Լրահոս
Օրվա լրահոսը

Մորեխիկը, որը նկարել չգիտեր

Հոկտեմբեր 10,2009 00:00

Հաճելի է, որ «Առավոտը» անդրադարձել է դպրոցական դասագրքերին։ Դրա կարիքն իրոք զգացվում է. պարզ ու անկեղծ հրապարակումները շատ օգտակար կլինեն թե՛ դասագրքեր ստեղծողների, թե՛ ծնողների, թե՛ ուսուցիչների եւ թե՛ երեխաների համար։

2009 թ. հոկտեմբերի 6-ի հրապարակումը՝ «Կմեծանաս՝ կհասկանաս», ես դասում եմ այդպիսի հրապարակումների շարքին։ Լավ էր, որ նախքան հոդվածը տպագրելը Հռիփսիմե Ջեբեջյանը զրուցեց դասագրքերի հեղինակներ Կարինե Թորոսյանի եւ Վաչագան Սարգսյանի հետ եւ նոր միայն հրապարակեց այն։ Մեր տպավորությունն այնպիսին էր, որ Հռիփսիմեին լիովին գոհացրին մեր մեկնաբանությունները, որեւէ հարց չմնաց անպատասխան կամ որեւէ պատասխան անբավարար չէր։ Սակայն, ընթերցելով հոդվածը, տպավորություն ստացա, որ մեջբերված մեկնաբանություններով ամբողջությամբ չի բացահայտվում գործի իրական պատկերը, եւ ընթերցողի մեջ կծագեն պատասխաններ պահանջող հարցեր։

Ուստի շնորհակալ կլինենք, եթե, որպես անկեղծ զրույցի շարունակություն, տպագրեք այս լրացումը։ Ուզում եմ անդրադառնւսլ երեխաների ոչ ստանդարտ մտածողության զարգացմանը միտված դասանյութերին. դրանք կարող են լինել հարցերի, առաջադրանքների, հանելուկների, խնդուկների, առածների, ասացվածքների, մանրապատումների, պատմվածքների, հեքիաթների ձեւով։ Դիտարկենք մի օրինակ։

Հոդվածագիրը մեջբերել է հետեւյալ հանելուկից մի հատված.

Թե դպրոցին դու նայես,

Առաջինն եմ այնտեղ ես,

Թե դասարան դու մտնես,

Սկզբում ինձ կգտնես։

Այնինչ այս հանելուկը հոդվածում ձեռք է բերել այսպիսի տեսք. «Մտնում ես դասարան, առաջինը նրան ես տեսնում. ո՞րն է»։ Հարկ է նկատել, որ դասագրքում ա) հանելուկն ունի վերնագիր՝ «Կատակ տառ- հանելուկ», որից արդեն զգացվում է, որ այդ հանելուկին պետք է նայել այլ չափանիշներով։ բ) «Դ» տառը «դպրոց» եւ «դասարան» բառերի մեջ տրված է կարմիրով, այսինքն՝ հուշումն ակնհայտ է։ գ) Եթե գրված է՝ «թե դպրոցին դու նայես», ապա այստեղ «դպրոցը» կարելի է հասկանալ թե որպես բառ, թե որպես այդ բառով արտահայտված առարկա։ Առաջին դեպքում պատասխանը բացահայտորեն ակնհայտ է, երկրորդ դեպքում պետք է գործի դնել ոչ ստանդարտ մտածողությունը։ դ) Հանելուկի կողքին որպես չորրորդ հուշում նկարված է «դ» տառը՝ դարբնի տեսքով։ ե) Պետք չէր ազգ ու տակով փնտրել հանելուկի պատասխանը. դասագրքի վերջում տպված են բոլոր հանելուկների ու առաջադրանքների պատասխանները։

Եթե երեխան նույնիսկ չգտնի հանելուկի պատասխանը, ապա չարչարվելուց հետո, տատիկ-պապիկներին, ծնողներին հարցնելուց հետո (կամ առաջ) կբացի գրքի 62-րդ էջը եւ կկարդա պատասխանը, կզարմանա ու կհիանա, եւ «անջատիչը կմիանա»։

Նույնը վերաբերում է մյուս հանելուկին՝ «Շ» տառի մասին։

Մի առաջադրանքի մասին եւս։ Տետրում նկարված են. արեւ, շիշ, ոզնի, տանձ՝ առաջին տողում, գնդակ, նավ, աստղ՝ երկրորդ տողում, խնձոր, ամպ, նուռ, ուղտ, թիթեռ՝ երրորդ տողում։ Երեխան պետք է գրի առարկաների անունները եւ լուծի գաղտնագիրը։ Որպես հուշում, ներքեւում տրված է գծապատկերը։ Գաղտնագիրը պետք է դժվար լինի, բայց ոչ՝ խրթին, դա է նրա իմաստը։ Երեխան պետք է գործի դնի իր ստեղծագործական երեւակայությունը, տրամաբանությունը, համառությունը, հասկանա, որ առարկաների առաջին տառերով կարդացվում է «Աշոտ, գնա խանութ» նախադասությունը, որը որպես հուշում տրված է գծապատկերով, ինչին նրանք վաղուց սովոր են։

Իհարկե, կարելի է անդրադառնալ նշված բոլոր առաջադրանքներին, բայց ավարտենք՝ անդրադառնալով հոդվածի վերնագիր դարձած «Կմեծանաս՝ կհասկանաս» արտահայտությանը։

Տետրի 19-րդ էջում տրված է մի նկար, որտեղ լողորդը պետք է մի կղզուց լողա մյուս կղզին՝ անցնելով համապատասխան տառերի վրայով։ Այդ տառերը նշված են վանդակների մեջ, իսկ ավելորդ բառերը՝ շրջանակների։ Վանդակների միջի տառերն իրար հետեւից շարելով՝ ստացվում է «Ջուրն իր ճամփան կգտնի» առածը։ Այստեղ բնավ չի պահանջվում, որ երեխան իմանա այդ առածը, այստեղ այդ առածը երեխան ստանում է տրամաբանորեն լուծելով խնդիրը։ Այդտեղ կարող էր լինել ցանկացած նախադասություն։ Բայց եթե երեխան ստանում է այդ առածը, եւ եթե նույնիսկ չի հասկանում տվյալ պահին, ապա կմեծանա՝ կհասկանա։

Ինչ վերաբերում է «Մամ, մորեխը նկարե՞լ գիտի» երեխայի հարցին, պետք է ասեմ, որ այդ երեխայի համար ծնողները պիտի հեքիաթներ կարդան, այդտեղ մորեխիկը ոչ միայն նկարում է, այլեւ երգում ու պարում, գայլը խոսում է, ծիտիկը՝ մտածում եւ այլն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել