Լրահոս
Օրվա լրահոսը

«VIP»՝ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՓԱՓՈՒԿ ԿԱՀՈՒՅՔՈՎ

Հոկտեմբեր 22,2009 00:00

Ո՞վ, ինչպե՞ս կամ ու՞մ է տրվում «VIP» կարգավիճակ

Բոլոր քաղաքակիրթ երկրներում «VIP» սրճարանները եւ ռեստորանների «VIP» սրահները մուտքից սկսած մինչեւ մատուցողների հագուկապը, սպասքը, երաժշտությունն ու ճաշացանկը՝ տարբերվում են սովորական սրճարաններից: «VIP» սրճարանների համար կան ընդունված դետալներ, որոնցով պայմանավորված էլ՝ այդ սրահում մատուցվող ցանկացած ուտեստի կամ խմիչքի գինը մի քանի անգամ բարձր է լինում սովորական սրահի գնացուցակից: Նախ, «VIP» սրահների բոլոր մատուցողները պետք է կրեն նույն կտորից կարված համազգեստ: Բացի այդ, «VIP»-ում ճաշացանկը պետք է ներառի բոլորովին այլ՝ ավելի բարձրակարգ ու թարմ ընտրանի. օրինակ, թխվածքը պետք է լինի կոնկրետ այդ օրվա պատրաստած, ուտեստները պետք է լինեն չափազանց թարմ եւ, որ ամենակարեւորն է, «VIP» սրահը պետք է լինի առանձնացված: Հայաստանում չնայած ամեն երկրորդ սրճարանի վրա գրված է «VIP» եւ գրեթե բոլորն էլ ունեն «VIP» սրահներ, բայց եթե իրական չափանիշներով դիտարկենք, այստեղ ընդհանրապես «VIP»-ի տեսքով ոչինչ չունենք: Սա խոստովանում են նույնիսկ իրենք՝ սրճարանատերերը, որոնք անգամ հոգ չեն տարել, որպեսզի «VIP» սրահում սեղաններն առանձնացված լինեն իրարից:

Եվրոպայում «VIP»-ի իմաստն այն է, որ այդ սրճարանը կարողանա իր հարկի տակ ընդունել այնպիսի մարդկանց, ում ճանաչվածությունը թույլ չի տալիս սովորական սրահում հանգստանալ եւ, ասենք, մի գավաթ սուրճ վայելել: Ուստի այնտեղ «VIP»-ից օգտվում են հենց այն հայտնի մարդիկ, ովքեր իրենց հարմարավետության եւ սպասարկման բարձր մակարդակի համար պատրաստ են թանկ վճարել: Ընդ որում, նորմալ «VIP» սրահում սրճարանի մենեջերն ի սկզբանե արգելում է այն մարդկանց մուտքը, ովքեր իրենց կարգավիճակով չեն համապատասխանում այդ սրահին: Մեզ մոտ ծիծաղելի կլինի, եթե որեւէ սրճարանում թույլ չտան մի հարբած հարուստի «բալիկի» մտնել «VIP» սրահ: Այստեղ առանց բացառության ընդունվում են բոլոր նրանք, ովքեր պատրաստ են վճարել՝ անկախ իրենց մակարդակից ու ճանաչվածությունից:

Մեր հարցին, թե ինչո՞վ է տարբերվում ձեր սրճարանի «VIP» սրահը՝ սովորականից, Թումանյան փողոցում գտնվող «Jazzve» սրճարանի մենեջեր Աննա Պողոսյանը պատասխանեց. «VIP» սրահում փափուկ կահույք ենք տեղադրել, պատերին նկարներ ենք փակցրել եւ պատերի գույներն ավելի ներդաշնակ ենք դարձրել ինտերիերի հետ: Բացի այդ, երկու սրահների միջեւ տարբերությունը գինն է, իսկ մատուցողները, ճաշացանկը լրիվ նույնն է: «VIP» գալիս են բոլոր նրանք, ովքեր ուզում են նույն բանի համար ավելի վճարել»:

«First» սրճարանը Հայաստանում առաջիններից է, որը ներմուծեց «VIP» սրահ ունենալու գաղափարը: Սակայն հենց այդ սրճարանի տնօրեն Ստեփան Խաչատրյանը մեզ հետ զրույցում խոստովանեց, որ «VIP» -ի եւ սովորական սրճարանի միջեւ բացարձակ տարբերություն չկա: Նրա խոսքերով՝ «Եթե նախկինում «VIP»-ը միայն գնացուցակով էր տարբերվում, ապա այժմ նույնիսկ գինն է իջել եւ հավասարվել սովորականի գնին, որովհետեւ մեր երկրում իսկական «VIP» չկա»:

«Մետելիցա» սրճարանում 3 սրահ է գործում, երկուսը՝ սովորական, մեկը՝ «VIP»: Այս սրճարանից էլ վստահեցրին, որ բոլոր սրահներում նույն մատուցող-մատուցողուհիներն են աշխատում, հետեւաբար նրանց սպասարկման մակարդակի տարբերության մասին խոսք լինել չի կարող. «Տարբերությունը միայն գնացուցակն է եւ այն, որ «VIP» սրահից օգտվողները նստում են փափուկ կահույքի վրա: Ինչ վերաբերում է մատուցողների հագուստին՝ բաց գույնի շապիկ են հագնում եւ մուգ գույնի կիսաշրջազգեստ կամ տաբատ, համազգեստ էլ չեն կրում»:

Մեր երկրում գրեթե բոլոր «VIP» սրճարաններում մոտավորապես նույնն է կատարվում, ինչ նախկինում՝ հյուրանոցների, երբ որ հյուրանոցատերի մտքով քանի աստղ անցնում էր՝ փակցնում էր իր օբյեկտի «ճակատին»: Արդյունքում՝ Հայաստանում գործում էին միայն 5, 6, նույնիսկ 7 աստղանի հյուրանոցներ: Ներկայումս այդ խնդիրը կարգավորվել է, եւ հյուրանոցներին աստղեր շնորհում է միայն էկոնոմիկայի նախարարությունը: Իսկ թե երբ եւ ով պետք է էլիտար, «VIP» սրճարանների իրական կարգավիճակը որոշի՝ հարց է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել