Լրահոս
Օրվա լրահոսը

13. ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋՕՐԵ

Նոյեմբեր 27,2009 00:00

\"\"
Օբյեկտ՝ թանգարանի տարածքում:

\"\"
Արգիշտի թագավորի մարտակառքը:

Աստճաններով դեպի թանգարանի շենքն եմ իջնում: Ինչ-որ անբացատրելի անհանգստություն համակեց ինձ: Ասես կարեւոր ու անբացատրելի բան եմ մոռացել: Ետ դարձա: Հայացքս մագնիսական ուժով փնտրեց, հասավ Նուբարաշենի կալանավայրը: Չէ, նրա կողքի Վարդաշենի կալանավայրն եմ փնտրում: Այն չէր երեւում: Հիշեցի ու ասես հիասթափությունից գետնին փլվեցի: Ես պետք է արցախյան ազատամարտի իմ վաղեմի ընկերոջը՝ հայրենիքի նվիրյալ, Լեոնիդ Ազգալդյանի զինակից, փարիզեցի Սարգիս Հացպանյանին հանդիպեի: Հավանաբար, ինչ-որ սխալմունք կար նրա կալանավայրում հայտնվելու մեջ: Ես կիսաշրջվեցի, ու թվաց, կողքիս պիտի Արգիշտի արքային տեսնեի: Պատրաստ էի չոքել նրա առաջ, ոտքերն ընկնել եւ ազատություն խնդրել հայրենասերի համար: Տարօրինակ էր՝ նա չկար, չքացել էր պատրանքի նման: Բայց ես գիտեմ, որ նա կա, տեսնում, հետեւում է մեզ ու անպայման կկատարի իմ խնդրանքը, կապանքներից կազատի իր զինվորին: Նայեցի Արարատ լեռանը: Հայոց Մասիսները այսքան մոտ ու հստակ երբեք չեմ տեսել: Խաչակնքեցի, չնայած համոզված չեմ, թե հեթանոս այդ լեռները ընդունում են խաչը: Բայց երեւի իր ժողովրդի հետ լեռն էլ է քրիստոնյա դարձել: Հիշում եմ, Սարգիսը ազատագրված Մռավի փեշին՝ Ալաշանում, հստակ տեսնում էր գերեվարած Արարատ լեռան ազատագրումը: Հիմա Սարգիսը ավելի լավ կհասկանա շղթայված Մասիսների ցավը: Նոյ Նահապետը իր տապանի նեղ պատուհանից տեսել է ջրհեղեղի փոթորկուն ալիքների մեջ գերեվարված, բայց եւ անսասան կանգնած, սիգապանծ Արարատ լեռն ու լցվել հավատքով, որ կփրկի հայոց ցեղը: Կրկին հայացք ձգեցի դեպի կալանավայրը, հավատքով, որ Սարգիսը գոնե ինչ-որ անբացատրելի ջերմություն զգաց:
Արահետով ցած իջա: Բանվորների մի խումբ քանդում էր աստիճանները:
– Հե՞շտ է քանդելը, -դիմեցի բանվորներից մեկին:
– Քանդված էր, մեզ մնում է հեռացնել քարերը, որ նորը տեղադրենք, – պատասխանեց 40-ամյա բանվորը:
– Զանգեզուրցի ես,- համոզված ասացի ես:
– Հա, Կապանից եմ:
– Լավ քաղաք է, ես սիրում եմ Կապանը, այնտեղ լավ ընկեր ունեմ, – ասացի ես:
– Է՜, Կապա՞ն է մնացել: Ութսուն հազար բնակիչ ուներ, հիմա չորս հազարն է մնացել, այն էլ՝ տարեցներ: Ապրելու հնար լիներ՝ Երեւան չէի գա:- Ձեռքով ցույց տվեց Արինբերդի ոտքերի տակ սփռված քաղաքը, ապա շարունակեց, – եթե մի քիչ փող ետ գցեմ՝ Ռուսաստան կգնամ:
Թանգարանի մուտքի մոտ հանդիպեցի տնօրենի տեղակալ Արաքսի Մեշինյանին: Նա հայտնեց, որ ողջ վեց հեկտար տարածքի վրա միայն մի ոստիկան է հսկում:
– Ինչպես երեւում է, թանգարանի բացումից հետո տարածքը անխնամ է մնացել,- ասացի ես:
– Այո,- համաձայնեց թանգարանի փոխտնօրենը,- 1968 թ. բացումից հետո այն չի վերանորոգվել, իսկ բաց երկնքի տակ գտնվող թանգարանը պետք է անընդհատ խնամքի տակ լինի: Արեւելյան մուտքի մոտ ոչ մի ցուցանակ չեն թողնում, որ մնա: Տարածքը պետք է պարսպապատվի: Բայց լուրջ ուշադրության չի արժանանում այս թանգարանը, երբ եզակի ժողովուրդներ կարող են այսպիսի թանգարան ունենալ:
– Ես տեսա, որ շարվածքը փլուզվել է, իսկ վրայի ցեմետե սալերը, որոնց վրայով քայլում են այցելուները, կախվել են օդում,- ասացի ես:
– Ավելի անմխիթար վիճակում է Շենգավիթի հնավայրը: Այն կոնսերվացրել են, ու շրջապատի բնակիչները տարածքը աղբանոցի են վերածել:
– Հիշում եմ, գերմանացի հնագետ, Հալլեյի համալսարանի պրոֆեսոր Բրենտյեսը հպարտությամբ էր ցուցադրում Շենգավիթի պեղումներից բերած նախշազարդ հախճապակու բեկորները,- ասացի ես:
– Մեկ այլ խնդիր էլ ունենք,- ասաց Ա. Մեշինյանը,- ծրագրել ենք թանգարանը ուրարտագիտության կենտրոն դարձնել, որտեղ ունկնդիրները սեպագրերի դասեր կստանան, կծանոթանան մեր երկրի այդ դարաշրջանի պատմության մանրամասներին: Իհարկե, դրանով չեն սպառվում մեր խնդիրները: Հարեւան բնակիչները որոշ տարածքներ են զավթել, ոչ մի կերպ չենք կարողանում ետ վերցնել:
– Բայց հազիվ թե նրանք առանց ձեր ու քաղաքապետարանի թույլտվության համարձակվեին այդ տարածքին տիրություն անել:
– Քաղաքապետարանն է թույլատրել:
– Մի ժամանակ ամեն տարի Էրեբունու հիմնադրման տոնակատարությունը ձեր թանգարանից էր սկսվում, ու քիչ գումար չէր ծախսվում: Վերջերս այդ տոնի օրերին մոռացել են բերդաքաղաքի մասին: Մի՞թե դա չէ պետական այրերի, մշակույթի նախարարության կողմից թանգարանի հոգսերը անուշադրության մատնելու պատճառներից մեկը:
Այդ պահին հայտնեցին, որ քաղաքապետարանից մարդիկ են եկել զավթած տարածքների խնդրի հետ կապված եւ իրեն են սպասում: Որոշեցի ականատես լինել, թե ինչպես են սովորաբար լուծվում նման խնդիրները: Քաղաքապետարանի Հողի եւ բնակշինարարության վարչության պետ Հայկ Ասատրյանը, եւս երեք մասնագետներ այստեղ էին եկել Էրեբունու թանգարանի տնօրենի բողոքի հետ կապված դատախազության հանձնարարությամբ: Որոշեցին միասին այցելել փողոցին հարակից զավթած տարածքները: Առաջին «զավթիչը» Մարտինն էր, որը տարածքում ավտոտեխսպասարկման կայան էր տեղադրել:
– 1996 թվականից այս տարածքի օգտագործման թույլտվություն եմ վերցրել քաղաքապետարանից,- ասաց Մարտինը:
– Չի կարող պատահել, որ նման թույլտվություն ունենաք, -առարկեց վարչության պետը:
– Ինչո՞ւ:
– Որովհետեւ տարածքը թանգարանինն է:
– Դե թող թանգարանը տնօրիներ իր տարածքը:
– Երկու օր ժամանակ եմ տալիս կառույցը ապամոնտաժելու համար,- ասաց Հ. Ասատրյանը,- այլապես մենք կգանք, կապամոնտաժենք, ու այդ ամենը՝ ձեր հաշվին, գումարած տուգանքը:
– Երկու օրում չեմ հասցնի:
– Դա իմ գործը չէ:
Հաջորդ «զավթած» տարածքը Սամվել Խաչատրյանինն էր:
– Աղբանոց էր այս տարածքը, մաքրել եմ, շուրջը 60 ծառ տնկել, ոռոգման համար խողովակաշար քաշել: Երբ ոռոգման ջուր չկար, ամբողջ ընտանիքով դույլերով ջուր էինք կրում, ծառերի տակ լցնում:
– Իմ գործը չի,- ասաց քաղաքապետարանի ներկայացուցիչը,- երկու օրից գանք՝ այս ամբողջ կառույցը չլինի:
– Ես քաղաքապետարանի թույլտվությունն ունեմ, բարեխղճորեն մուծումներ եմ արել:
– Դա ոչ մի նշանակություն չունի: Դատախազությունն է զբաղվում այս հարցով, եթե տարածքում մի սյուն էլ մնացած լինի՝ տուգանքի տակ կընկնես:
Սամվել Խաչատրյանին խնդրեցի ցույց տալ փաստաթղթերը: Առաջինը քաղխորհրդի 1996թ. N343 պայմանագիրն էր, ստորագրված Ֆ. Ս. Հայթյանի կողմից, ըստ որի՝ 6 քառ. մետր մակերեսով տարածքը տրվում է Ս. Խաչատրյանին՝ օգտագործման համար: Հողօգտագործման մուծումներ է կատարել մինչեւ 2005 թվականը: Հուշարձանների պահպանության վարչությունն ու թանգարանի տնօրինությունը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Խաչիկ Դաշտենցի փողոցին հարող տարածքը ավտոշուկայի այցելուների կողմից աղբանոցի է վերածվել, այն ժամանակավորապես օգտագործման համար հանձնել են փողոցի մերձակա բնակիչներին՝ օգտագործելու եւ մաքուր պահելու նպատակով: Իսկ պտղատու ծառերը Սամվելը տնկել է 1995թ: Հաջորդ փաստաթուղթը Երքաղգործկոմի 1995 109. 32/8 որոշման հիման վրա նույն գործկոմի 1998 թ. N 709 թույլտվությունն է. Սամվել Խաչատրյանին նույն տարածքում «Առեւտրի կրպակ» բացելու համար: Այն տեղ է գտել նաեւ քաղաքի գլխավոր հատակագծում:
Իհարկե, կարելի է առարկել Ս. Խաչատրյանին, որ քաղաքային, շրջանային, գյուղական գործկոմներում կամ այլուր նման փաստաթղթերը առանց կաշառքի ոչ ոքի երբեք չեն տրվում: Բայց եւ զարմանալի է, թե ինչպիսի համառություն, եռանդ է գործադրել Ս. Խաչատրյանը իր փոքր բիզնեսն այստեղ զարգացնելու համար, եւ հանկարծ այդ ամենը իզուր է եղել: Գոյություն ունեցող օրինական եւ անօրեն համակարգերի մեղքով քաղաքացին կրել է բարոյական ու նյութական հսկա վնասներ: Ո՞վ պետք է պատասխան տա այս ամենի համար: Գուցե դատախազությունը սխալ է անում, որ քաղաքացիներին է մեղադրում: Ի վերջո, տարածքը թանգարանին է պատկանում, ինչո՞ւ է իր տարածքը հոժարակամ քաղաքացիներին հանձնել, թույլ տվել, որ ծառ տնկեն, կառույցներ տեղադրեն: Հաջորդ «զավթած» տարածքը ընդարձակ այգու էր վերածված, որտեղ մարմնամարզական գործիքներ էին տեղադրված:
– Թաղամասի երիտասարդները սպորտդահլիճ չլինելու պատճառով այստեղ են մարզվում: Իսկ եթե բարեգործության համար պատիժ է հասնում ինձ՝ պատժեք, ինձ տեղն է,- ասաց «զավթիչը»:
Թանգարանի վերջին «զավթած» տարածքում, «չթույլատրված» խանութի կողքին փոքրիկ ու աննշան առեւտրի տաղավարի տերը՝ Աիդա Բոդուրյանը արտասվելու չափ հուզվել էր: Ամուսինը՝ Սարգիսը, աշխատավայրում ընկել է, հաշմանդամ դարձել: Հիմնարկությունը, որտեղ աշխատում էր, դիմել է քաղգործկոմին՝ ժամանակավոր տարածք հատկացնել Ս. Բոդուրյանին՝ առեւտրի կրպակ բացելու համար: Հաշմված ոտքով Սամվելը մի կերպ գլուխ է բերում տաղավարը: Ճիշտ է, մեծ խանութի կողքին դժվար էր վաճառքը, բայց չնչին եկամտով կարողանում են հոգալ օրվա հացը:
Թանգարանի շենքից քիչ ներքեւ սեւազգեստ մի խումբ մարդիկ վեճի էին բռնվել թանգարանի միակ հերթապահ ոստիկանի հետ, որը պահանջում էր վերադարձնել կողպեքը: 1200 դրամ է, կտանք, նորը կառնես, էլի փակի տակ կդնես ճանապարհը:
– Ինչո՞ւ նորը գնեմ, իմ կողպեքը վերադարձրեք,- համառում էր ոստիկանը:
– Ի՞նչ է պատահել,- դիմեցի մի երիտասարդի, որը չվստահող հայացք նետեց իմ գրառումների տետրի ու լուսանկարչական խցիկի վրա, իր հերթին հարցրեց.
– Դու ո՞վ ես, ո՞ւմ հարցին պիտի պատասխանեմ:
– Սովորական քաղաքացի եմ, հետաքրքրվում եմ, գուցե մի բանով օգնեմ ձեզ:
– Սովորական քաղաքացի ես՝ ճամփեդ գնա:
Մի տարեց մարդ ճանաչեց ինձ ու բացատրեց.
– 70-ամյա մի կնոջ թաղման ենք եկել: Այս թանգարանի այս հարթակում էինք կանգնեցրել մեքենաները: Թանգարանի հերթապահ ոստիկանը, որը թույլ էր տվել օգտվելու հարթակից, շղթայով փակել էր ելքը, որոշելով, որ կանգառի համար պետք է վճարենք: Տղաները մեքենայով քշել, կտրել են շղթան, ջարդել կողպեքը:
Սգավորներից առանձին մարդիկ ոստիկանին մի կողմ էին տանում, ինչ-որ բան համոզում, սակայն ոչ ոք նրա կողպեքի գումարը չէր տալիս: Նրանցից մեկը զայրացավ, թե զայրույթ խաղաց, պոռթկաց, ձեռքը սպառնալից վեր բարձրացրեց: Մյուսները մեջ ընկան բաժանեցին իրար քաշքշող զայրույթ խաղացողին ու ոստիկանին: Վերջինս փորձում էր բջջայինով կապվել ոստիկանության հետ ու օգնության կանչել, սակայն ոչ մի կերպ կապ չէր ստացվում, գուցե եւ ձեւացնում էր: Մի հոգի մոտեցավ, մտերմաբար խորհուրդ տվեց չբարդացնել հարաբերությունները: Ոստիկանը տեսավ, որ ոչինչ չի ստացվում, ձեռքը թափ տվեց ու գլխիկոր հեռացավ դեպի թանգարանը:
Ես թանգարան մտա, շրջեցի սրահներով, որտեղ հիմնականում Կարմիր բլուրից գտածոներն են ներկայացված: Առանձնապես տպավորիչ էին հսկա կարասները, որոնց մեջ ցորեն ու գարի են ամբարել: Լուսանկարեցի Արգիշտի արքայի սեպագրերով արձանագրությունը: Այն ինձ ոչինչ չէր հաղորդում: Եթե օրիգինալը լիներ, գուցե ինչ-որ եռանդ կամ հույզ կհաղորդեր ինձ: Թե՝ հոգնել եմ ու անընդունակ եմ դարձել ինչ-որ բան ընկալելու, չնայած կցանկանայի որեւէ կերպ հաղորդվել երեք հազարամյակ առաջ ապրած մարդու հետ: Դուրս եկա թանգարանից, աստիճաններով ցած իջա, քայլեցի դեպի Արգիշտի թագավորի մարտակառքը: Երկու պատանիներ՝ տղա եւ աղջիկ, բարձրացել էին տուֆակերտ կառքի վրա: Տեսնելով իրենց ուղղված օբյեկտիվը, ցած թռան: Հոգնել էի, ու կցանկանայի հենց թեկուզ Արգիշտի թագավորի մարտակառքով շարունակել ճամփորդությունս: Դե թող կարծեն, թե Արգիշտիի ու Մենուայի ժառանգն եմ ու վերադառնում եմ հաղթական ճակատամարտից: Բայց ժողովուրդը ցնծությա՞մբ կդիմավորի ինձ: Իմ աշխատանքը սովորաբար չի գնահատվում, ու ես համակերպվել եմ, որ դա իմ ճակատագիրն է: Սովորաբար ասում են. «Հայի բախտ է…»: Ես համակերպվեցի «հայի բախտ» հասկացության հետ, վստահ քայլեցի դեպի մարտակառքն ու բռնելով կառքի բազրիքից, վեր բարձրացա՝ տեղ գրավելու Երեւանի բերդի հիմնադրի կողքին: Սակայն մեծ էր իմ հիասթափությունը. քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը ձիերն ու մարտակառքը թողել է քարե կապանքների մեջ: Հիշեցի Փոքր Մհերի՝ քարի մեջ մտնելու պատմությունը: Մեր առաջնորդները մտնում են քարի մեջ ու սպասում, որ ցորենի հատիկը սիսեռի չափ դառնա…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել