Լրահոս
Օրվա լրահոսը

ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԸ՝ ԳԵՐՄԱՆԱՑԻ ԱՐՎԵՍՏԱԳԵՏԻ ԱՉՔԵՐՈՎ

Հոկտեմբեր 22,2009 00:00

Կամ՝ ինչպես ծնվեց Հայաստանում եւ Արցախում ուսումնասիրություններ կատարելու նրա գաղափարը

Երեկ Ժամանակակից արվեստի թանգարանում կայացավ գերմանացի արվեստագետ Վերենա Քիսելկայի հետազոտությունների հիման վրա նկարահանված «Անդրկովկասյան իդենտիֆիկացում» վիդեո ցուցադրության պրեմիերան: Նույն օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ գերմանացի արվեստագետը եւ ցուցադրության կազմակերպիչ, «Արվեստի եւ մշակութային հետազոտությունների լաբորատորիա» հ/կ-ի նախագահ Սուսաննա Գյուլամիրյանը պատմեցին ֆիլմի ստեղծման աշխատանքների մասին: Տիկին Գյուլամիրյանը պատմեց, որ Վերենան ֆիլմի նկարահանման համար Հայաստանում ուսումնասիրություններ անելուց բացի՝ ուղեւորվել է նաեւ Լեռնային Ղարաբաղ՝ հարցազրույցներ անցկացրել փախստականների հետ եւ հետազոտել հարեւան երկրների՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ ունեցած բարդ հարաբերությունները ու շեշտը դրել հատկապես փախստականների խնդիրների վրա: «Ովքեր ժամանակակից արվեստի հետ սերտ առնչություններ չունեն, նրանց համար տարօրինակ կթվա՝ վիզուալ գրավչությունից զուրկ հարցազրույցների ներկայացումը եւ արվեստի մեջ վավերագրական նման ոճի նորամուծությունը»,- պարզաբանում է Սուսաննա Գյուլամիրյանը: Նրա խոսքով, վիդեո ցուցադրությունից բացի, Վերենան կներկայացնի վիդեո փոխակերպումներ՝ պաստառներով, որտեղ արծարծված են փախստականների միայն գենդերային խնդիրները: Տիկին Գյուլամիրյանի խոսքով, «Վերենային մշտապես հետաքրքրել են կանանց խնդիրները եւ տարիներ շարունակ նա այդ թեմաներին անդրադառնում է իր արվեստում: Փախստական կանանց հետ հարցազրույցների նպատակը եւս դա է, ափսոս՝ այդ կանայք դժվարությամբ են խոսել նուրբ ու խոցելի թեմաներով»: Գերմանացի արվեստագետն էլ պատմեց, որ իր հետազոտությունները Հայաստանից սկսելու գաղափարը ծնվեց հայ արվեստագետ Մկրտիչ Տոնոյանի հետ ծանոթությունից: «Ուսումնասիրություններս հենց Հայաստանից սկսեցի, որովհետեւ հետաքրքիր էր զուտ էթնիկ առումով: Հայաստանը մի երկիր է, որը շրջապատված է մահմեդական հարեւաններով եւ ինքնության խնդիրը բավականին սուր է դրված»,- փաստեց նա: Վերենայի խոսքով, հաջորդ տարիներին իր հետազոտությունները կշարունակի նաեւ Ադրբեջանում, Վրաստանում, եթե ադրբեջանցիներն իրեն չսպանեն: Գերմանացի արվեստագետը, մանրամասնելով ասվածը, պարզաբանեց, որ նման մտավախություն է առաջացել Արցախում մի կնոջ հետ հարցազրույցից հետո, ով նրան պատմել է մի ադրբեջանցի լրագրողի սպանության մասին: Լրագրողներին հետաքրքրող այն հարցին, թե հայ-ադրբեջանական կոնֆլիկտի մասին ի՞նչ եզրահանգումներ է արել, գերմանացի արվեստագետը պատասխանեց. «Իմ նպատակը այս կամ այն երկրին հավատալը կամ ինչ-ինչ բացահայտումներ անելը չէր, սա քաղաքական հենք չուներ: Կոնֆլիկտներ ունեցող երկրներն էլ, կարծում եմ, մշակութային երկխոսությունից պետք է սկսեն»: Նաեւ հավելեց, թե ինչու է նման առաքելությամբ հանդես գալիս. «Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մայրս Գերմանիայից ստիպված էր գաղթել Չեխոսլովակիա ու այդ գաղթի ճանապարհին 16-ամյա մայրս 7 զինվորի կողմից բռնաբարվել է: Այս դեպքը ծանր ազդեցություն է թողել ինձ վրա ու մղել իմ ուսումնասիրություններն անելու»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել