Լրահոս
Օրվա լրահոսը

ՌՈՒԴԻԿ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ ՃՇՏՈՒՄ Է

Դեկտեմբեր 01,2009 00:00

Նոյեմբերի 28-ին «Առավոտը» «Լրագրողն ԱՄՆ-ում ապաստան ստացել է» հրապարակմամբ անդրադարձել էր Հանրային ռադիոյի «Ռադիոլուր» ծրագրի նախկին խմբագիր Արթուր Սահակյանի՝ ԱՄՆ-ում քաղաքական ապաստան ստանալու փաստին: «Առավոտի» հետ հարցազրույցում Լոս Անջելեսում գործող AMGA հայկական հեռուստաալիքի «Վարագույր» հեռուստաժամի տնօրեն Ռուդիկ Հովսեփյանը հակառակ Ա. Սահակյանի հերքումների, հաստատել էր նրա՝ ապաստան եւ դրա հիման վրա նաեւ «գրին քարտ» ստանալու մասին տեղեկությունները: Բայց հրապարակման մեջ մեր մեղքով տեղ է գտել մեկ անճշտություն, որը մեր հարցադրմանը Ռ. Հովսեփյանի տված պատասխանի թյուրըմբռնման արդյունք է: Խոսքն այս հատվածի մասին է. «Ռ. Հովսեփյանը ի հավելումն նաեւ պարզաբանեց, որ ամերիկյան օրենքներով, երբ մարդը քաղաքական ապաստան է ստանում, նախկինում մեկ, իսկ հիմա 7-8 ամիսների ընթացքում միանգամայն օրինական կերպով կարող է իր ընտանիքը տեղափոխել ԱՄՆ, ինչն արել է նաեւ այդ տղան (Արթուր Սահակյանը)»: Երեկ պարոն Հովսեփյանը ճշտեց, որ Ա. Սահակյանը իսկապես ԱՄՆ-ում քաղաքական ապաստան եւ կեցության իրավունք ստացել է, բայց իր ընտանիքին ԱՄՆ դեռ չի տեղափոխել: Նա եւս մեկ անգամ շեշտեց այն, ինչ ասել էր մեր նախորդ հարցազրույցում. ամերիկյան օրենքներով նախկինում՝ մինչեւ 2000թ.-ն, մարդը, որը քաղաքական ապաստան եւ «գրին քարտ» էր ստանում, իրավունք ուներ մեկ ամսից հետո ԱՄՆ տեղափոխել նաեւ իր ընտանիքը: Հիմա այդ ժամկետը երկարաձգվել է, եւ այդ գործընթացը 7-8 ամիս է տեւում: «Այդ ժամկետը լրանալուց հետո նա իր ընտանիքը Միացյալ Նահանգներ կտեղափոխի, թե ոչ՝ իր անձնական խնդիրն է»,- ասաց պարոն Հովսեփյանը: Անճշտության համար խնդրում ենք ե՛ւ պարոն Հովսեփյանի, ե՛ւ Ա. Սահակյանի ներողամտությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել