Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղամիջյան պատերազմ՝ Այգաբացում

Դեկտեմբեր 01,2009 00:00

Նոր գյուղապետը դուրս է եկել հնի դեմ

Անցած շաբաթ մի խումբ այգաբացցիներ շրջափակել էին Շիրակի մարզպետարանի շենքը՝ մարզպետ Լիդա Նանյանին հորդորելով «Այգաբացի խոշորի բտման տնտեսություն» ԲԲԸ-ից հետ վերցնել գյուղի՝ 25 տարի ժամկետով վարձակալության հանձնված 221,3 հեկտար վարելահողը: Գյուղացիները դժգոհում էին, որ նախկին գյուղապետ Գագիկ Ալթունյանը, իրենց ձեռքից խլելով վարելահողերը, իր հոռոմցի մի քանի ընկերների՝ ԲԲԸ-ի բաժնետերերի հետ միասին համագյուղացիներին ստրկացրել է. շանս չի տվել ապրելու: Նրանք նաեւ պնդում էին, որ այդ կազմակերպությունը պատկանում է նախկին գյուղապետին, որը 2001 թ.-ին հիմնադրելով այն, ինքն իրեն վարձով է տվել գյուղի հողերը՝ համայնքային բյուջե չմուտքագրելով ոչ մի լումա:
Այս թեմայի շուրջ օրերս «Առավոտին» պարզաբանումներ տվեցին «Այգաբացի խոշորի բտման տնտեսություն» ԲԲԸ-ի ներկայացուցիչները: Նրանք մեզ ցույց տվեցին մի շարք փաստաթղթեր, ըստ որի՝ վերոհիշյալ կազմակերպությունը ստեղծվել է ոչ թե նախկին գյուղապետ Գագիկ Ալթունյանի կողմից, այլ եղել է պետական տնտեսություն, որը, սակայն, ՀՀ պետական ունեցվածքի հաշվառման եւ ապապետականացման վարչության կողմից 04.21.1997թ. կառավարության թիվ 559-2 որոշմամբ՝ հանվել է աճուրդ-վաճառքի, իսկ բաժնետոմսերը գնել են ներկա եւ նախկին այգաբացցիները: Այդ թվականից սկսած էլ այս կազմակերպությունը 1 տարի ժամկետով վարձակալել է գյուղի որոշակի քանակությամբ հողեր: 2001 թ.-ին նոր միայն նախկին գյուղապետ Գագիկ Ալթունյանի եւ «Այգաբացի խոշորի բտման տնտեսություն» ԲԲԸ-ի միջեւ պայմանագիր է կնքվել գյուղի 221,3 հեկտար վարելահողը 25 տարի ժամկետով վարձակալության հանձնելու մասին: «Այգաբացի խոշորի բտման տնտեսություն» ԲԲԸ-ի գործադիր տնօրեն Ռոստոմ Ռոստոմյանը «Առավոտին» փոխանցեց, որ գյուղամիջյան պատերազմ հրահրողը ներկա գյուղապետն է՝ Սասունիկ Վանեցյանը, որը պարզապես նախանձում է իրենց: «2005թ.-ին ընտրված նոր գյուղապետը 10 տարի շարունակ նախկին գյուղապետի տեղակալն է եղել, հիմքից տեղյակ է, թե ինչպես է ստեղծվել «Այգաբաց» ԲԲԸ-ն: Էսօրվա գյուղապետը ոչ թե ցանկանում է գյուղացիներին հող տալ մշակելու, այլ նրա նպատակն է քանդել, պարզապես մեր ձեռքից խլել վարելահողը ու առուծախի առարկա դարձնել: Գյուղում էլ բան չի մնացել վաճառելու, 2005թ.-ից, ինչ Սասունիկ Վանեցանը համայնքի ղեկավար է դարձել, կուլտուրայի տունը, գուլպա-նասկեղենի կոմբինատը, ջրհան կայանները, ճաշարանը, մանկապարտեզը քանդել ու էժան վաճառել է, փոշիացրել է, նախկին գյուղապետ Գագիկ Ալթունյանը գոնե դրանք պահպանել էր: Հավատացեք, որ բողոքի դուրս եկած գյուղացիներից շատերը չեն կարողանում իրենց սեփական հողերը մշակել, հարկերը վճարել: Բողոքավորները, այսպես ասած, գյուղապետի «սպայկեն» են, ընդամենը 25-30 հոգի են, եւ բողոքի են դուրս եկել, որպեսզի մեր կազմակերպության աշխատանքները վնասեն:
2009թ. սեպտեմբերի 1-ին Երեւանում էի, գուղից ահազանգ ստացա, որ վարում են մեր ցանած «Վրանգլեր», «Ապոլոն» տեսակի էլիտար սերմերը, վրայից վարում ու նպատակով փչացնում են, երբ հաջորդ երեկոյան վերադարձա գյուղ, 6 հեկտար առվույտն արդեն փչացրել էին: Ես այն կարծիքին եմ, որ դա արվել է նոր գյուղապետի նախաձեռնությամբ, 5 տարի է՝ նա նպատակ է դրել խլել մեր կազմակերպության ձեռքից հողերը՝ պատճառաբանելով, որ ժամանակին կամ ընդհանրապես վարձավճարները չեն մուծվել: Բայց դրա մասին խոսք չկա, որովհետեւ ցանկացած եռամսյակ մենք պարտաճանաչ մուծել ենք: Այգաբացը մարզպետարանում գրանցված միակ գյուղն է, որը, շնորհիվ մեր կազմակերպության, 100%-ով հողահարկը կատարել է, տարեկան 1 միլիոն դրամ վարձավճար է մուծվել համայնքային բյուջե»,- պարզաբանեց Ռոստոմ Ռոստոմյանը:
Նախկին գյուղապետի եղբայր Մելիք Ալթունյանն էլ հավելեց, թե բողոքավորների մեջ կան մարդիկ, որոնք չկարողանալով իրենց հողերը մշակել՝ դրանք վաճառել են ազատանցիներին, այնպես, որ նրանք չէին կարող հողի համար կռիվ մղել: «Գյուղացին ոչ թե հողի կարիք ունի, այլ գյուղապետին «պադեռժկա» անելու»,- ասաց նա: ԲԲԸ-ի անդամ Սլավիկ Գեւորգյանն էլ հերքեց բողոքավոր գյուղացիների այն պնդումները, թե իրենց ստրկացրել են՝ վարձակալած հողամասում որպես էժան աշխատուժ շահագործելով: «Եթե սա հողի խնդիր լիներ, մենք առաջին պահից գյուղապետին առաջարկել ենք գրավոր թույլտվություն տալ հողազուրկներին կամ կարիքավորներին հողը ենթավարձակալության տրամադրելու, գյուղապետը չի ուզում, ասում է՝ հողը ամբողջությամբ տվեք ինձ: Մենք վաճառում ենք տնտեսությունը, էսօր կա՞ գնորդ էդ գյուղից, խնդրեմ, թող գան գնեն, կոնկրետ ես իմ մասնաբաժինը վաճառում եմ, հոգնել եմ էդ գյուղից»,- ասաց Սլավիկ Գեւորգյանը՝ տեղեկացնելով նաեւ, որ տրակտորիստների գործը գտնվում է ոստիկանության Ախուրյանի քննչական բաժնում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել