Լրահոս
Օրվա լրահոսը

Դիմակներն ու «օքսոլինը» դեֆիցիտ են

Նոյեմբեր 13,2009 00:00

Երեկ օդանավակայնից ուղիղ «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել «խոզի գրիպի» նախանշաններով երեք կասկածելի հիվանդ՝ հետազոտվելու: Նշենք, որ այս օրերին 6 հիվանդ այս հիվանդանոցում A/H1N1 վարակի ախտորոշմամբ բուժում են ստացել, նրանցից 5-ն արդեն դուրս է գրվել: Նրանց բոլորին էլ օդանավակայանի բժշկական հսկողական շտաբն է հայտնաբերել եւ տեղափոխել հետազոտման: Այս հիվանդները ժամանել էին Ռուսաստանից եւ Իրանի Իսլամական Հանրապետությունից: Ինչպես մեզ հետ զրույցում նշեց հանրապետության գլխավոր վարակաբան Արա Ասոյանը, դուրս գրված հիվանդները լիարժեք առողջացած են: Մեր այն հարցին՝ բուժվելուց հետո հիվանդները պիտի նաեւ պատվաստվե՞ն, թե՞ նրանք արդեն լիարժեք պաշտպանված են A գրիպից, պարոն Ասոյանը պատասխանեց. «Ոչ ոք չի կարող ասել՝ նրանք նորից կվարակվե՞ն նույն հիվանդությամբ, թե՞ ոչ, մեզ համար այս հիվանդությունը դեռ մութ անտառ է»:
Մենք Ա. Ասոյանից հետաքրքրվեցինք՝ հիվանդները պատվաստվել են A գրիպի դեմ, նո՞ր են դուրս գրվել, նա ասաց, որ դեռ այդ պատվաստանյութը չունեն:
Չնայած ոլորտի մասնագետները հավաստիացնում են, որ իրավիճակը վերահսկելի է, սակայն մեր քաղաքացիներն իսկական խուճապի մեջ են: Դրա մասին վկայում է այն, որ Երեւանի գրեթե բոլոր դեղատներում բացակայում են վարակից պաշտպանող դիմակներն ու «օքսոլինի» քսուքը: Մենք շրջեցինք մայրաքաղաքի մի շարք դեղատներում, միայն մեկում գտանք դիմակ, իսկ «օքսոլինի» քսուքը բացակայում էր ամեն տեղ: Դեղատներից մեկի աշխատակցուհին տեղեկացրեց, որ դիմակները սպառվում են կայծակնային արագությամբ, իսկ «օքսոլինի» պաշարները բոլոր պահեստներում վերջացել են:
Առողջապահության նախարարությունը հիշեցնում է, որ A/H1N1 վիրուսով հարուցված գրիպի հիմնական ախտանշաններն են՝ բարձր ջերմություն, գլխացավ, մկանային ցավ, հազ, անգինա, որոշների մոտ նկատվել է նաեւ փսխում: Հիվանդության գաղտնի շրջանը 7 օր է: Հարուցիչը շրջակա միջավայրի առարկաների վրա պահպանվում է մոտ 2 ժամ: Մարդկանց խորհուրդ է տրվում հաճախակի լվանալ ձեռքերը՝ օճառով, իսկ գրիպանման հիվանդության ախտանիշների դրսեւորման դեպքում դիմել բժշկական օգնության, այլ ոչ թե ինքնաբուժությամբ զբաղվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել