ չէ, եւ ֆիզիկայից այնքան հեռու է, որքան խոզը՝ աշխարհագրությունից, ահա այդ խոսքերի հեղինակն ինքը բուհն ավարտել է…10 տարում. ընդունվել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի երեկոյան ֆակուլտետի մեխանիկական բաժինը 1968 թվականին, 70-ին հեռացվել է՝ սիստեմատիկ բացակայությունների համար, 71-ին վերականգնվել է եւ վերջապես 1978-ին ավարտել է ինստիտուտի լրիվ դասընթացը՝ «Ավտոմոբիլներ եւ տրակտորներ» մասնագիտությամբ: Եվ մինչեւ Գեղանիստի դպրոց՝ որպես ուսմասվար գործուղվելն աշխատել է հարեւան Արբաթի դպրոցում, որտեղ դասավանդել է տրակտորի ուսուցում առարկան: Նրա հեղինակած պաշտոնական գրություններում այնպիսի տառասխալներ են արված, որ ուղղակի զավեշտալի է. «ամվավեր»՝ անվավերի փոխարեն, «պետկ է»՝ պետք է-ի փոխարեն եւ այլն…

Բացի այն, որ այդ դպրոցում տիրած բարքերը ուղղակի վրդովեցուցիչ են (չենք անդրադառնում Ս. Դպիրյանի ներկայացրած մյուս՝ իր հանդեպ իրականացված կիսաքրեական եւ սոցիալական անարդարություններին), 2006-ին էլ Ս. Դպիրյանին ազատել են աշխատանքից թոշակի գնալու կապակցությամբ՝ ոտնահարելով Աշխատանքային օրենսգրքի պահանջները: Դպիրյանը դիմել է դատարան եւ Արարատի մարզի 1-ին ատյանի դատարանի վճռով վերականգնվել ֆիզիկայի ուսուցչի աշխատանքում: Սակայն Վերաքննիչ դատարանը բեկանել է 1-ին ատյանի դատարանի վճիռը: Իսկ Վճռաբեկին դիմելու ժամանակը Սվետլանա Դպիրյանը բաց թողեց…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել