Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՍ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼԻԴ ՆՄԱՆ ՉԷ

Հոկտեմբեր 31,2009 00:00

\"\"Նույնիսկ նրանք են բաժանվում տարատեսակների

«Անկախ նրանից՝ մենք բանտում ենք, թե ոչ, այսօրվա Հայաստանում բոլորս էլ քաղբանտարկյալներ ենք»,- «Առավոտի» հետ զրույցում երեկ՝ Քաղկալանավորների միջազգային օրը, կարծիք հայտնեց 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո քաղաքական հայացքների համար տեւական ժամանակ ազատազրկված ԱԺ նախկին խոսնակ Կարապետ Ռուբինյանը: Իսկ նման եզրակացության բացատրությունն այսպիսին է. «Որովհետեւ մեզ իշխում են մարդիկ, որոնց մենք լիազորություններ չենք տվել,  եւ իշխում են դաժանորեն: Ոմանց, ովքեր ամենաակտիվն են, ամենասկզբունքայինը եւ ամենաանհանդուրժողն են անօրինականությունների, պարբերաբար մտցնում են բանտերը: Ի՞նչ պիտի անենք: Պիտի պայքարենք: Այս հանցախմբից ազատվելու ուրիշ ոչ մի ձեւ չկա»: Իսկ ինչքա՞ն պետք է պայքարել, քանի որ անկախացումից ի վեր, արդեն 20 տարի, հայաստանաբնակները պայքարի մեջ են, բայց երանելի վիճակն այդպես էլ տեսանելի չէ՝ «Առավոտի» դիտարկման պատասխանը եղավ. «Պիտի պայքարենք՝ մինչեւ հաղթանակ: Ովքեր հոգնում են պայքարից՝ նրանց փոխարեն գալիս են նորերը: Ի դեպ, հաղթանակից հետո էլ պայքար է լինելու, քանի որ դեպի կատարելություն ձգտումն անսպառ է եւ անհասանելի: Բայց մենք դեռ կատարելության մասին չենք խոսում, այլ խոսում ենք ամենատարրականի՝ մարդու իրավունքների պահպանության մասին»: Մեր զրուցակցին հիշեցրեցինք, որ անկախ Հայաստանի առաջին տասնամյակում էլ՝ ՀՀՇ-ի իշխանության տարիներին նույնպես կային քաղաքական հայացքների համար ազատազրկվածներ, մասնավորաբար՝ 1994-ի վերջերին դադարեցվեց մի ողջ կուսակցության՝ ՀՅԴ-ի գործունեությունը: «Դաշնակցական գործիչները իրենց համարում են քաղբանտարկյալնե՞ր: Էդ գործիչներին հիմա ես կառաջարկեմ դիմել դատական ատյաններին եւ պահանջել արդարության վերականգնում: Ես ինչքան գիտեմ, այդ գործիչների դատական գործերը կարճվել են իրավիճակի փոփոխության պատճառով»:
Խորհրդային տարիներին քաղաքական հայացքների համար ազատազրկված, այժմ իշխանական ՀՀԿ-ի կարկառուն ներկայացուցիչներից Ռազմիկ Զոհրաբյանը, պատասխանելով «Առավոտի» հարցին՝ թե ինչո՞ւ երեկ ներկա չէր օրվա առիթով ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ կազմակերպված ակցիային ասաց. «Մեր երկրում քաղկալանավորներ չկան, որպեսզի նրանց մասին խոսեմ: Այն մարդիկ, որոնց մասին ամբողջ օրը մամուլում խոսում եք, ես իրենց քաղկալանավոր չեմ համարում, որովհետեւ նրանք կոնկրետ մեղադրանքներով, կոնկրետ քրեական հանցագործության տեր են եւ պատժաժամկետ են անցկացնում»: Նկատեցինք, որ խորհրդային տարիներին էլ նման հոդվածներ չկային եւ նման մեղադրանքներ չէին առաջադրվում, շատ կոնկրետ հոդվածներով, կոնկրետ մեղադրանքներ էին առաջադրվում, սակայն  բոլորին էլ հասկանալի էր, թե ովքեր էին քաղաքական դրդապատճառներով բանտում հայտնվել, ովքեր քրեական հանցագործներ էին: Ռազմիկ Զոհրաբյանն, ըստ էության, համաձայնեց այդ դիտարկմանը. «Այն ժամանակ կար 65 հոդվածը՝ հակասովետական պրոպագանդա՝ պետականության հիմքերը քայքայելու նպատակով: Մեզ համարում էին հատուկ վտանգավոր հանցագործներ եւ մեղադրում հակապետական գործունեության մեջ: Մեր պայքարը քաղաքական էր, պայքարում էինք Հայաստանի անկախության համար, իրենք էլի մեզ չէին ընդունում որպես քաղկալանավորներ. խորհրդային իշխանությունը մեզ քաղկալանավոր չէր ճանաչել»: Այս առիթով «Առավոտի» ռեպլիկին՝ ճիշտ այնպես, ինչպես ներկայիս իշխանությունները քաղաքական դրդապատճառներով ազատազրկվածներին չեն համարում այդպիսիք, Ռ. Զոհրաբյանն արձագանքեց. «Այո: Բայց ի տարբերություն՝ մենք պայքարում էինք անկախ Հայաստանի համար, սահմանադրական ճանապարհով: Իսկ այսօրվա կալանավորվածները պայքարում էին իշխանության համար ու որպես միջոց ընտրել էին հանցագործ ճանապարհը»: Հետաքրքրվեցինք՝ թե իշխանություն ուզելու ի՞նչ խնդիր ունեին իշխանության մեջ եղող չորս պատգամավորները: «Դե, նրանք միացել էին ընդդիմությանը եւ աջակցում էին ընդդիմությանը, իրենց ընդդիմություն էին համարում: Իրենք ընդդիմության կողմնակիցներն էին, պարզապես մտել էին իշխանություն: Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմն էր, որի անդամները մտել էին իշխանության մեջ, հիմա էլ կան. ընդդիմության ակտիվության ժամանակ որոշները ի հայտ եկան, ծավալեցին գործունեություն, որը իշխանության կողմից համարվեց քրեապես հետապնդելի, եւ դատապարտվեցին: Այն մարդիկ, ովքեր իշխանության նկատմամբ արտահայտել են իրենց կարծիքը՝ առանց քրեական գործողություն անելու, չեն ձերբակալվել: Ում ձերբակալել եւ դատապարտել են՝ կոնկրետ քրեական գործունեության համար»,- համոզում էր ՀՀԿ-ական նախկին քաղբանտարկյալը՝ անգամ այն պարագայում, երբ նրան մանրամասն հիշեցրեցինք խայտառակ դատավարությունները եւ դրանց ժամանակ դրսեւորված ակնհայտ միտումները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել