Լրահոս
Օրվա լրահոսը

ԾՐԱԳՐԱՅԻՆ ՈՉԻՆՉ ՉԿԱՐ

Դեկտեմբեր 01,2009 00:00

ՀՀԿ համագումարում Սերժ Սարգսյանի ելույթը Հայ ազգային կոնգրեսում գնահատեցին ամպագոռգոռ, բայց ոչինչ չասող

  Շաբաթ օրը Հայաստանի Հանրապետական կուսակցության 12-րդ համագումարում կուսակցության առաջնորդ եւ ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանն իր ելույթում խոսելով ներքաղաքական եւ արտաքին մարտահրավերների մասին՝ հայտարարել էր, թե «մենք պետք է կարողանանք լսել միմյանց եւ ուրիշներին: Եթե ընդդիմախոսը միտք է արտահայտում, որը համոզիչ է ու ավելի լավը, քան քո միտքը, ուրեմն պարտավոր ես իրագործել նրա միտքը ու ոչ թե քոնը՝ ու միայն այն պատճառով, որ քոնն է», «սուր բանավեճը երբեք չպետք է թերագնահատել»՝ հավելելով, որ երկրի քաղաքական կայունությունը ապահովելու ուղին քաղաքական երկխոսությունն է: «Կարելի է կոշտ լինել մտքերի, բայց ո՛չ դրանք արտահայտողների հանդեպ: Սա՛ պետք է առաջին հերթին կյանքի կոչենք»: Իշխանական ճամբարում ոմանք այս հայտարարությունն ընկալել էին որպես Հայ ազգային կոնգրեսին ուղղված փոխադարձ առաջարկ եւ Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ նոյեմբերի 11-ին ունեցած ելույթի պատասխան: Այդպիսի կարծիք հայտնել էր մասնավորապես ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Ու թեեւ ՀՀԿ-ական պատգամավորներն իրենց առաջնորդի ելույթում ՀԱԿ-ին ուղղված ակնարկներ չեն նկատել, բայցեւ չեն էլ բացառել ՀՀԿ-ՀԱԿ հնարավոր համագործակցությունը:
Ի տարբերություն իշխանական ճամբարի ներկայացուցիչների, Կոնգրեսում ոչ ոք Ս. Սարգսյանի ելույթում համագործակցության պատրաստակամություն կամ առավել եւս առաջարկ չէր նկատել: «Եթե ինչ-որ մեկը նման բան նկատել է, թող մեզ ցույց տա»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը: Ինչպես հայտնի է, երկրում հանդուրժողականության, երկխոսության անհրաժեշտության մասին հայտարարող Ս. Սարգսյանի գլխավորած կուսակցության համագումարին հասարակության մեջ առավել վստահություն վայելող ընդդիմադիր ուժերից որեւէ մեկը՝ ո՛չ Կոնգրեսը եւ ո՛չ էլ «Ժառանգությունը» հրավիրված չէին: Այդ փաստի առնչությամբ Կոնգրեսի համակարգող Լ. Զուրաբյանը միայն գոհունակություն հայտնեց: Իսկ ՀՀԿ նախագահի ելույթի վերաբերյալ էլ հավելեց. «Մեզ միայն խոսքով պատասխանը չի հետաքրքրում, մեզ պետք է միայն «գործով» պատասխան»:
Ս. Սարգսյանի ելույթի առնչությամբ երեկ փորձեցինք ստանալ նաեւ Կոնգրեսին մաս կազմող այլ քաղաքական ուժերի մեկնաբանությունները եւս: Ավաղ, մի երեք գործիչներ մեր հարցադրումներին ի պատասխան անկեղծորեն ասացին, թե իրենք այդ ելույթին ծանոթ չեն: Մեկն ասաց, թե՝ անգամ կարդալ չի ցանկացել, մյուսի ջղերը չեն հերիքել մինչեւ վերջ լսելու համար: Իսկ ՀՀ նախագահի ելույթը «մեծ դժվարությամբ, բայց մինչեւ վերջ լսած» Լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանն էլ «Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնեց, թե ելույթում, բացի ամպագոռգոռ հայտարարություններից եւ հուզական խոսքերից, ոչ մի կոնկրետիկա չկար. «Չկար ոչ մի իրական, ապագային միտված ծրագիր: Ես ոչ մի լուրջ ծրագրային դրույթ նրա ելույթում չտեսա։ Բայց կար ամբիցիա, լավատեսություն, խոստումներ, թե՝ հետո կխելոքանանք, լավ կաշխատենք։ Երկիրը նման խոստումներով չէ, որ պետք է կառավարվի»: Ս. Սարգսյանն իր ելույթի սկզբնամասում նկատել էր, թե դեռ երկու տարի առաջ՝ ՀՀԿ 11-րդ համագումարում իր մատնանշած եւ ՀՀ իշխանությունների առաջ ծառացած լրջագույն մարտահրավերներից ու հիմնախնդիրներից շատերն այսօր էլ արդիական են, եւ «անցած երկու տարվա ընթացքում եղան զարգացումներ, որոնք նոր խնդիրներ հարուցեցին` ի հավելումն արդեն գոյություն ունեցողների»: ՀԱԿ ներկայացուցիչ Հովհ. Հովհաննիսյանը Ս. Սարգսյանի ելույթի, թերեւս, նաեւ այդ հատվածը նկատի ունենալով ասաց, որ ՀՀԿ-ն արդեն երկար տարիներ լինելով իշխող կուսակցություն, կառավարելով մի ամբողջ պետություն՝ այդպես էլ չի կարողանում պատասխանել մեկ հարցի՝ ինչո՞ւ է երկրի վիճակն օրեցօր վատթարանում։ Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք ՀՀ նախագահի ելույթում կա՞ր ՀՀ առաջին նախագահի ելույթին պատասխան պարունակող որեւէ դրույթ, ԼԿ նախագահն ասաց. «Առաջին նախագահի խոսքն այնքան խոհեմ ու խորն էր, որ դրան խոսքով պատասխանել պետք էլ չէր: Դրան պետք է գործով պատասխանել»։
ՀՀԿ նախագահն իր ելույթում նաեւ այսպիսի ուշագրավ հայտարարություն էր արել. «Կուսակցության ներսում ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը երկրում ժողովրդավարության զարգացման կարեւոր գործոն է ու շարունակելու է լինել այդպիսին: Ակնհայտ է, որ ներկուսակցական որոշումներ կայացնելու գործում ինչքան շատ գործեն ժողովրդավարական սկզբունքները, այնքան արագ է հասարակությունը հետեւելու պետության կառավարման ղեկին կանգնած կուսակցության մոդելին»: Նկատի ունենալով հենց այս հայտարարությունն ու դրան հետեւած այն փաստը, որ ՀՀԿ նախագահի եւ գործադիր մարմնում դեռ առաջադրումներ չեղած՝ ՀՀԿ-ականներն արդեն դահլիճից դուրս քվեարկություն էին անում արդեն պատրաստի քվեաթերթիկներով, Կոնգրեսում կարծիք հայտնեցին, որ եթե երկրի գործող նախագահն այսպիսի ընտրություններ անցկացնելն է համարում ժողովրդավարական եւ հե՛նց այդպիսի ընտրություն անցկացնող ՀՀԿ-ի մոդելով է ուզում կառավարել Հայաստանը, ուրեմն՝ դա վերջն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել