Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրագումարի է բերվում արվածը

Նոյեմբեր 11,2009 00:00

\"\"Ազգային օպերային թատրոնը 75 տարեկան է

Ջուզեպպե Վերդիին է պատկանում արդեն քրեստոմատիական ճշմարտություն դարձած հետեւյալ միտքը. օպերան ցանկացած ազգի քաղաքակրթության աստիճանի արտահայտությունն է: 75 տարի առաջ հիմնադրված Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը ոչ միայն քաղաքակրթության աստիճանի արտահայտությունը դարձավ, այլեւ ձեւավորեց հայկական օպերային արվեստը՝ ասպարեզ բերելով երեք տասնյակից ավելի  ազգային օպերաներ, բալետներ, որոնք ներկայացվելով նաեւ այլ բեմերում, պատկերացում ձեւավորեցին մեր ուրույն երաժշտադրամատիկական արվեստի մասին:
Իր հոբելյանի նախօրյակին թատրոնը հանրագումարի է բերում անցածը, պատրաստելով նույնիսկ թանգարանային ցուցադրություն եւ միջոցառումների շարք, իսկ բուն տոնակատարությունը կկայանա դեկտեմբերին:
Եթե 1990-ականներին ժամանակի թելադրանքով նաեւ օպերային թատրոնում հիմնավորված ոչ արդյունավետ աշխատաձեւերով չափազանց քիչ էին ընթացիկ ներկայացումները, ապա այսօր արդեն առանց չափազանցնելու՝ օր օրի հարստացող խաղացանկ կա, պարբերական են դարձել ներկայացումները, կամաց-կամաց արթնացնելով շատերի սերն ու ձգտումը դեպի օպերային արվեստ:
Այս տարի ՀՀ նախագահի հովանավորությամբ իրականացված Ա. Խաչատրյանի «Սպարտակ» բալետի բեմադրությունը հույս է ներշնչում, որ կա պետական հոգածություն: Ինչպես մեզ ասացին թատրոնում՝ երանի նախագահի նախաձեռնությունը վարակիչ լինի շատ ու շատ օլիգարխների համար: Իսկ վերջիններս պետք է հասկանան, որ աշխարհում թանկ հաճույք համարվող օպերային թատրոնը հովանավորելով, կարող են ոչ միայն բարի համբավ ձեռք բերել, այլեւ, ինչպես քաղաքակիրթ երկրներում է, պարզապես փող աշխատել, որովհետեւ գոյություն ունեն արտմենեջմենթ եւ արտբիզնես, ինչը աշխարհի շատ օպերային թատրոններում ահռելի եկամուտներ են բերում նաեւ ներդրողներին: Բոլոր ժամանակներում էլ թատրոնում մտահոգված են շնորհաշատ մեներգիչների հեռանալով: Հիմա էլ այդ «հիվանդությունը» կա եւ, ինչպես «Առավոտին» ասաց թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը, չպետք է փնտրել հայրենասիրության պակաս: «Մեր մեներգիչներից շատերը ցանկալի հյուր են արեւմտյան թատրոններում: Նշեմ, որ թատրոնի գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանի՝ Սանկտ Պետերբուրգում որպես բեմադրող դիրիժոր իրականացրած «Սպարտակը» մեծ հաջողությամբ ներկայացվեց նաեւ Ճապոնիայում…»:
Թատրոնի տնօրենը ոգեւորված պատմում է այն մասին, որ վերջին տարիներին իրենց օջախ են ոտք դրել մեծանուն Մայա Պլիսեցկայան, Յուրի Գրիգորովիչը եւ այլք, իսկ Ելենա Օբրազցովան վարպետության դասեր է անցկացրել. «Միայն անցնող թատերաշրջանում ունեցանք 7 պրեմիերա, այդ թվում՝ Տերտերյանի «Երկրաշարժ», Սպենդիարյանի «Ալմաստ», Մոցարտի «Դոն Ժուան», Խաչատրյանի «Սպարտակ», Հովհաննիսյանի «Վարդանանք», Պիացոլայի «Տանգո» եւ այլն: Առաջին անգամ հայրենիքում բեմ բարձրացավ մեծ համբավ ունեցող կանադահայ երգչուհի Ալին Գութանը, հայ հանդիսատեսը շփվեց Վրաստանի օպերայի եւ բալետի թատրոնի բալետային խմբի ղեկավար՝ հանրահայտ Նինո Անանիաշվիլու եւ խմբի արտիստների հետ: Թատրոնի մեներգչուհի Անահիտ Մխիթարյանը տպավորիչ մենահամերգ ունեցավ, իսկ նվագախումբը ղեկավարեց իսպանացի մաեստրո Միգել Օրտեգան… Ի վերջո, մեր թատրոնի բալետային խումբը ելույթներ ունեցավ Թուրքիայում, Արաբական Միացյալ Էմիրություններում եւ այլուր: Սկսել ենք Ալ. Հարությունյանի «Սայաթ-Նովա» եւ Վերդիի «Աիդա» օպերաների բեմադրական աշխատանքները: Առաջինը բեմադրում է վրացի ռեժիսոր Գիզո Ջորդանիան, երկրորդը՝ իտալացի Մարիո Կորադին: 2010-ին կսկսենք Չայկովսկու «Շչելկունչիկի» եւ Վերդիի «Ռիգոլետտոյի» աշխատանքները»: Մեր զրուցակիցը չտվեց 1999-ից իր ղեկավարած թատրոնի հարուստ ու փառավոր պատմության մեջ ավանդ ունեցող արվեստագետների անունները, կեսկատակ-կեսլուրջ ասելով. «Միայն «Առավոտի» էջերը չծանրաբեռնելու պատճառով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել